«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2002-01-26 | #16, 2002-01-29 | #17, 2002-01-30


25-ՐԴ ԿԱԴՐԻ ՄԱՍԻՆ

Վերջերս ուրախությամբ նկատում եմ, որ «Ազգի» հետաքրքիր կինոէջը սկսել է փոքր ինչ հայկականանալ: Հավատացած եմ, որ այդ միտումն անպայման կուժեղանա, բայց ուզում եմ մի լրացում անել «Մեր կինոկյանքը 2001-ին» հրապարակման առնչությամբ (26.01.2002 թ.), որտեղ նախորդ տարվա քիչ թե շատ գնահատելի կինոիրադարձությունները մատուցված են 24 ավանդական կադրերի տեսքով:

Պահպանելով նյութի «Կանոնակարգը», հիշեցնում եմ 25-րդՙ «գաղտնի» կադրի մասին. «Կինոշոկ» միջազգային փառատոնում (2001, սեպտ.) լավագույն դերակատարության մրցանակը շնորհվեց Վլադիմիր Մսրյանին, իսկ Տիգրան Խզմալյանի «Օդից էլ թեթեւ» ֆիլմն արժանացավ ԱՊՀ երկրների մշակութային կոմիտեի մրցանակին: Նույն փառատոնում տեսաֆիլմերի ժյուրիի նախագահ է ընտրվել հայաստանցի կինոգետը, սակայն գլխավոր արդյունքը, ինչ խոսք, մեր արվեստագետների շահած պարգեւներն ենՙ կինոֆիլմերի մրցասպարեզում, փաստ, որը շատ ավելի է արժանի հիշատակության, քան կորեական ֆիլմերի անհետաքրքիր փառատոնը: Ի դեպ, լավ կլիներ նաեւ չմոռանալ, որ «Հայկական կինո, 1923-1999» գիրքն ԱՊՀ երկրներում տպագրված միակ աշխատությունն էր, որն արժանացավ Ռուսաստանի կինոգետների գիլդիայի ամենամյա մրցանակին (2001, մայիս):

Գուցե այս լրացումներն ավելորդ բծախնդրության նշա՞ն են: Բայց մի ամբողջ տարվա ամփոփագիրը պահանջում է առավել լրիվությամբ արձանագրել այդ շրջանի հիմնական ձեռքբերումները:

Մշտական ընթերցողի համակրանքովՙ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4