«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2002-01-26 | #16, 2002-01-29 | #17, 2002-01-30


ՄԻ ՆՈՐ ՀԱՐՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ

Անթիլիասում Կիլիկիայի կաթողիկոսարանից մեզ հասած վերջին տեղեկությունները չափազանց անհանգստացնող են եւ կարող են ծառայել որպես հավելյալ մի մեխՙ գամված հայկական միասնության դագաղին: Արդարեւ, Արամ Ա կաթողիկոսի ստորագրած շրջաբերականը, որով մի նոր անթիլիասական թեմ է ստեղծվում Կանադայում, գալիս է էլ ավելի խորացնելու հայկական եկեղեցու բաժանման գործընթացըՙ ծիծաղելի դարձնելով անթիլիասական իշխանությունների սրտաճմլիկ քարոզները եղբայրության եւ միասնականության մասին:

1984 թ.-ին, երբ Էջմիածնի իրավասության տակ նոր թեմ ստեղծվեց Կանադայում, երկփեղկման գործակալները անհողդողդ մնացին իրենց դիրքերում եւ մերժեցին միանալ թեմին: Նրանք աստիճանաբար, բայց հետեւողականորեն ճանապարհ հարթեցին հիմնելու նոր ծխեր հետզհետե աճող կանադահայ համայնքներում: Վերջին մարտը մղվեց Վանկուվեր քաղաքի փոքրիկ համայնքում, որտեղ հավատացյալներին պարտադրվեց երկու եկեղեցի, էջմիածնականի կողքին նաեւ անթիլիասականը: Հաջորդ քայլն առաջնորդարանի հիմնումն էր Արեւելյան թեմի հովանավորության տակ: Այժմ արդեն անջատՙ Անթիլիասի իրավասության ներքո ստեղծված եւ Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությամբ գործող օրինական թեմին հակադրվող թեմի գոյառումը որպես կատարված փաստ հրամցվում է մեզ:

Այս գործընթացը երկար ժամանակ շարունակվում էՙ առնվազն անթիլիասական երկու կաթողիկոսների գահակալության օրոք: Բազմաթիվ դերասաններ եկել ու անց են կացել այդ «բեմի» վրայով, սակայն բաժանման դավադիր մտահղացումը մնացել է Անթիլիասի անփոփոխ քաղաքականությունը:

Բոլոր նրանք, ովքեր առիթ ունեցել են լսելու կամ կարդալու Արամ Ա-ի ամպագոռգոռ ճառերն ու քարոզները, շատ լավ պետք է հիշեն նրա նախասիրած թեման, որ «Հայկական եկեղեցին մեկն է եւ միասնական»: Պարզապես անհեթեթ են հնչում այդ խոսքերը, երբ իրականում նա շարունակում է իր նախորդների քաղաքականությունըՙ քանդելու այդ միասնականության հիմքերըՙ ստեղծելով նոր հակադիր թեմեր, վարկաբեկելով Էջմիածնի Մայր աթոռը եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եւ այլ միջազգային ֆորումների առաջ ու փորձելով օգտագործել ամեն առիթՙ մթագնելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործողություններն ու առաքելությունները:

Խորհրդային կայսրության փլուզումից ի վեր Անթիլիասի տերերը մեկընդմիշտ սպառել են կոմունիստական անաստվածյան իշխանության դեմ պայքարելու ամեն ըմբռնելի եւ անըմբռնելի պատճառաբանություն: Հայաստանի անկախությունից ի վեր նրանք իրենց իսկական գույնն են ցույց տվելՙ կառչած մնալով եկեղեցու անջատողական թեւին ե՚ւ որպես քաղաքական խաղաքարի, ե՚ւ որպես եկամտի վստահելի աղբյուրի:

Կանադայում նոր թեմ բացելու վերաբերյալ Էջմիածնի հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ Մայր աթոռը «պաշտոնապես տեղեկացված չի եղել» այդ անօրինական քայլի մասին, հստակ երեւում են Անթիլիասի ամբարտավանության սահմանները: Այդ քայլն ի չիք է դարձնում մոտ ապագայում եկեղեցու միասնականության հասնելու ամեն մի հույս: Արամ Ա-ի գահակալությունից ի վեր եկեղեցու միասնականության ուղին հակառակ ընթացքն է բռնել, եւ ոչ մի լույս չի երեւում թունելի վերջում: Մեր եկեղեցու երկփեղկման դժբախտ երեւույթներից մեկը տեղական ինքնիշխանության նոր որոշումների ընդունումն էր, որոնցով եկեղեցին պետք է առաջնորդվեր 21-րդ դարում եւ դրանից այն կողմ: Այնքան ժամանակ, որքան Անթիլիասը հակասությունների մեջ մնա Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հետ, տեղական ինքնիշխանության ոչ մի որոշում չի կարող ընդունելի եւ կիրառելի լինել բոլոր համայնքներում եւ եկեղեցական հիերարխիայի բոլոր աստիճաններում: Իսկ նման անկատարելությունը ճանապարհ է հարթում եսամոլ կղերականների առաջՙ չենթարկվելու եկեղեցու գերագույն իշխանությանը, ինչպես պատահեց վերջերս Մոսկվայում:

