2001 թ. հուլիսի 18-ին Ավինյոնի (Ֆրանսիա) փառատոնում ներկայացվել էր չին հեղինակ Գաո Սինցյուանի «Գրականության գոյապատճառը» գործը: Ինչպես եւ նախատեսված էր, 2002 թ. հունվարի 11-ից մինչեւ փետրվարի 2-ը այն ներկայացվում է Փարիզումՙ «Ֆրանսերենի միջազգային թատրոնում»:
Գրականության 2000 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաո Սինցյուան հանրահայտ խոհափիլիսոփայական երկի բեմադրությունն իրականացրել է ֆրանսահայ անվանի բեմադրիչ Սերժ Ավետիքյանըՙ փոքր-ինչ կրճատելով տեքստը: «Գրականության գոյապատճառն» արծարծում է զանազան թեմաներ: Այն պարունակում է հեղինակի խոհերը, մենախոսությունները, երկխոսությունները, արտացոլում գրողի «թույլ», բայց ճշմարտացի» ձայնը: Գրողի կերպարը մարմնավորում է Համմու Գրայան: Թեմաներից յուրաքանչյուրը ներկայացվում է առանձին տեսարանով: Ըստ այդմ փոփոխվում են իրերի տեղադրությունը, ռիթմը եւ հագուստը: Երաժիշտները թեեւ մուսաներ են, բայց նաեւ գործող անձինք են եւ խոսակիցներ (Գագիկ Մուրադյանը նվագում է քամանչա, Կլոդ Չամիչյանն ու Թիերի Լյունՙ կոնտրաբաս): Բեմադրիչը մարդկային ձայնի եւ երաժշտության յուրօրինակ ներդաշնակություն է ստեղծել:
Պ. Ք.