Առայժմՙ ոչ մի
Երբ ազատական քաղաքականության կրող կառավարության ներսում հայտնվեց արմատական ձախ կողմնորոշման Կոմկուսի անդամ Լեոնիդ Հակոբյանը, հասկանալի էր, որ իշխանությունը պահի խնդիր է լուծում եւ որի թակարդի մեջ պիտի վարկաբեկվեր հեղինակավոր այդ կուսակցությունը: Եվ Կոմկուսը ինչպես հայտնվեց կառավարությունում, նույն հաջողությամբ էլ դուրս մղվեց:
Սակայն որեւէ մեկն ի վիճակի չէ բացատրելու, թե ինչ կապ ուներ Վարդան Այվազյանը բնապահպանության հետ, երբ զբաղեցրեց այդ ոլորտը համակարգող նախարարի պաշտոնը, կամ այդ ի՞նչ հանգամանքների, քաղաքական ի՞նչ հարաբերությունների հետեւանքով կարող էր գյուղատնտեսության նախարարը կուսակցություն ստեղծել եւ նախարարությանը պատկանող վարչական շենքում տեղ հատկացներ կուսակցությանը: Ստացվում էՙ պաշտոնատար չինովնիկը, որի գործը պետք է լիներ կյանքի կոչել քաղաքական իշխանության մշակած ծրագրերը, ինքն է քաղաքականանում, ավելի շուտՙ կուսակցականանում: Արդյոք նախարարին չէի՞ն բավարարում իր առջեւ դրված խնդիրները: Ըստ ամենայնիՙ ոչ:
Որեւէ մեկը նույն հաջողությամբ չի կարող պատասխանել մի շատ պարզ հարցի, թե ինչու են մի նախարարի պաշտոնից հեռացնում, եթե ամիսներ անց նրան նորից նշանակում են նույն տեղում: Օրինակՙ գիտության եւ կրթության նախարարությունում կատարված վերջին կադրային փոփոխությունը. Լեւոն Մկրտչյանի փոխարեն այդ աթոռը զբաղեցրեց Էդվարդ Ղազարյանը, որին այնուհետեւ դարձյալ փոխարինեց նույն Լեւոն Մկրտչյանը: Ի դեպ, Էդվարդ Ղազարյանի գլխավորությամբ կրթության հնգամյա ծրագիր է մշակվել, որն իրականացնելու է. Լեւոն Մկրտչյանը:
Ուշադիր լինելու դեպքում նման աբսուրդային իրավիճակներ հայրենական կառավարությունում շատ կարելի է տեսնել: Սակայն այսքանն էլ բավական է եզրակացնելու, որ երկրում տարվող կադրային քաղաքականությունը որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Սխալված կլինի ցանկացած մեկը, եթե պնդի, թե այս կառավարությունն, ասենք, մեկ իշխող ուժի, տվյալ դեպքում հանրապետականների «մենաշնորհն» է: Չի կարելի պնդել նաեւ, որ գործադիրը ձեւավորված է կոալիցիոն սկզբունքով, քանի որ չի արտահայտում քաղաքական դաշտի ուժերի իրական հարաբերակցությունը:
Դա է պատճառը, որ ընդդիմությունն իր գլխավոր թիրախներից մեկը հենց կառավարման համակարգը, ավելի կոնկրետՙ կադրային քաղաքականությունն է դարձրել: Իշխանությունը ներկայումս իր ընդդիմախոսներին կարողանում է պատասխանել. կառավարման ոլորտում կրճատումներ են կատարվում: Սակայն որքանով են դրանք նպաստում կոնկրետ կադրային քաղաքականության հստակեցմանը, ոչ մի կերպ հասկանալի չի դառնում: Այս հանգամանքը հասկանում է նաեւ հենց իշխանությունը: Հանրապետական կուսակցությունն, օրինակ, արդեն իսկ սկզբունքային հարց է համարում կառավարման համակարգի փոփոխության, բարելավման խնդիրը եւ որոշակի լուծումներ է փորձում գտնել: Սակայն դրանք իշխանության մաս կազմող Դաշնակցությանը դեռեւս չեն բավարարում: Ըստ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանիՙ «Հայաստանում իրականացված կադրային քաղաքականությունը ոչ միայն հենց մեր սկզբունքներին չի համապատասխանում, այլեւ, ես կասեի, որեւէ սկզբունքի չի համապատասխանում: Ցավոք, դրա մեջ օբյեկտիվ իրողությունները շատ մեծ են: Որովհետեւ իրավիճակները հարկադրել են գնալ այդ կարգի լուծումների եւ խորհրդարանում, եւ կադրային քաղաքականության ոլորտում: Երկու ելք կա. մեկը օրենսդրական կարգավորման ճանապարհով գնալ, ինչի փորձն արվում է վերջին շրջանում: Երկրորդը երկրի քաղաքական ղեկավարության վճռականության եւ անելիքների խնդիրն է: Վստահ եմ, որ այսօր էլ Հայաստանում կան բանիմաց, պարկեշտ, գործունյա կադրեր, եւ կառավարության տարբեր օղակներ պիտի համալրվեն հենց այդ կադրերով: Երկու գործոններն էլ պետք է ներդաշնակ համատեղել եւ ունենալ հստակ չափորոշիչներ: Մեր կարծիքով, կառավարությունը պետք է լինի քաղաքական համախոհների միասնական թիմ եւ աշխատի մեկ ուղղությամբ»:
Թեեւ դեռեւս աղոտ են քաղաքական վճռականությամբ խնդրի կարգավորմանն ուղղված քայլերը, օրենսդրական լուծումների առումով առաջին եւ առայժմ միակ քայլն արված է: Իր բոլոր թերություններով հանդերձՙ կյանքի է կոչվում ԱԺ-ի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որը հստակ տարանջատում է քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոնները: Այսուհանդերձ, օրենքը եւս կարող է ճիշտ չգործել, եթե կիրարկողները ցանկանան կադրային քաղաքականությունը դարձնել որպես կառավարման սուպերկենտրոնացված համակարգի բաղկացուցիչ: Այս տեսակետից խիստ կարեւոր է, թե ով է քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կազմումՙ ի դեմս նախագահի: Այդ պաշտոնում նախագահի կողմից նշանակված հանրապետական Մանվել Բադալյանի պարագան, այդ առումով առավել քան հետաքրքրական եւ մշուշոտ է, եթե հաշվի առնենք այս պատգամավորի ոչ այնքան հայտնի հայացքներըՙ կապված կադրային քաղաքականության հետ: Սակայն դա քննարկման այլ խնդիր է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