Նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը
Այս ամսվա ընթացքում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթի երկրորդ մամուլի ասուլիսը նվիրված էր բանկի կատարած երկու ուսումնասիրություններին: Առաջինը վերաբերում է Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպայի, մերձբալթյան եւ ԱՊՀ երկրներին, որը կոչվում էր «Անցում շուկայական տնտեսության. առաջին տասնամյակի դասերն ու վերլուծությունը»: Երկրորդը Հայաստանի կացության մասին է եւ վերնագրված էր «Հայաստան. աճի խոչընդոտները եւ կառավարության քաղաքականությունը»: Մինչ այս զեկույցների ներկայացումը, Օուեյս Սաադաթն անդրադարձավ Հայաստանի 9,5 տոկոս տնտեսական աճին, նշելով, որ եթե դա կասկածի տակ է դրվում, ապա դրան հակադրվող թվերի համար հարկ է հիմնավորում բերել: Նրա կարծիքով, այսպիսի հարցերի քաղաքականացումն օգտակար չի լինի երկրի համար:
Առաջին զեկույցի մասին խոսելովՙ ՀԲ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ շուկայական տնտեսությանն անցնելու առաջին փուլում այդ պետությունների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անկում արձանագրեց: Սակայն կորուստները տարբեր չափերի էին: Եթե Արեւելյան Եվրոպայի երկրների համար ՀՆԱ-ի կորուստը միջին հաշվով 20 տոկոս էր, ապա ԱՊՀ երկրներինըՙ 40 տոկոս: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ն առավել մեծ կորուստ արձանագրածներից էՙ 65 տոկոս: Տարբեր են նաեւ հաջորդ փուլիՙ անկման դադարեցման եւ տնտեսական աճի ցուցանիշները: Եվրոպական երկրներն ավելի շուտ դուրս եկան այդ իրավիճակից եւ ավելի մեծ թափով են զարգանում: ԱՊՀ երկրներից, օրինակ, Հայաստանը, Վրաստանն ավելի դժվարությամբ կասեցրին տնտեսական անկումը եւ այժմ սկսել են համընթաց զարգանալ: Կենտրոնական Ասիայի երկրներն ունենալով ավելի մեծ անկում, նախ փոքր առաջընթաց, այնուհետեւ կայունացում են արձանագրել:
Ինչո՞ւ որոշ երկրների տնտեսություններն ավելի մեծ հաջողություններ են արձանագրել, քան մյուսները: Օուեյս Սաադաթը հիմնվելով ՀԲ-ի ուսումնասիրությունների արդյունքների վրա, ընդգծում է երկու գործոնՙ կարգապահություն եւ խրախուսում: Առաջին գործոնն անհրաժեշտ է հինՙ պետական հատվածի պահպանման, երկրորդըՙ նոր ձեռնարկությունների համար: Այն երկրները, որոնք լավ պահպանեցին իրենց ձեռնարկությունները եւ խրախուսեցին նորերի ստեղծումը, սկսեցին արագ զարգանալ: Այս առումով Հայաստանն, օրինակ, ըստ ՀԲ-ի ուսումնասիրության, ցածր կարգապահություն, սակայն լավ խրախուսում է ունեցել:
Բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը կարեւորեց նոր ստեղծվող ձեռնարկությունների շնորհիվ աշխատատեղերի ավելացման գործոնը: Արեւելյան Եվրոպայում աշխատատեղերի 50 տոկոսը ստեղծվել է նոր ձեռնարկություններում: Հայաստանում այդ թիվը տատանվում է 26-28 տոկոսի սահմաններում:
«Հայաստան. աճի խոչընդոտները եւ կառավարության քաղաքականությունը» զեկույցին անդրադառնալով, Օուեյս Սաադաթը հաստատեց, որ Հայաստանում իսկական տնտեսական աճ կա: Դրա հետ մեկտեղ առկա է երկու հիմնական մտահոգություն: Առաջինն աճի անհավասարաչափ բաշխումն է, երկրորդըՙ հաստատուն է աճի տեմպը: Ըստ ՀԲ Հայաստանի ներկայացուցչի, տնտեսական աճի հիմնական արդյունքը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը: Իսկ Հայաստանի առավել հաջողված ճյուղերում աշխատում են սահմանափակ թվով մարդիկ: 70 մլն դոլարի արտահանում ունեցող ադամանդագործության մեջ ներգրավված է 2000, իսկ 15 մլն դոլարի արտահանվող համակարգչային ծրագրերի մեջՙ 1000 մարդ: Մինչդեռ Հայաստանում ապրում է 3 մլն մարդ: Նրանց աշխատատեղերով ապահովելու խնդիրը մնում է: Խիստ կարեւոր համարվեց արդյունաբերության աճը: «Շատերը կարծում են, որ Համաշխարհային բանկը դեմ է արդյունաբերական ձեռնարկությունների զարգացմանը: Դա այդպես չէ», ընդգծեց Սաադաթը եւ ավելացրեց, որ չնայած Հայաստանի արդյունաբերությունն աճ է արձանագրում, այդուհանդերձ, դանդաղ է: Ներկայիս 26 տոկոսի փոխարեն դա պետք է առնվազն 40 տոկոս կազմի: Աճը պետք է արագացնել, որպեսզի ձնագնդի էֆեկտ ունենա:
Աճի հիմնական խոչընդոտներից նշվեցին թույլ գործարար եւ ներդրումային միջավայրը, մասնավոր հատվածի անկարողություննՙ արագացնելու վերակառուցումը եւ արտահանման աճը: Որպես մասնավոր հատվածի թերություններ նշվեցին թույլ կառավարումը, մեկուսացվածությունը: Վերջինիս հաղթահարմանը, Օուեյսի կարծիքով, կարող է նպաստել հայկական սփյուռքը: Սփյուռք ունեցող երկրները նման փորձ ունեն: ՀԲ-ի ներկայացուցիչը թվարկեց դրանքՙ Իսրայելը, Չինաստանը, Իռլանդիան: Սակայն նա խորհուրդ տվեց չսահմանափակվել միայն սփյուռքով:
Հաջորդ կարեւոր խորհուրդը, որ տրվում է Համաշխարհային բանկի ուսումնասիրության մեջ, Հայաստանում հաջողություններ ունեցող ճյուղերին նպաստելն էր: Որպես այդպիսիք նշվեցին ադամանդագործությունը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղմթերքների վերամշակումը: Պետք է ամեն ինչ անել դրանց ընդլայնման եւ ձեռնարկությունների թվի աճի համար:
Օուեյս Սաադաթի ընդարձակ եւ հումորով համեմված ելույթին հետեւեցին լրագրողների սակավաթիվ հարցերը: Դրանցից մեկի առնչությամբ, որը վերաբերում էր շրջափակման ազդեցությանը Հայաստանի տնտեսական աճի վրա, նա պատասխանեց, որ դա խոչընդոտ է, բայց լուրջ խոչընդոտ չէ: Պրն Սաադաթի կարծիքով, արտահանումը, ճանապարհների ներկա կացությամբ, միանշանակ կարելի է կրկնապատկել:
«Ազգի» հարցը հետեւյալն էրՙ ստվերային տնտեսությունը տնտեսական աճի համար լուրջ խոչընդոտ չէ՞: ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարն անորոշ պատասխան տվեց ասելով. «Ստվերային տնտեսություն կա բոլոր երկրներում եւ միգուցե Հայաստանում դա ավելի մեծ ծավալներ ունի»: Այդ պատճառով «եկամուտների գանձման մակարդակը պետք է բարելավվի», իր խոսքը եւ մամուլի ասուլիսը եզրափակեց նա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