«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2002-01-25 | #15, 2002-01-26 | #16, 2002-01-29


ԾԱՆՈԹ-ԱՆԾԱՆՈԹ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ

ՀՀ հավաքականը չի հանդիպել միայն հույների հետ

«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր ֆուտբոլի Եվրոպայի 2004 թ. ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքների մասին: Այսօր ներկայացնում ենք ընտրական 6-րդ խմբում ընդգրկված ՀՀ հավաքականի մրցակիցներին, նրանց հետ նախկինում անցկացրած հանդիպումների արդյունքները:

Կարծում եմ թե Հայաստանում, թե Ուկրաինայում առանց խանդավառության ընդունեցին այն լուրը, որ երկու երկրների հավաքականները կրկին ընդգրկվել են ընտրական միեւնույն խմբում: Այդ փաստից հատկապես դժգոհ պետք է լինեն ուկրաինացիները, որոնք երկու անգամ ՀՀ հավաքականի հետ հանդիպումներում թանկարժեք միավորներ կորցնելովՙ զրկվել են եզրափակիչի ուղեգրից: Երկու երկրների ազգային հավաքականների ճանապարհներն առաջին անգամ հատվել են 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական 9-րդ խմբում ՀՀ հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ գրավեց 4-րդ տեղըՙ ցույց տալով լավագույն արդյունքն ընտրական մրցաշարերում: Ուկրաինացիների հետ առաջին հանդիպումը կայացավ 1997 թ. մայիսի 7-ին Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում: Խաղասկիզբը խոստումնալից էր ուկրաինացիների համար: Արդեն 6-րդ րոպեին Անդրեյ Շեւչենկոն գրավեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Սակայն հետագայում մեր ֆուտբոլիստները հավասարեցրին ոչ միայն խաղը, այլեւՙ հաշիվը: 74-րդ րոպեին նրանց ձեռնարկած գրոհը պսակվեց հաջողությամբ: Ասադուրյանը աջ եզրով առաջ շարժվելով, գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ Ավալյանը գլխով այն հասցեագրեց ձախ թեւում հսկողությունից դուրս մնացած Արթուր Պետրոսյանին, որն էլ ընթացքից գրավեց դարպասը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի, իսկ այդ 2 միավորի կորուստը շատ թանկ նստեց ուկրաինացիներին: Ճիշտ է, ավարտական խաղում, Երեւանում հայ ֆուտբոլիստները հյուրերի նկատմամբ բարեհամբույր գտնվեցինՙ զիջելով 0-2 հաշվով (գոլերըՙ Շեւչենկո, Մաքսիմով), սակայն ուկրաինացիները խմբում գրավեցին 2-րդ տեղըՙ 2 միավորով հետ մնալով եզրափակիչի ուղեգրին արժանացած Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականից: Անցումային խաղում ուկրաինացիներին չհաջողվեց լուծել եզրափակիչ դուրս գալու խնդիրը:

Ընտրական հաջորդ մրցաշարումՙ 2000 թ. Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար պայքարում, ուկրաինացիներն այս անգամ «սայթաքեցին» Երեւանում: 7-րդ տուրում, հունիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում դարպասները մնացին անառիկ (Կիեւում ուկրաինացիները հաղթել էին 2-0 հաշվով. գոլերըՙ Սկաչենկո, Գուսին): Երկու միավորի կորուստը կրկին ճակատագրական եղավ ուկրաինացիների համար, որոնք ուղեգիրը զիջեցին ֆրանսիացիներինՙ նրանցից հետ մնալով ընդամենը 1 միավորով: Անցումային խաղում ուղեգիր նվաճելու փորձը կրկին անհաջողությամբ ավարտվեց:

