«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2002-01-25 | #15, 2002-01-26 | #16, 2002-01-29


ՃԵՐՄԱԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Տարեմուտից առաջ, 60-ականների ամենավառ ներկայացուցիչներից մեկըՙ Հենրի Էլիբեկյանը, իր նոր վերանորոգված արվեստանոց-պատկերասրահում հանդիսատեսի դատին ներկայացրեց մարդու հոգին ու երեւակայությունը հարստացնող արդիաշունչ նախագիծ մանիֆեստՙ «Սիրեցեք մարդուն», «Բանաձեւեր մանժետների վրա» ինտրիգող ծրագրով: Նախագիծը ներառում էր չորս օբյեկտ-ինստալացիաներ («Արդուկ», «Փաղաքշել մարդուն», «Բանաձեւեր մանժետների վրա. Այնշտայնի շապիկները», «Սիրեցեք մարդուն»): Երրորդ հազարամյակի շեմին, երբ մարդկությունը ապրում է խոշոր կատակլիզմներ, «երազում եւ արթմնի» տեսնում սեպտեմբերի 11-ի ապոկալիպսյան տեսիլներ, հայ արվեստագետն առաքելական խորհրդով մարդկանց սիրելու, ներելու համամարդկային ձայներ է հնչեցնում, առօրյա քաոսում մոլորված մարդկային ես-ը լցնում դաշնությամբ տոգորված գեղարվեստա-գաղափարական հղումներով: Արվեստանոցում հավաքված հոծ բազմության ակնապիշ հայացքները նախ եւ առաջ ուղղված էին հեղինակին, որի բանավոր խոսքը առավել մատչելի էր դարձնում մարդկային եւ առարկայական ձեւ-նշանների տարիմաստ շերտերը: Ծրագրի բոլոր հատվածներում հեղինակային ներկայությունը մի առանձնահատուկ մոգական ուժով դիտողին էր փոխանցում առավել քան հասկանալի միտք-զգացումներՙ արդի աշխարհի բիրտ ու դաժան էությանը հակադրելով աստվածային սիրո վրա հիմնված գութ, բարություն եւ ներողամտություն: Խորհրդանշական մաքուր ճերմակն իշխում էր ողջ արվեստանոցում: Հեղինակը, պերսոնաժները (դարակների մեջ վախից կծկված երեխաներ, մոնիտորի էկրանին դեմքն ու գլուխն արդուկող արվեստագետը), առարկայական մանրամասները մաքուր սպիտակի մեջ իրականության եւ երազի սահմաններն էին ամբողջացնում. ճերմակի մթնոլորտն անհասկանալի կերպով մերձեցրել էր մարդկանց եւ այդ սիրո դաշտում գույնը, ձեւը, հոգեւոր երգը միախառնվելով ստեղծում էին անանձնական թեթեւություն, ոգեկանություն:

Ակցիա-գործողության վերջին ակորդին («Սիրեցեք մարդուն») Հ. Էլիբեկյանը ներկա գտնվողներին խնդրելով պահանջից ողջագուրվել միմյանց հետՙ ի նշան հոգիների խաղաղության ու հաշտության, հոգեւոր մերձեցման եւ ընդհանրականության: Ծանոթ-անծանոթների միմյանց ողջունելու արարողությունը մեզ ինչ-որ տեղ հիշեցնում էր հայոց պատարագի ավարտին մարդկանց ողջագուրվելու ավանդական ծիսակատարությունը, որն այս դեպքում իրագործվում էր արվեստային դաշտում, հեղինակի կամոք:

Հանդիսատեսի համար մի վերջին անակնկալ էր Հ. Էլիբեկյանի առաջարկն իր ճերմակ խալաթի վրա որեւէ գրային տեքստ թողնելը, եւ իսկույն տարբեր գույնի ֆլոմաստերների շարժումները դարձան բանաձեւեր, նշաններ, նոտագրություններ, սրտի միջով անցնող սլաքներ, սիրո խոստովանություններ: Բոլորի աչքի առջեւ, րոպեների ընթացքում ծնվեց մի նոր ստեղծագործություն, որի հեղինակն արդեն հանդիսատեսն էր, նրա ինտելեկտուալ վավերացումները (այդ ընթացքում հատկապես ակտիվ էին գրող Աղասի Այվազյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, երաժշտագետ Սվետլանա Սարգսյանը): Արվեստանոցային միջավայրը դարձել էր կենդանի ստեղծագործության դաշտ, որն էլ կարծում ենք նպատակադրվել էր հեղինակը: Սովորական դիտողին մասնակից դարձնել արվեստաստեղծ գործողությանը, նրան կտրել առտնին տաղտուկից եւ փոխադրել հոգեւոր դաշտ- ահա ակցիայի բուն նպատակը, որն արվում է ժամանակի եւ տարածության կոնկրետ կտրվածքում, նախապես նշված գաղափար-ծրագրով:

Հ. Էլիբեկյանի արվեստի մասշտաբայնությունը (գեղաքար, քանդակ, գրաֆիկա, ռեժիսուրա, բեմանկարչություն, ավանգարդյան օբյեկտներ) եզակի երեւույթ է մեզանում եւ արդեն չորս տասնամյակից ավել լարվածության մեջ է պահում հայ արվեստասերին: Միշտ ավանգարդյան ուղղվածություն ունեցող նրա արվեստը համաքայլ է ընդունում ժամանակի հետ եւ նրա տարբեր տարիներին իրագործված պերֆորմանսները (հեղինակի մասնակցությամբ մտահղացված գեղարվեստական գործողություն) այդ ուղղության ծիծեռնակներն են եղել մեզանում եւ սնել եկող սերունդներին («Յակուլով», «Նախիջեւան, Արցախ, Հայաստան», «Անհավատությունից դեպի հավատք», «Բաքոս»): Նոր սերնդի ավանգարդյան արվեստի առաջատարներից Նարեկ Ավետիսյանը (Մինասի որդին) Հ. Էլիբեկյանին հրավիրել է Գյումրիում կազմակերպվող միջազգային հերթական բիենալեին, ուր նա Մինասին նվիրված ակցիա-գործողություն է իրագործելու: Ավագ եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համագործակցությունը մի նոր աստիճանի կարող է բարձրացնել արդի հայ արվեստի անվանգարդյան թեւը եւ տեսանելի դարձնել նրանց միջազգային ասպարեզում:

Արվեստագետի նորաստեղծ արվեստանոց-պատկերասրահը այս տարի պլանավորել է անցկացնել «Զրույցներ թատրոնի մասին» միջոցառումը, ինչպես նաեւ կազմակերպել նոր ցուցահանդեսներ եւ համերգներ:

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4