«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2002-01-26 | #16, 2002-01-29 | #17, 2002-01-30


ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Սեմի Մակիլրոյին նույնիսկ Հայաստանի տեղը հայտնի չէ

Ֆուտբոլի Եվրոպայի 2004 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունից հետո տարբեր երկրների հավաքականների մարզիչներն ու ֆուտբոլիստներն իրենց կարծիքն են արտահայտում ընտրական խմբերում ընդգրկված մրցակիցների մասին, գնահատում են եզրափակիչ մտնելու հնարավորությունները: Նման մի հարցում էլ կազմակերպել էր «Դեյլի սպորտ Արարատ» ինտերնետային-լրատվական գործակալությունն ընտրական 6-րդ խմբի վերաբերյալ: Նախ ներկայացնենք հայկական կողմի տեսակետները:

Խորեն Հովհաննիսյան- ՀՀ հավաքականին բավական ուժեղ խումբ է բաժին ընկել: Մրցակիցները հիմնականում ծանոթ են, այնպես որ պետք է պայքարել հաջորդ փուլ դուրս գալու համար:

Արմեն Խանդանյան (հավաքականի տեխնիկական տնօրեն)

- Կարծում եմ, ընտրական խումբը մեզ հարմար է: Չորրորդ անգամ ենք հանդիպելու ուկրաինացիների հետ, մեզ ծանոթ են նաեւ իսպանացիներն ու հյուսիսիռլանդացիները: Առաջին անգամ խաղալու ենք հույների հետ: Իմ կարծիքով, կարելի է պայքարել խմբում 3-րդ տեղը գրավելու համար: Վիճակահանության արդյունքներից ելնելով, ճիշտ կլինի հավաքականի մարզիչ ընտրել տեղի մասնագետներից: Նոր մարզիչը կորոշվի մոտ օրերս:

Սարգիս Հովսեփյան

- Մեզ դժվարին խումբ է բաժին ընկել, սակայն դա «մահվան խումբ» չէ, ուստի կարելի է հաջող հանդես գալ: Հաղթողի հիմնական հավակնորդ եմ համարում իսպանացիներին, մյուսները հավասարապես կարող են պայքարել 2-րդ տեղի համար: Իսպանական ֆուտբոլի հետ մենք ծանոթ ենք, Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ նույնպես: Ուկրաինացիների հետ մենք հին հաշիվներ ունենք, իսկ Հունաստանի հավաքականը ոչ Գերմանիա է, ոչ էլՙ Ֆրանսիա: Այնպես որ, մենք ապացուցելու բան ունենք:

Անդրեյ Մովսիսյան

- Յուրաքանչյուր մրցակից էլ արժանի է հարգանքի: Միշտ պետք է պայքարենք հաղթանակի համար, քանի որ ամեն ինչ մեզանից է կախված: Ես կզարմանայի (ծիծաղում է), եթե մեր խմբում չընդգրկվեր Ուկրաինայի ընտրանին: Եթե ուկրաինացիների մարզիչ Լեոնիդ Բուրյակը գտնում է, որ իսպանացիները, հույներն ու ուկրաինացիները հավակնում են առաջին տեղին, ապա կարծում եմ, որ այն հավաքականները, որոնց նա չի թվարկել, պատրաստ են անակնկալ մատուցել:

Սարգիս Հովհաննիսյան

- Հաղթողի հավակնորդը Իսպանիայի հավաքականն է: Ուկրաինացիների համար մենք դժվարին մրցակից ենք: Հույներին ծանոթ չենք, սակայն կարծում եմ, որ ունակ ենք արժանապատիվ խաղ ցուցադրել նրանց հետ: Առաջին երկու տեղերի համար ծանր պայքար է սպասվում, կաշխատենք գրավել 3-րդ տեղը: Դա վատ արդյունք չի լինի:

Արթուր Պետրոսյան

- Մենք շատ ուժեղ խումբ ենք ընկել: Չէի ցանկանա կրկին հանդիպել ուկրաինացիների հետ, սակայն ինչ արածՙ վիճակահանությունը կույր է: Կփորձենք ապացուցել, որ կարող ենք արժանապատվորեն ներկայացնել հայկական ֆուտբոլը մրցակիցների հետ խաղերում եւ կաշխատենք հասնել առավելագույն արդյունքի: Կարծում եմ, գլխավոր մարզիչը պետք է տեղացի մասնագետ լինի: Ամենահավանական թեկնածու եմ համարում Անդրանիկ Ադամյանին, որը փորձառու մասնագետ է եւ գերազանց գիտի հավաքականի խաղացողների հնարավորությունները:

Իսկ ինչպիսի՞ն են մեր մրցակիցների կարծիքները:

Գրիգորի Սուրկիս (Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ)

