«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2002-01-29 | #17, 2002-01-30 | #18, 2002-01-31


«ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ»

Հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարարը, մինչդեռ արդարադատության նախարարը հակադրվեց նրան

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպես եւ սպասվում էր, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հաշվետությանը հաջորդող մամուլի ասուլիսի հիմնական թեման «Արմենտելն» էր եւ նրաՙ կառավարության հետ վերջերս կնքած պայմանագիրը:

Րոպեավճարին անդրադառնալով նախարարը կարծիք հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ պայքարի արդյունք էր, եւ այդ զիջումը OTE-ն հարկադրված արեց: Ներկայիս պայմանավորվածությունը համեմատաբար շահավետ է բնակչության համար, որովհետեւ անվճար խոսակցության ժամանակը երեք անգամ ավելի է «Արմենտելի» առաջարկած 120 րոպեից, իսկ րոպեավճարի սակագինըՙ երկու անգամ ցածր 8 դրամ առաջարկվող րոպեավճարից: Սակայն «Արմենտելի» հետ խնդիրները չեն սահմանափակվում այդքանով: Ըստ Անդրանիկ Մանուկյանի, դեռեւս մնում են ներդրումների եւ մենաշնորհի հարցերը: Թե ի՞նչ նկատի ունի նախարարը մենաշնորհի հարց ասելով եւ ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունն այդ ուղղությամբ, «Ազգի» հարցին ի պատասխան նախարարն արտահայտեց տրանսպորտի եւ կապի նախարարության տեսակետը, քանզի կառավարությունում միասնական դիրքորոշում ձեւավորված չէ: Համաձայն այդ տեսակետի, հարկ է «Արմենտելին» զրկել մենաշնորհից: Դա նաեւ միջազգային կազմակերպությունների պահանջն է:

Ավելի բացահայտորեն արտահայտվելովՙ Անդրանիկ Մանուկյանն ընդգծեց, որ ինքը դեմ է «Արմենտելի» նման գործունեությանը եւ ցանկացած առիթ կօգտագործի նրան մենաշնորհից զրկելու համար: Նախարարի հավաստմամբ, ներդրած գումարը եւ վաճառքի գինը հետ ստանալու եւ Հայաստանից հեռանալու համար առիթ է փնտրում նաեւ «Արմենտելը»: Խնդիրն այն է, որ կառավարությունը թույլ չտա այնպիսի սխալ, որից օգտվելով հունական ընկերությունն իր համար շահավետ պայմաններով դուրս գա այս պայքարից: Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ «Արմենտելի» ներդրումային պարտավորությունները ստուգող հանձնաժողովի աշխատանքների հաշվետվությունը լինի մոտ ժամանակներս:

Կապի որակին անդրադառնալով տրանսպորտի եւ կապի նախարարը համեմատեց հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, որտեղ կապի որակն ավելի լավ է, քան Հայաստանում: Իսկ Ռուսաստանի համեմատ ուղղակի անմխիթար վիճակում է:

«Ազգի» մյուս հարցը վերաբերում էր միջազգային ելքի կապուղիները վարձակալության տալու հնարավորությանը: Անդրանիկ Մանուկյանը դրան պատասխանեց, որ «Արմենտելի» մենաշնորհը թույլ չի տալիս այդ հարցը լուծել: Վերջինս անընդհատ դա ձգձգում է: Այսօր Հայաստանը միջազգային ելք ունի միայն Վրաստանի տարածքով: Եթե օպտիկամալուխային կաբելն անցկացվի Իրանով, ավելի ապահով կլինի: Իսկ Վրաստանում այդ կաբելի վնասման դեպքում Հայաստանը կունենա միայն արբանյակայինՙ ավելի թանկ կապը:

Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա նախարարն ասաց, որ «կառչած չէ պաշտոնից եւ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա օգուտ կտա ժողովրդին»: Հրաժարականի հարցը րոպեավճարի ներդրման հետ կապելը նա անհիմն համարեց, քանի որ անցյալ տարվա նոյեմբերին ասել էր, որ եթե «Արմենտելն» ավելացնի անվճար խոսակցության ժամանակը մինչեւ 360 րոպե եւ իջեցնի սակագինը, կառավարությունը միգուցե համաձայնի դրան:

Իսկ 2001 թ. հաշվետվության մասին խոսելով Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ տարին հաջող էր համակարգի համար, քանզի նրա համարյա բոլոր ձեռնարկությունները 2001 թ. ամփոփել են շահույթով: Անցյալ տարի վերանորոգվել է 66 կմ ավտոճանապարհ, Հանրային հեռուստատեսությունը սկսել է հեռարձակվել մինչեւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը, ավելացել են բեռնափոխադրումները եւ այլն:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անցյալ տարվա հիմնական իրադարձությունը համարեց քրեակատարողական համակարգի ենթակայության փոփոխությունը: Համաձայն Եվրոպայի խորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորության, այն ՆԳ նախարարության համակարգից անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից անցել է արդարադատության նախարարության համակարգ: Վերջինիս պետական ռեգիստրի վարչությունում իրականացվել են արմատական բարեփոխումներ, իրավաբանական անձաց (բացառությամբ բանկերի) գրանցման գործառույթները կենտրոնացվել են մեկ մարմնում, ձեւավորվել է պետական գրանցման կոդերի միասնական համակարգ, սկսել են գործել գրանցման նոր ժամկետներՙ իրավաբանական անձանց համար 5 օր, անհատ ձեռնարկատերերի համարՙ 2 օր:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ իրենից առաջ ելույթ ունեցած տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանիՙ «Արմենտելին» վերաբերող տեսակետներին եւ նշեց, որ դրանք վերջինիս անձնական մոտեցումներն են, որոնք արտահայտելիս տրանսպորտի եւ կապի նախարարը փոքր-ինչ բորբոքված է եղել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4