«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2002-01-29 | #17, 2002-01-30 | #18, 2002-01-31


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆՄԱՆ Է ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ

Գրողներ կան, որ պատմություն են դառնումՙ մնալով գրականության պատմության մեջ: Սրանք կանչվածներ են, բայց ոչ ընտրյալներ: Կանչվածները, որ շատ են, ի վերջո, ժամանակ-մաղի անցքից ընկնում, կորչում են անդունդի խորքերում: Ընտրյալները, սակայն, որ քիչ են, ոչ թե ընկնում, այլ բարձրանում են, գնում, միանում, ապրում են իրենց աստղի կյանքով: Եվ եթե նույնիսկ աստղն էլ որպես մարմին վերջանա, դարեդար գալիս է աստղի լույսը: Այնպես որ, մեծերը, որ լույս են կրում, մահ չունեն: Ժողովրդի կյանքը նույնպես պայմանավորված է այդ մեծերով, քանի որ մեծերն ինքնին ժողովուրդ են ներկայացնում, կյանք են, հավիտենության հետ աղերս ունեցող կյանք: Ահա ասածս մեծերի շարքին է պատկանում «Վարդանանքի», «Քաջ Նազարի», «Ավելորդը» պատմվածքի, «Հայը» խորհրդածության եւ սրանց քույր ու եղբայր գործերի հեղինակ Դերենիկ Դեմիրճյանը: Ջավախքի զավակը, որ ազգ է ու ազգի զավակ, 2002 թ. հունվարի 29-ին դարձավ 125 տարեկան: Սաՙ սկսած նրա ծննդյան թվից: Բայց նրա ժամանակը արմատներ ունի պատմության խորքերում, Վարդանանց պատերազմի բովում, եւ սաղարթներ ունի, որ ձգվում են վերՙ կամրջելով ժամանակի միավորներ անցյալը, ներկան, ապագան: Ահա մի գրող, որ ժամանակի մեջ ստեղծել է իր ժամանակը եւ ինքն էլ դարձել բոլոր ժամանակներինը: Դա նրանից էր, որ նա ոչ թե ժամանակի շունչը եղավ, այլ ժամանակը դարձրեց իր շունչը: Նա գրողի իշխանություն ունենալով, ոչ թե օգտվեց, այլ ծառայեց իր ժողովրդինՙ կերտելով հայոց հոգեկերպարըՙ ուժեղ եւ թույլ կողմերով, լույսով ու ստվերով: Երբ պատերազմի մեջ տեսավ իր ժողովրդին, դարձավ նրա զինվորըՙ ձեռքին գրիչ-զենքը: Հոգով եղբայրացավ Իսահակյանին, մեկտեղ անցան ժամանակի նեղ դռնով եւ գրեթե մեկտեղ, միեւնույն հոգեկանչով, մեկնեցին երկինք: Երկնքից եկածները, հիրավի, երկինք են գնում, որպեսզի ապրեն մի նոր կյանքով: Ազգ-մարմինն էլ, իրոք, իր ազգ-հոգին ունի, որ նույնպես երկինք է:

Ահա այսպես ու այս մասին խոսեցին Դերենիկ Դեմիրճյան խոսքի երկրպագուները, որ միասնաբար հավաքվել, գնացել էին Երեւանի քաղաքային պանթեոն, ուր հանգչում է մեծի մարմինը: Միջոցառման հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչն այս անգամ Ջավախքի արժանավոր զավակ, հանրագիտարանի գլխավոր խմբագիր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Այվազյանն է: Իրենց անմիջական մասնակցությունը բերեցին «Հզոր հայրենիք» կուսակցության անդամները, գրողի տուն-թանգարանի արթուն պահապանները, գրողի անունը կրող դպրոցի մանկավարժներն ու սաները: Երեխաներն իրենց անմեղ շուրթերով հնչեցրին Դերենիկ Դեմիրճյանի անմահ խոսքերը: Միջոցառումը նման էր ուխտագնացության:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4