- Երեւի թե հաջորդ ընտրական մրցաշարում առանց վիճակահանության Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականներին ընդգրկեն միեւնույն խմբում: Արդեն 4-րդ անգամն ենք միմյանց հետ խաղալու: Իհարկե, հայ ֆուտբոլիստները չեն մեր գլխավոր մրցակիցները: Իսպանացիները Եվրոպայում ուժեղագույններից են: Բայց ակումբային մակարդակով վերջին ժամանակներս մենք հաջող ենք խաղում իսպանացիների հետ: Հունաստանի հավաքականն էլ, ամենայն հավանականությամբ, հաղթողի հավակնորդ է: Բոլորն են հիշում հույների խաղն Անգլիայի հավաքականի հետ: Թեեւ Հյուսիսային Իռլանդիան իր վարկանիշով միջակ թիմ է, բայց նրան էլ չպետք է հաշվից հանել: Մեր խումբը հավասարազոր է, եւ այժմ ոչ մեկին նախապատվություն չեմ տալիս: Հարկավոր է հայերի եւ հյուսիսիռլանդացիների հետ խաղերում վաստակել առավելագույն քանակի միավորներ, տանն անպայման հաղթել հույներին ու իսպանացիներին, իսկ հյուրընկալվելիսՙ չպարտվել: Այդ դեպքում կկատարենք առաջադրանքը եւ կմտնենք եզրափակիչ:

Լեոնիդ Բուրյակ (Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ)

- Մեր խումբը մասնակիցների կազմով ամենահավասարազորն է, որտեղ չկան թույլ թիմեր: Իմ կարծիքով, Իսպանիայի, Ուկրաինայի եւ Հունաստանի թիմերը հաղթողի թեկնածուներ են: Իսպանական ֆուտբոլի մակարդակը ներկայացնելու կարիք չկա: Գերմանացի Ռեխագելի օրոք հույներն առաջադիմում են: Լավ ենք հիշում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ հնգամյա վաղեմություն ունեցող խաղերը: Ինչ վերաբերում է հայերին, որոնք մեզ հետապնդում են յուրաքանչյուր ընտրական փուլում, ապա նրանք մեր ամենաանհարմար հակառակորդներն են, չնայած մեծամասամբ մենք հաղթել ենք նրանց: Մի բան պարզ էՙ բոլորի հետ հարկավոր է լրջորեն պայքարել եւ փորձել հաղթել:

Օլեգ Սալենկո (1994 թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու)

- Ուկրաինացիներին հաղթելու հնարավորությունները զրոյի են հավասար: Նրանք կարող են հավակնել 2-րդ տեղին: Այդ պարագայում հիմնական հակառակորդներն են հույներն ու հյուսիսիռլանդացիները: Նրանք հաջող են խաղում սեփական դաշտում, այնպես որ նրանց հետ հյուրընկալվելիս շատ դժվար կլինի խաղալը: Հավաքականը թարմ ուժերի կարիք է զգում, հարկավոր է բարձրացնել ազգային առաջնության մակարդակը:

Սերգեյ Շիշչենկո (Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան)

- Լավ խումբ է: Իսպանիան առաջատարն է, բայց ոչ պարտադիր հաղթողը: Հույս ունեմ Լեոնիդ Բուրյակի հետ մեկնել Պորտուգալիա:

Սեմի Մակիլրոյ (Հս. Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ)

- Կասկած չկա, որ մեզ դժվարին մրցակիցներ են բաժին ընկել: Մեր համար մեծ պատիվ է իսպանացիների հետ հանդիպել: 1982 թ. աշխարհի առաջնությունումՙ Վալենսիայում, իսպանացիների նկատմամբ տարած հաղթանակը (միակը նրանց հետ կայացած 13 խաղերում) ապացուցում է, որ եթե շատ ջանքեր ներդնես, ապա կարող ես հաղթել այդ թիմին, որի կազմը համալրել են Ռաուլն ու Մորյենտեսը: Ուկրաինայում խաղում են տաղանդավոր մի քանի ֆուտբոլիստներՙ Ռեբրովը, Շեւչենկոն, Լուժնին: Հույներն անգլիացիներին դժվարին խնդիրներ էին առաջադրել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես նույնիսկ չգիտեմ, թե որտե՞ղ է գտնվում այդ երկիրը: Չնայած ինձ հայտնի է, որ հայերը ֆուտբոլում նորեկներ չեն եւ նրանց այնքան էլ հեշտ չէ հաղթելը: Մենք սեփական փորձով գիտենք, որ այդ հավաքականը հեշտությամբ չի զիջում: Մեզ չհաջողվեց 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում երկու խաղերում հաղթել նրանց: Ես հավատում եմ իմ սաներին, նրանցից շատերը դեռ երիտասարդ են եւ լի են վճռականությամբՙ հասնելու հաջողության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4