«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2002-01-29 | #17, 2002-01-30 | #18, 2002-01-31


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 8 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԻԿ

Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությանն էր նվիրված երեկ սպորտվարչության նիստերի դահլիճում հրավիրված մամլո ասուլիսը: ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ վերջնականապես որոշվել է օլիմպիադայի մասնակից հավաքականի կազմը: Սոլթ Լեյք Սիթիում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը, գյումրեցի դահուկորդ Արամ Հաջյանը, դահուկորդուհի Մարգարիտա Նիկոլյանը (Աշոցքից), ռուսաստանցի գեղասահորդուհի Յուլիա Լեբեդեւան, ֆրանսահայ լեռնադահուկորդուհի Վանեսա Ռաքեջյանը, ԱՄՆ-ում բնակվող բոբսլեյիստներ Դանիել Ջանջիկյանը, Ջորգուս Ալեքսանդրուսը եւ Փոլ Վարադյանը: Վերջինս պահեստային է: Համաձայն ՄՕԿ-ի կանոնակարգի, 8 մարզիկից բաղկացած մարզական պատվիրակության կազմում իրավունք ունեն ընդգրկվելու պատվիրակության ղեկավարը (Իշխան Զաքարյան), շեֆ-միսիան (Հարություն Յավրյան), մարզիչներն ու առանձին մարզաձեւերի ղեկավարները: Հայաստանի մարզիկները կմասնակցեն 4 մրցաձեւի, որոնց ներկայացուցիչները կունենան իրենց ղեկավարները: Այսպես, դահուկորդների ղեկավար է նշանակվել ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, լեռնադահուկորդներինըՙ լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալֆրեդ Վարդանյանը, բոբսլեյի եւ գեղասահքի պատասխանատուն գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն է: Պատվիրակության կազմում են նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը, Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի գլխավոր տնօրեն Մխիթար Հարությունյանը, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը, սպորտվարչության եւ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության պետ Յուրա Ալեքսանյանը, Գյումրու ձմեռային մարզաձեւերի մարզադպրոցի տնօրեն Սլավա Սարգսյանը: Հայաստանի մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 22 մարդ: Մարզաձեւերի պատասխանատուները համառոտ ներկայացրին մարզիկների նախապատրաստական աշխատանքները, նշելով, որ ամեն ինչ նորմալ հունով է ընթացել: Արտասահմանցի մարզիկները նախապատրաստվել են իրենց երկրներում, ծախսերն էլ իրենք են հոգացել: Իհարկե, հայ մարզիկներից մեծ նվաճումներ, մեդալներ չեն ակնկալվում, սակայն հույս հայտնվեց, որ նրանք ըստ արժանվույն կներկայացնեն Հայաստանն օլիմպիական խաղերում:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ լուծված են օլիմպիադայի մասնակցության հետ կապված բոլոր հարցերը: Մարզահագուստի ձեռքբերման բոլոր ծախսերը հոգացել է Փոլ Վարադյանը: Օլիմպիական ավանում մարզական պատվիրակության բնակվելու եւ սնվելու բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները: Միայն ճանապարհածախսն է հայկական կողմի վրա: Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կտանի լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը: Փորձառու մարզիկն արդեն 3-րդ անգամ է մասնակցելու ձմեռային օլիմպիադաներին:

«Ազգի» թղթակցի այն հարցին, թե արտերկրում կայի՞ն ուրիշ այլ մարզիկներ, ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել օլիմպիական հավաքականում, Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ կային մի քանիսը, որոնք, սակայն, օլիմպիական վարկանիշ չվաստակեցին: Իսկ ընդհանրապես, այդ հարցին մոտենում են նպատակահարմարության տեսանկյունից, նայած թե տվյալ մարզիկն ի՞նչ պայմաններ է առաջադրում: Կարեւոր պայման է, որպեսզի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ ցանկացող մարզիկը նախապատրաստության հետ կապված բոլոր ծախսերն ինքը հոգա, քանի որ մեր միջոցները սուղ են:

Հայաստանի մարզական պատվիրակությունն օլիմպիադա կմեկնի 2 խմբովՙ փետրվարի 4-ին եւ 6-ին: Առաջինը մրցասպարեզ դուրս կգան դահուկորդները: Փետրվարի 9-ին նրանք կմրցեն 15 կմ դահուկավազքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4