Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Հայ դատի հանձնախումբ) կազմակերպությամբ այս տարվա ապրիլի 17-ին ութերորդ անգամն անընդմեջ Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ռեյբըռն շենքի ոսկյա դահլիճում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 87-րդ ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցելու են նաեւ Կոնգրեսի անդամները: Օրվա գլխավոր հյուրերից են լինելու սենատոր Ջեկ Ռիդը եւ Մ. Նահանգների ներկայացուցիչ Ջիմ Մքգավեռնը, առաջինըՙ դեմոկրատ Ռոդ Այլենդից, իսկ երկրորդըՙ դեմոկրատ Մասաչուսեթսից: Երկուսն էլ հետեւողականորեն պաշտպանել են ամերիկահայերի շահերը ընդհանրապես եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները մասնավորապես: Հյուրերի շարքում են լինելու նաեւ դիվանագիտական կորպուսի եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եղեռնից մազապուրծ վերապրողներ:
Համակարգչային ցանցով ստացված վերոհիշյալ տեղեկատվությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա միջոցառմանը ներկա են գտնվել Ռոբերտ Դոուլը, Պոլ Սարբանեսը, Ֆրենկ Փալոնը, Բեն Գիլմանը, Ջոզեֆ Կրոուլին, Պատրիկ Քենեդին, Ադամ Շքիֆը եւ Հայ դատի կողմնակից մի շարք այլ սենատորներ ու կառավարական հանձնախմբերի ներկայացուցիչներ: