ՌԱԿ Ֆրանսիայի շրջանային վարչության ատենապետ Վարուժան Սիրապյանի եւ ատենադպիր Վարուժան Կյուրեղյանի ստորագրությամբ ստացված հաղորդագրությունից ցավով տեղեկանում ենք, որ հունվարի 28-ին Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է թուրք իրավապաշտպան տիկին Այշե Նուր Զարաքոլուն:
Իր ամբողջ կյանքի ընթացքում տիկին Զարաքոլուն հանդես է բերել անօրինակ արիությունՙ Թուրքիայում իր հրատարակչության միջոցով պաշտպանելով ճնշվածների եւ մասնավորապես հայ ժողովրդի դատը: Ռամկավար Ազատական կուսակցությունն առաջիններից էր, որ 1984 թ.-ից սկսած մամուլում եւ կառավարական մակարդակի իր միջամտություններով պաշտպանություն հայտնեց Զարաքոլու ամուսիններինՙ դոկտոր Իվ Թեռնոնի «Հայկական տաբու», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» եւ այլ գրքերի թարգմանության հրատարակման առիթով:
Իր խիզախության համար Այշե Նուր Զարաքոլուին մեղադրեցին պետական դավաճանության մեջ, բանտարկեցին: Այս ամենի հետեւանքով նրա առողջական վիճակը սկսեց վատանալ:
Հաղորդագրությունը ՌԱԿ Ֆրանսիայի շրջանային վարչության անունից խորին ցավակցություն է հայտնում նրա ամուսնունՙ պարոն Ռագըպ Զարաքոլուին, ինչպես նաեւ նրանց բոլոր մերձավորներին եւ վշտակցում նրանց:
Միանում ենք: