Հունվարի 26-ին Երեւանի «Արմենիա» հյուրանոցում միահյուսվել էր շոտլանդական եւ մարդասիրական ոգինՙ տոնելու շոտլանդացի պոետ Ռոբերտ Բյոռնսի տարեդարձը եւ միեւնույն ժամանակ հանգանակություն կատարելու, որ տրվելու էր «Վորլդ Վիժըն Արմենիա» մարդասիրական կազմակերպությանը եւ Գյումրու «Տիրամայր Հայաստանի» մանկատանը:
Այս իրադարձության գլխավոր հովանավորն էր «Բրիտանական ավիաընկերությունը», որն առաջին անգամ չէ, որ իր մասնակցությունն է բերումՙ օգնելու Հայաստանի երեխաներինՙ «ՎՎ Արմենիայի» եւ այլ մարդասիրական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում:
«Վերջին երեք տարիների ընթացքում ավիաընկերությունը հաճույքով ավիատոմսեր է տրամադրում Բյոռնսի Ընթրիքի բարեգործական հանգանակությունների համար: Մեզ համար մեծ պատիվ է բրիտանական մշակույթը ներկայացնել հայ ժողովրդին եւ միեւնույն ժամանակ սատար կանգնել Հայաստանի այն երեխաներին, ովքեր կարիքի մեջ են», ասաց ԲԱ ընկերության տարածաշրջանային տնօրեն Դագի Դուգլասը:
Այս անգամ էլ «Բրիտիշ էրուեյզը» երկու տոմս էր տրամադրել հանգանակությունների համար, եւ հավաքված գումարի մի մասը տրվեց «ՎՎ Արմենիայի» Գյումրիում իրականացվող տարածքային զարգացման ծրագրին: ՎՎ Արմենիան նախատեսում է սկսել սննդի բաշխման ծրագիր Գյումրու այն թաղամասերի դպրոցներում, որոնք ընդգրկված են այդ ծրագրում: Կեսօրվա ճաշին բոլոր դպրոցականներին կտրվի սննդարար տաք կերակուր դպրոցական ողջ տարվա ընթացքում:
«Մեզ համար դժվար կլիներ իրականացնել նման ծրագրեր առանց «Բրիտանական ավիաընկերության» աջակցության», ասաց «ՎՎ Արմենիայի» տնօրեն Դեյվիդ Թոմսոնը:
«Մի ընկերություն բիզնեսի բնագավառից, մյուսըՙ բարեգործության, աշխատում են միասին ու գնում անվարան դեպի հաջողություն», նշեց Արթուր Դանլոփը, որը Երեւանում մաքսային եւ անուղղակի հարկահավաքման խորհրդատու է Բարենցի խմբից եւ Բյոռնսի Ընթրիքի գլխավոր կազմակերպիչը:
«ՎՎ Արմենիան» իր ծրագրերի իրականացման հաջողության գրավականը տեսնում է միայն իր հետ համագործակցողների եւ աջակիցների հետ: Միայն այսպես է հնարավոր արմատախիլ անել աղքատության գործոններըՙ իրականացնելով հասարակության արմատական վերափոխման զարգացման ծրագրեր:
ԼՈՒՍԻՆԵ ՀԵՅԶ, «Վորլդ Վիժըն»