Փետրվարի 4-ի շրջաբերականով Ամերիկայի հայկական համագումարն իր հիասթափությունն ու վրդովմունքն է արտահայտել Բուշի վարչակազմի քայլից, համաձայն որի այդ օրը Կոնգրես ուղարկված 2003 թ. ֆինանսական տարվա բյուջեում Հայաստանի համար նախատեսված է ընդամենը 70 միլիոն դոլար որպես օժանդակություն եւ 3 միլիոն դոլար որպես արտաքին զինվորական ֆինանսավորում: Անցյալ տարի Կոնգրեսի հավանությանն արժանացած 2002 թվի բյուջեում այդ գումարը կազմում էր 94 միլիոն: «Նման կրճատումը կարող է ապակայունացնել դրությունը տարածաշրջանում», նշված է լրատվության մեջ, որտեղ, մյուս կողմից, դրական է գնահատվում միջազգային զինվորական ուսուցման եւ մարզումների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվելիք գումարը 400 հազարից 750 հազար դոլարի հասցնելու վարչակարգի հանձնարարականը:
Համագումարիՙ կառավարության հետ հարաբերությունների տնօրեն Բրայան Արդունու խոսքերով, անցյալ տարի վարչակազմը նույնպես 70 միլիոն դոլար էր պահանջել, բայց հետագայում Կոնգրեսը «ոչ պակաս քան 90 միլիոն» էր ձեւակերպել եւ հաստատել այդ օժանդակության գումարը: «Այնպես որ, հավանական է նման գործընթաց նաեւ այս տարի, եւ համագումարը Կոնգրեսի իր ընկերների հետ կաշխատի ապահովել գումարի համապատասխան մակարդակը», նշել է նա լավատեսորեն:
Ավելացնենք, որ ընդհանուր առմամբ կրճատվել է ԱՊՀ երկրներին տրվելիք օժանդակությունը: Վարչակարգն անցյալ տարվա 784 միլիոն դոլարի փոխարեն այս տարի պահանջել է 755 միլիոն դոլար: Բայց Ադրբեջանի համար պահանջվել է 46 միլիոն դոլար, որը 2-7 միլիոնով ավելին է, քան այս տարվա գումարը, գումարած 3 միլիոն որպես արտաքին զինվորական ֆինանսավորում եւ 750 հազար դոլար որպես միջազգային զինվորական ուսուցում եւ մարզումներ: