«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2002-01-29 | #17, 2002-01-30 | #18, 2002-01-31


ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՈՂ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

(Սիրվարդ Գարամանուկի CD-ի առթիվ)

Ստորեւ ներկայացվող հոդվածը խտացված եւ արեւելահայերենի վերածված տարբերակն է հրատարակության խնդրանքով մեզ ուղարկված երկար ուսումնասիրության: Հեղինակը նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանն է, որը հատկապես հոգեւոր երաժշտության ուսումնասիրության բնագավառում ճանաչված անձնավորություն է:

Ծնվել է 1935-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որտեղ Պողոսյան ազգային վարժարանում ստացել է իր նախնական կրթությունը: Ապա հայեցի ու ազգային դաստիարակության իր կրթօջախն է դարձել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը, որտեղ, հմայվելով հայ եկեղեցական երաժշտության վեհությամբ, որոշում է նվիրվել դրա ուսումնասիրությանը: Այնուհետեւ Բեյրութի պետական երաժշտանոցն ավարտելով, դառնում է նախ դպրեվանքի ուսուցիչ, ապաՙ կաթողիկոսարանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի երաժշտապետը: 1962-ին Նյու Յորքում հաստատվելովՙ կազմում է երկսեռ «Գուսան» երգչախումբը, որը տասը տարի շարունակ հմայում է տեղի հայերի հոգիները: Միաժամանակ խորացնում է իր երաժշտագիտական ուսումըՙ ավարտելով նախ Նյու Յորքի հռչակավոր Մաննես երաժշտանոցը, ապաՙ Հանթր քոլեջը, որտեղից ստանում է մագիստրոսի աստիճան: 1969-70 թթ. վարում է Մաննես երաժշտանոցի երգչախմբի փոխղեկավարի պաշտոնը: 1970-ին ստանձնում է Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարի երգչախմբի կազմավորման եւ ղեկավարման գործը: Հեղինակ է մի շարք լուրջ ուսումնասիրությունների, որոնք հրատարակվել են «Էջմիածին» եւ «Հասկ» պաշտոնական պարբերականներում, ինչպես նաեւ առանձին գրքույկներով: Հիշատակման արժանի են «Հայ Յեղափոխական երգերուն տեղը հայ երաժշտութեան պատմութեան մէջ» եւ «Գրիգոր Նարեկացի. Շարականագի՞ր» գործերը: Նա նաեւ հեղինակ է երաժշտական ինքնուրույն հորինումների եւ մշակումների, որոնք կատարվել եւ կատարվում են ինչպես Մ. Նահանգներում, այնպես էլ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Կանադայում եւ Հայաստանում:

Հ. Ծ.

Առաջին անգամ 1973-ի մարտի 11-ին հաճույքն ունեցա լսելու պոլսահայ երաժշտուհի Սիրվարդ Գարամանուկի գործերից «Հունձք կը ժողվեմ» խմբերգըՙ Նյու Յորքի «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ եւ տաղանդավոր երաժշտագետ ու դաշնակահար Շահան Արծրունու ղեկավարությամբ: Մի քանի տարի առաջ հեղինակից ստացա «Նոր երգեր» հատորը, որով առիթ ունեցա մոտիկից ծանոթանալու նրա հետ եւ ուսումնասիրելու նրա գործերը: Իսկ անցյալ ամիս, հուրախություն ինձ, ստացա նրա «Ախթամար» կանտատային երաժշտագրությունն ու «Սիրվարդ Գարամանուկ» լազերային խտացյալ ձայնասկավառակըՙ CD-ն, որը հափշտակությամբ լսեցի ծայրից ծայր, կարծես ներկա գտնվեի մի երաժշտահանդեսի, որն անսահման վայելք կպատճառեր ինձ:

Բազմավաստակ երաժշտուհու շնորհալի գրչից ծորած 21 երգերը, շնորհիվ Երեւանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի, օպերային ստուդիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Միրզոյանի, ներկայացված են լավագույն մեկնաբանություններով եւ կատարումի մասնագիտական բարձր մակարդակով ու որակով: Խմբավարն է Նեկտար Միրաքյանը: Մենակատարներն են Իրինա Զաքյանը, Ռուբեն Նուրիջանյանը եւ Վահան Մակվեցյանը:

Ձայնասկավառակին կընկերանա խնամքով պատրաստված երկլեզվյան (հայերեն, անգլերեն) մի գրքույկ, որի երեսին հեղինակի գունավոր լուսանկարն է, իսկ ներսումՙ երգերի բնագրերը, ինչպես նաեւ արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանի գրած հեղինակի ամփոփ կենսագրականն ու ներկայացված գործերի երաժշտագիտական վերլուծությունը:

Անմիջապես ասեմ, որ ժամանակակից հայ երաժշտական մշակույթի սփյուռքյան թեւի իգական սեռի մեջ իր հայեցի տարողությամբ ու գեղարվեստական մակարդակով եթե ոչ միակը, գեթ լավագույն ստեղծագործող երաժշտուհին է տկն Գարամանուկը:

Ծնվել է Պոլսի Սկյուտար թաղամասում 1912 թ. դեկտեմբերի 1-ին: Երաժշտությամբ զբաղվել է հինգ տարեկանից մեծ քրոջՙ Արմինեի հսկողության ներքո: Հաճախել է քաղաքի Տայան եւ Եսայան վարժարաններըՙ միաժամանակ կատարելագործելով երաժշտական իր ուսումը Ստամբուլի քաղաքապետական երաժշտանոցում, որն ավարտել է 1939-ին: Ուսուցիչներից Ստեփան Բաբելյանը, Լիկո Ամարը եւ մանավանդ Ֆերդի Շթացերը բարձր գնահատելով նրա բնածին հատկությունները հատկապես ստեղծագործելու բնագավառում, թելադրել են մասնավոր դասերով զարգացնել այդ կարողությունը, քանի որ դեռ՜ եւս երգաստեղծագործության դասարան գոյություն չուներ Ստամբուլում: Այդ աշխատանքը նա իրագործել է Լազար Լեւիի եւ Ժան Ռոժե Դյուկասի ղեկավարությամբ:

Տկն Գարամանուկի առաջին ստեղծագործությունները եղել են դաշնամուրի կտորներՙ գրված 1940-ական թթ.: Ապա հորինել է բազմաթիվ մեներգեր, բազմաձայն խմբերգեր, նվագախմբի ընկերակցությամբ երգչախմբային երկարաշունչ ստեղծագործություններ, որոնց թվում «Ախթամար» եւ «Երգ Պետրոս Դուրյանի» գործերը, ինչպես նաեւ լարային քառյակի հորինումներ, մանկապատանեկան մի օպերետՙ «Վաղուան արուեստագէտները» խորագրով, եւ մանկական ու հոգեւոր մի շարք երգերի մեղեդիների մշակումներ:

Նրա գործերը կատարվել են ավելի քան 15 երկրներում: Նրա մասին գրվել է միջազգային այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են «International who՚s who of Women» եւ «New Grove Dictionary of Music»-ը: Ստեղծագործական աշխատանքներից դուրս վարել է Ստամբուլի Եսայան եւ Կեդրոնական Սանուց միությունների երաժշտական հանձնախմբերըՙ իրագործելով համայնքային կարեւոր երաժշտական միջոցառումներ: Եղել է Կարագյոզյան որբանոցի տիկնանց հանձնախմբի ատենապետը: Վազգեն Ա. կաթողիկոսի կողմից արժանացել է հայրապետական կոնդակի եւ Սբ. Սահակ-Մեսրոպ շքանշանի:

Տկն Գարամանուկը հայ երաժշտուհի է ոչ թե սոսկ այն պատճառով, որ օգտագործել է հայկական վերնագրեր կամ հայ գրողների բանաստեղծություններ, այլ որովհետեւ նրա հորինած երաժշտությունը խորապես եւ հարազատորեն հայկական է:

Երաժշտության մեջ հայկականություն կոչված երեւույթը հայ ժողովրդի պատմության ընթացքում տարբեր դրսեւորումներով է արտահայտված եւ ըստ այդմ էլ տարբեր հասկացողություններով ըմբռնված: Այսօրվա հասկացողությամբ հայկականության ոճային առանձնահատկությունների հիմքը, ինչպես գիտենք, դրվեց Կոմիտաս վարդապետով: Նա էր, որ հայ երաժշտությունը մաղից անցկացնելով, զատորոշեց, բյուրեղացրեց եւ օրինաչափական սահմանումներով թողեց մեզՙ որպես կտակ: Այդ իսկ պատճառով, մերօրյա ստեղծագործությունների հայկականությունն այն չէ, ինչ որ էր նախակոմիտասյան շրջանում: Այն ժամանակ նկատի էին առնվում լեզվի բնագրային, հնչյունաբանական օրինաչափությունները: Թեեւ երաժշտական ընդհանուր ոգին ստեղծելու համար օգտագործվում էին հայ եկեղեցական երաժշտության տարրեր, այնուամենայնիվ, դրանք սովորաբար հիմնված էին լինում եվրոպական (իտալական) կամ արեւելյան ու եվրոպական երաժշտությունների վրա: Կոմիտաս վարդապետով էր, որ ժողովրդական երաժշտությունը դարձավ անհատական գեղարվեստական ստեղծագործությունների հիմք, ատաղձ եւ հայկականության գործոն: Չեմ ուզում ընթերցողի վրա թողնել այն տպավորությունը, թե Կոմիտասից հետո հայ երաժշտությունը ստացավ հայկականության միաձեւ կամ միաձույլ նկարագիր: Ոչ: Որովհետեւ խորհրդային երկրներում, բնականաբար նաեւ Հայաստանում, երկրի գաղափարախոսությանը ծառայեցնելու նպատակով օգտագործվեցին ժողովրդական երաժշտության ձայնեղանակային հատկանիշներ, չափակշռութային ու արտահայտչական տարրեր, ձեւեր եւ այլն: Այս շարժումը մեծապես նպաստեց մեր երաժշտության հայկական-ազգային դպրոցի կազմավորմանը, հունավորմանն ու զարգացմանը: Այդ բոլորի համադրումը թարմություն եւ բնորոշ հնչողականություն բերեց հայ երաժշտությանը, հաստատեց հայկականության նոր օրինաչափություններ, նոր հասկացողություններ:

Պայմանների բերումով, ինչպես նաեւ գաղափարական գետնի վրա մաս չկազմելով հայաստանյան այս շարժմանը եւ բաժին չվերցնելով դրանից, նաեւ չվերածվելով համախմբված մի ուժի, դպրոցի կամ ուղղության, այլ թողնվելով անհատական ճիգերի ու գիտակցության շրջանակներում, արտասահմանի հայ երաժիշտներից շատ քչերին հաջողվեց ունենալ կարողությունն ու տեսլականըՙ քայլելու Կոմիտաս վարդապետի հետքերով: Քչերի թվում էին Գուրգեն Ալեմշահը, Բարսեղ Կանաչյանը, Համբարձում Պերպերյանը եւ մի քանի ուրիշներ:

Տկն Գարամանուկը եւս այս երաժիշտների հույլին է պատկանում, որովհետեւ նա կարողացել է Կոմիտասի թողած կտակը վերցնել ու իր շնչով ու գրչով, իրեն հատուկ երաժշտական մշակումների գեղագիտական բարձր ոճով ու ճաշակով փոխանցել ժամանակակից հայ հոգուն: Նրա երաժշտությունը տոնային է: Ձայնեղանակների հետ ճիշտ վարվելու որպես հետեւանք չափավոր վերափոխումներ կատարելով եւ աններդաշնակություններին արագ ու լավագույն լուծումներ առաջարկելովՙ տկն Գարամանուկը կարողացել է հաջողությամբ պահպանել ստեղծագործությունների հայկականությունը: Երգչախմբի համար գրված գործերում լավագույնս են օգտագործված մարդկային զանազան ձայների տեսակային եւ հնչերանգային կարելիությունները: Այլ գործերում երաժշտության ներքին տարածքները բազմանվագարանային մշակումով եւ ընկերակցությամբ ընդլայնելու միջոցով նրան հաջողվել է ճոխ ու հարուստ հնչողական խորք ու գունավորում տալուց բացի, յուրահատուկ դեր հատկացնել նվագախմբին եւ այն դարձնել երաժշտական կառուցվածքային ամբողջականության մեկ մասը:

Ստեղծագործողի ճարտարության, հասկացողության եւ խոր ապրումի արդյունք է Սայաթ-Նովայի «Չիս ասում, թե լաց իս էլի» երգի այնքան նրբաճաշակ եւ հուզաթաթախ մշակումը: Նահապետ Քուչակի «Պագնեմ զքո լայն ճակատ» երկն ունի ժողովրդական նկարագիր եւ կոմիտասյան շունչ, բոլորովին տարբեր, սակայն հայաստանյան հայկականությունից: Ժողովրդական այս նկարագրին հակադրվող քաղաքային նկարագրով հորինումներից է «Սիրո աղջիկ» խմբերգը: «Երգ Պետրոս Դուրյանի» երգաշարի ստեղծագործության համար որպես ատաղձ օգտագործելով Կոմիտաս վարդապետի թե՚ հոգեւոր եւ թե՚ ժողովրդական երգերից պատառիկներ, տաղանդավոր արվեստագետն իր վառ երեւակայությամբ ու խորաթափանց զգացումներով հորինել է այնպիսի երգեր, որոնք հիրավի մեծարում են անմահ բանաստեղծին: Իսկ «Ախթամար» գործը կանտատայի պահանջները բավարարող ծավալուն երկ էՙ հորինված երգչախմբի, նվագախմբի եւ մեներգիչների համար:

Այո, հոգեկան հարուստ ապրումների, ազնիվ զգացումների, խորը գիտելիքների, շնորհալի տաղանդի, ազգային գիտակցության եւ նվիրումի արդյունք է գոհարային երգերի լազերային այս ձայնասկավառակը: Երբ գիտելիքը, շնորհքը եւ տաղանդը միանում են, ինքնավստահություն են ներշնչում արվեստագետին եւ նրան դարձնում անհատականություն: Իսկ Սիրվարդ Գարամանուկ անհատականությանը ցուցաբերված միանգամայն արժանի եւ պատշաճ մեծարանք է Հովհաննես Միրզոյանի նման վաստակաշատ գեղարվեստական ղեկավարի ու փառաբանված երկու կոլեկտիվների կատարողական բարձր մակարդակով մեզ հրամցրած հայկականությամբ օծված այս երաժշտասալիկը:

ԳՐԻԳՈՐ ՓԻՏԵՃՅԱՆ, Երաժշտագիտության մագիստրոս, Նյու Յորք


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4