Հարցազրույց ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր Գառնիկ Հովակիմյանի հետ
- Վերջերս Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության բազմաթիվ նոր կառույցներ ստեղծվեցին: Ինչո՞վ է դա բացատրվում:
- Իսկապես, 2001 թ. ՀՌԱԿ-ի համար արգասաբեր է եղելՙ սկսած ՌԱԿ 80 եւ ՀՌԱԿ 10-ամյակների առիթով կազմակերպված հոբելյանական միջոցառումներից մինչեւ ակումբների հիմնում հանրապետության ամբողջ տարածքում: Եթե 2000 թ. վերջին ՀՌԱԿ-ը հանրապետությունում ուներ 27 ակումբ, այսօր դրանց թիվը 58-ի է հասել: Կուսակցությունն արդեն ներկայություն ունի հանրապետության բազմաթիվ քաղաքներում եւ գյուղական համայնքներում, սակայն մենք մասսայական ընդունելություն չենք կազմակերպում: Կարեւորն անձն է իր գաղափարախոսությամբ եւ հասարակության մեջ ունեցած դիրքով: Մեզ հիմնականում հարում են մտավորականներ եւ գործարար մարդիկ:
Կուսակցության կառույցների ավելացումը բացատրվում է հետեւյալ հանգամանքներով. նախ, երկրում չկա այն անհանդուրժողականության մթնոլորտը, որը նախկինում ավանդական կուսակցությունների հանդեպ սերմանվում էր Տեր-Պետրոսյանի վարչակարգի կողմից, բացի դրանից, ՀՌԱԿ-ը ժողովրդին ոսկե սարեր չի խոստանում, այլ այն, ինչն ազատական գաղափարախոսության հիմքում է ընկածՙ տարբեր սեփականության ձեւերի մրցակցության շնորհիվ երկրի եւ յուրաքանչյուրիս տնտեսության բարգավաճում:
- Որո՞նք են առաջիկա ամսվա անելիքները:
- Փետրվարին նախատեսվում է ակտիվացնել գործունեությունը մայրաքաղաքում: Բացվելու է վեց ակումբ Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք համայնքներում, եւս չորս գրասենյակ կբացվի Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Աջափնյակ եւ Նոր Նորք համայնքներում: Այնուհետեւ կրկին կսկսվեն այցելություններ մարզերՙ հանդիպումներ ժողովրդի, կուսակցական ընկերների հետ:
- ՀՌԱԿ-ը կմասնակցի՞ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
- Այո, անշուշտ: 2002 թ. ՀՌԱԿ-ի համար ընտրական տարի է, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետագայում պայմանավորելու են նաեւ Ազգային ժողովի եւ նախագահական ընտրությունները: Ցավոք, մեր երկրում շահադիտական տարբեր նկատառումներով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «գեղական» կարգով կամ «ախպերավարի» անցկացնելն ավանդույթ է դարձել: Գալիք ընտրություններին մենք պետք է առաջադրենք արժանի թեկնածուի, պարտադիր նախապայման չէ նրա ռամկավար լինելը: Հնարավոր է, որ մենք, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելով, պաշտպանենք այն թեկնածուին, որը հարգանք եւ հեղինակություն է վայելում իր համայնքում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմնականում աշնանն են տեղի ունենալու, սակայն հանրապետության որոշ բնակավայրերում դրանք տեղի են ունենալու սեպտեմբերից շուտ: ՀՌԱԿ-ը կօգտագործի իր քաղաքական եւ կազմակերպչական հնարավորություններըՙ տեղական ինքնակառավարման մարմիններն արժանի մարդկանցով համալրելու համար: Մենք հստակ գիտակցում ենք, որ մեր համերկրացիների կենսական բազմաթիվ խնդիրներ ուղղակի կախված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից եւ, անշուշտ, այդ ընթացքում համագործակցելու ենք քաղաքական այլ ուժերի հետ:
- ՀՌԱԿ-ի եւ այլ քաղաքական ուժի դաշինք հնարավո՞ր եք համարում:
- Դեռեւս վաղ է դաշինքի մասին խոսելը: Մենք այսօր քաղաքական տարբեր ուժերի հետ ակտիվ հանդիպումներ ենք ունենում, եւ առայժմ այդ հանդիպումներն ընթանում են տեղական ինքնակառավարման դաշտի առողջացման ուղղությամբ: Եթե տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական ուժերը նորից պասիվ դեր գրավեն, մյուս ընտրությունները կրկին կընթանան ոչ ցանկալի հունով:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