Բարեբախտաբար, երիտասարդ, խելացի, սկզբունքային եւ եռանդուն մի քահանայապետ է ընտրված Սբ. Գրիգոր Լուսավորչի գահինՙ վճռականորեն պահպանելու Էջմիածնի Մայր աթոռի գերիշխանությունն ու վարկը:

Անթիլիասն ու նրան հովանավորող կուսակցությունը կարծես վճռել են հայկական եկեղեցին ընդմիշտ բաժանված պահել: Անշուշտ էջմիածնական կողմը նույնպես ունի մեղքի իր բաժինը: Նախ երկպառակտչական պայքարներն ու անձնական շահերի բախումները կանխել չկարողանալու եւ մանավանդ մեր եկեղեցուն պարտադրված այս պայքարում առաջնորդի դերի բացակայության համար:

Ավելին, այստեղՙ Ամերիկայում, մեզ հավատացրել էին, որ միասնականությունն ուր որ է կայանալու է: Մինչդեռ իրականում այլախոհականներն իրենց դիրքերն էին ամրապնդում եւ նոր զոհեր փնտրում: Ավելի քան քառորդ դար միասնությանը միտված հանձնախմբեր շարունակում էին վանկարկել բանակցությունների ընթացքի մասինՙ թերահավատներին քննադատելով*: Լավ մտադրություններով զինված մի խումբ պարզամիտ անձնավորություններ բանակցում էին թեմի ներկայացուցիչների հետ հավատալով, որ եկեղեցին կարող է այս ափերում միավորվել անկախ դրսում հետզհետե աճող ճեղքվածքից: Էջմիածնական թեմի ներկայացուցիչները թմբիրից չզարթնեցին մինչեւ հակառակող կողմի բանակցողներն իրենք չհուշեցին, որ կուսակցությունից հանձնարարված են երբեք հաշտություն չկնքել: Էջմիածնականներն իրենց հետեւորդներին լավ չէին ծանոթացրել եկեղեցու պառակտման պատճառներին, մինչդեռ այլախոհականների յուրաքանչյուր անդամ գոտեպնդված էր շարունակելու կուսակցության կործանարար քաղաքականությունը: Ավելինՙ խաբուսիկ բանակցությունների թերությունների եւ անարդյունավետության մասին ահազանգող լրագրողներին խնդրում էին չմիջամտել գործին եւ անհանդուրժողականություն չցուցաբերելՙ դրանով իսկ ջուր լցնելով լավ կազմակերպված եւ նպատակաուղղված մի խումբ մարդկանց ջրաղացին, որոնք վճռել են իրենց ձեռքերում կենտրոնացնել ամբողջ հայկական եկեղեցին եւ օգտագործել հօգուտ իրենց քաղաքական նպատակների:

Այս ծանր ցնցումն արդյոք զարթնեցնելո՞ւ է մեր «գիտակներին»ՙ կասկածում ենք:

Կանադայում նոր թեմի հռչակումը մի նոր, ծանր ու կործանարար հարված է մեր եկեղեցու միասնականությանը: Էջմիածնի Մայր աթոռին եւ նրա հետեւորդներին երկար ու տհաճ պայքար է սպասումՙ վերականգնելու եւ պահպանելու հայկական եկեղեցու միասնականությունը:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, «Արմինյն Միրոր Սփեքթեյթր»

Խոսքը վերաբերում է 70-ական թթ. սկզբին Ամերիկայի Արեւելյան շրջանում ստեղծված խառը հանձնաժողովին, որի խնդիրն էր թեմի վերամիասնությունն ապահովել: 2000 թ., շուրջ 28 տարի իզուր աշխատելուց հետո, «Միասնության» այդ հանձնաժողովը լուծարվեց: Խմբ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4