ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվել է ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտություն, որի արդյունքների ամփոփումը երեկ տեղի ունեցավ Երեւանի «Արմենիա» հյուրանոցում: Հետազոտությանն աջակցել են ամերիկյան «ORC MACRO» կազմակերպությունըՙ MEASURE DHS+ նախագծով եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNICEF):
Հետազոտության արդյունքում հավաքվել են տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռել մանրամասն գնահատել իրավիճակը եւ հայտնաբերել այն գործոնները, որոնք ազդում են մանկահասակ երեխաների, կանանց եւ տղամարդկանց առողջության վրա: Դրանք կլրացնեն նաեւ կանանց եւ երեխաների առողջության վերաբերյալ արդեն եղած տվյալները: Հնարավորություն է ստեղծվել գնահատելու իրականացվող ծրագրերի առաջընթացը, որոշելու գերակա խնդիրները: Ժողովրդագրական եւ առողջության հարցերի հետազոտության մեջ (ՀԺԱՀ) ընդգրկվել է շուրջ 6500 տնային տնտեսություն հանրապետության ողջ տարածքում: Ընտանիքի մեջ ներառվել են վերարտադրողական տարիքիՙ 15-49 տարեկան 6430 կին եւ 15-54 տարեկան 1719 տղամարդ, ինչպես նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաներ: Հետազոտությունն իրականացվել է տնային տնտեսությունների մանրամասն ուսումնասիրման միջոցով: Հարցաշարը ներառել է հարցերի 5 հիմնական խումբՙ տնային տնտեսության կազմը, վերարտադրողական առողջություն, մայրական առողջություն (նախածննդյան խնամք, ծննդօգնություն), մանկական առողջություն (կրծքով սնուցում, պատվաստում, փորլուծություն եւ շնչառական հիվանդություններ), սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ:
Հետազոտության իրականացումը թույլ կտա մշակել արդյունավետ ռազմավարություն, որը կդրվի մոր եւ մանկան առողջության բարելավմանն ուղղված նոր քաղաքականության հիմքում:
Ռ. Պ.