Վիճակահանության քմահաճույքով 2002 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում էլ Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հակամարտությունը շարունակվեց: Ճիշտ է, այս անգամ 2 խաղերում էլ հաջողությունն ուղեկցեց ուկրաինացիներին (Երեւանումՙ 3-2, Լվովումՙ 3-0), սակայն նրանք բավարարվեցին միայն 2-րդ տեղովՙ անցումային խաղերում չկարողանալով հաղթահարել գերմանացիների դիմադրությունը: Այսպիսով, Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականների միջեւ կայացել է 6 հանդիպում (բոլորն ընտրական մրցաշարերում), որից 2-ն ավարտվել է ոչ-ոքի, 4-ում հաղթել են ուկրաինացիները: Մեր ֆուտբոլիստները խփել են 3 գնդակ, սեփական դարպասը բաց թողնելով 11-ը: Հետաքրքիր է, որ բոլոր 3 գոլերի հեղինակն էլ Արթուր Պետրոսյանն է: Ուկրաինացիներից առավել աչքի է ընկել Անդրեյ Շեւչենկոնՙ 5 անգամ գրավելով ՀՀ հավաքականի դարպասը:

Իսպանացիների հետ առայժմ միակ ծանոթությունը կայացել է 1996 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որտեղ Իսպանիայի ընտրանին վստահորեն գրավեց առաջին տեղը (+8=2-0, 25-4): Խմբի առաջատարի հետ մեր ֆուտբոլիստների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1995 թ. ապրիլի 26-ին «Հրազդանում» եւ ավարտվել հյուրերի հաղթանակովՙ 2-0 (գոլերըՙ Նադալ, Գոյկոեչեա): Հունիսի 7-ին Սեւիլիայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիներին մեծ դժվարությամբ հաջողվեց կոտրել հայ ֆուտբոլիստների դիմադրությունը: 64-րդ րոպեին Հիեռոյի 11 մ հարվածով խփած գոլը հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին:

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ էլ առայժմ մեր ֆուտբոլիստների ճակատագրերը մեկ անգամ են բախվել: 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կայացած երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: 1996 թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստի «Վինզոր փարկում» կայացած խաղում առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները: 8-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը գոլով նշանավորեց Էրիկ Ասադուրյանը: 30-րդ րոպեին Լենոնը վերականգնեց հավասարակշռությունը: 1997 թ. ապրիլի 30-ին «Հրազդանում» գոլ չգրանցվեց: Ընտրական մրցաշարում Հս. Իռլանդիան գրավեց 5-րդ տեղը (+1=4-5, 6-10)ՙ մեկ միավորով զիջելով մեր ընտրանուն:

Ընտրական 6-րդ խմբում մեր վերջինՙ 4-րդ մրցակիցը Հունաստանի հավաքականն է, որի հետ առայժմ չեն հանդիպել: Հիշեցնենք, թե ինչպե՞ս հանդես եկան մեր մրցակիցները 2002 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Իսպանացիներն այս անգամ էլ վստահ խաղացինՙ ընտրական 7-րդ խմբում գրավելով առաջին տեղը եւ նվաճելով եզրափակիչի ուղեգիրը: Իսպանացիները սեփական դաշտում հաղթեցին բոլոր մրցակիցներին (Ավստրիաՙ 4-0, Իսրայելՙ 2-0, Բոսնիաՙ 4-1, Լիխտենշտեյնՙ 5-0), հյուրընկալվելիս վաստակեցին 8 միավոր (Ավստրիաՙ 1-1, Իսրայելՙ 1-1, Բոսնիաՙ 2-1, Լիխտենշտեյնՙ 2-0):

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը 3-րդ խմբում 6 թիմերի մրցավեճում գրավեց 5-րդ տեղը (+3=2-5, 11-12): Անվստահ հանդես եկան նաեւ հույն ֆուտբոլիստները, որոնք ընտրական 9-րդ խմբում 5 թիմերի մեջ գրավեցին 4-րդ տեղը (+2=1-5, 7-17): Ավելորդ չէ նշել, որ հույների մրցակիցների թվում էին ֆուտբոլային «հսկաներից» Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները: Ի դեպ, վերջին տուրում հույները մրցակցի դաշտում պատվաբեր ոչ-ոքի (2-2) խաղացին անգլիացիների հետ, ընդ որում, խաղը շահում էին 2-0 հաշվով: Այնպես որ, հույն ֆուտբոլիստներն էլ մեծ ներուժ ունեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4