«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2002-01-26 | #16, 2002-01-29 | #17, 2002-01-30


ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ԱԼԻԵՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Որ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով, ակնհայտ է: Ակնհայտ են նաեւ Անդրկովկասում ռուսական ազդեցության վերականգնման հավանականությունից բխող թուրքական մտավախությունները: Ահա թե ինչու Թուրքիան ուշի-ուշով հետեւում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանըՙ առավել եւս երկու երկրների համագործակցության ամրապնդմանը ռազմական եւ ռազմավարական բնագավառներում:

Ալիեւի Մոսկվա կատարած վերջին այցը ցույց է տալիս, որ եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական եւ ռազմավարական բնագավառներում համագործակցում է, ապա Ադրբեջանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում, որը միանգամայն արժանանում է ռուսական կողմի դրական արձագանքին: Դա, ինչ խոսք, նախադրյալներ է ստեղծում ոչ միայն Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքական ազդեցության աճի համար, այլեւ նրա առջեւ բացում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու հեռանկարներ:

Սրանք բոլորովին չեն նպաստում Թուրքիայի անդրկովկասյան քաղաքականությանը: Ընդհակառակը, ռուսական ազդեցության աճի եւ ռազմական ներկայության պայմաններում թուրքերը կանգնում են ադրբեջանցիների նկատմամբ «մեծ եղբոր» հավակնություններից հրաժարվելու փաստի առջեւ: Խիստ սահմանափակվում են Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու, այնտեղից էլ Միջին Ասիա ներթափանցելու Թուրքիայի հնարավորությունները, եւ նա հայտնվում է Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը հակակշռելու ամերիկյան առաջադրանքը ձախողողի դերում:

Այս ամենը հիմք էր տալիս ենթադրելու, որ թուրքական ԶԼՄ-ները, պետհեռուստատեսության գլխավորությամբ, իրենց ուշադրության կենտրոնում կպահեն Ալիեւի Մոսկվա կատարած այցը, մանրամասն կլուսաբանեն եւ վերլուծականներով կփորձեն ցույց տալ դրա հնարավոր հետեւանքների ազդեցությունը Թուրքիա-Ադրբեջան փոխհարաբերությունների վրա:

Սակայն թուրքական պետհեռուստատեսության լռությունը գերազանցեց բոլոր ենթադրությունները, ԶԼՄ-ները հետեւեցին դրա օրինակին: Հունվարի 26-ին Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո միայն պետհեռուստատեսությունը մասնակիորեն խախտեց լռությունը եւ վկայակոչելով Ադրբեջանի նախագահին, տեղեկացրեց, որ նրա այցը չափազանց հաջող է անցել, հանդիպմանը ՌԴ նախագահի հետ քննարկվել են Կասպիցի կարգավիճակի հարցեր, կողմերի միջեւ ձեռք է բերվել որոշակի պայմանավորվածությունՙ ավելացնելով. «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակեց իբրեւ ռազմավարական գործընկերություն»:

Վերոհիշյալ լռության պատճառը հազիվ թե ինֆորմացիայի պակասը լինի: Ըստ երեւույթին Ալիեւի Մոսկվա կատարած այցը թուրքերին չի ոգեւորում: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը, ապա դա Ադրբեջանին անվերապահորեն սատարելու ֆոնին կասկածի տակ է դնում Թուրքիայի ադրբեջանական քաղաքականության արդյունավետությունը: Այլ կերպՙ Ռուսաստան-Ադրբեջան մերձեցմանը թուրքերը խանդով են վերաբերվում: Հատկանշական է, որ այդ վերաբերմունքը նրանց ստիպում է խանդի տեսարաններ սարքել: Այսպիսով, ռուս-ադրբեջանական մերձեցմանը որպես կանոն հաջորդում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի միտումները: Մնում է սպասել, թե դրանք երբ են ի հայտ գալու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4