Հակակոռուպցիոն պայքարի առաջին լուրջ քայլն արվում է
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Նոյեմբերի 8-ին դիմել ենք բոլոր խումբ-խմբակցություններին եւ խնդրել մեզ ներկայացնել առաջարկներ: Առաջարկներ ներկայացրել են միայն «Միասնություն» դաշինքը եւ առողջապահության հանձնաժողովը, որը եւ ներառվել է մեր ծրագրում»: 2002 թ.-ի ծրագիրը ներկայացնելուց հետո ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանն իր այս խոսքերը հաստատեց ասելով, թե դիմել է խմբակցություններից մեկինՙ ինչո՞ւ առաջարկներ չեն արել, եւ պատասխան է ստացել, թե վերահսկիչ պալատի (ՎՊ) ուղարկած համապատասխան նամակը... կորցրել են:
Այս լիակատար անտարբերությունը, որ ցուցաբերվում է ԱԺ վերահսկիչ պալատի նկատմամբ, միայն խորհրդարանով չի սահմանափակվում: Պալատի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք առանձին դեպքերում ուղարկվում են ՀՀ դատախազություն, գրեթե մնում են անարձագանք:
Ինքըՙ Թավադյանը գոհ է համագործակցությունից եւ գտնում է. «Քանի որ խախտումների մեծամասնությունն ունի ադմինիստրատիվ բնույթ, նման փաստերը մենք ուղարկում ենք դատախազությանը, որն, ի դեպ, բավականին օպերատիվ արձագանքում է»: Մինչդեռ մինչեւ հիմա կատարած չարաշահումների համար հրապարակայնորեն որեւէ խոշոր շնաձկան դեմ հարուցված քրեական գործ իր տրամաբանական ավարտին չի հասել: Դրա հիմնական պատճառը պալատի նախագահը բացատրում է հետեւյալ կերպ. «Հետեւանքների մասով ՎՊ-ն որեւէ ազդեցիկ լիազորություն չունի: Անգլիայում, օրինակ, համապատասխան կառույցը կարող է սառեցնել հաշիվներ կամ սանկցիաներ կիրառել այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ: Մենք նման իրավունք չունենք, այսինքնՙ մեր աշխատանքներն ունեն ընդամենը խորհրդատվական բնույթ: Այս առումով պետք է փոփոխություն կատարվի նաեւ սահմանադրության մեջ»:
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ՎՊ-ին հավաստիացրել է, որ հաջորդ եռօրյային քննարկման կդրվի «Վերահսկիչ պալատի մասին» նոր օրենքի նախագիծը, որն զգալիորեն բարձրացնելու է այդ կառույցի գործունեության արդյունավետությունը եւ տարբեր ոլորտների վրա նրա ֆինանսական վերահսկողությունը: Հակառակ դեպքում աբսուրդային է, երբ ասենք, անկախ կառույց համարվող Կենտրոնական բանկի վրա ֆինանսական հսկողությունն իրականացնում է ԱԺ-ին կից վերահսկիչ պալատը: «Ակնկալում եմ, որ ՎՊ-ն կլինի անկախ եւ հաշվետու միայն բարձրագույն ընտրովի մարմիններինՙ նախագահին եւ խորհրդարանին», հույս է հայտնում պրն Թավադյանը:
Սակայն, քանի որ հիմնական օրենքում փոփոխություն կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով, այս պահին պալատը սահմանափակվում է ԱԺ շրջանակներում գործող իր լիազորությունների որոշակի ընդարձակմամբ, հույսով, որ հետագայում ավելի հեշտ կլինի ընդունվելիք սահմանադրության շրջանակներում լիակատար անկախություն ապահովել իր համար: Որպես իրավասությունների ընդլայնում, 2002 թ. գործունեության իր ծրագրում պալատը ընդգրկել է մինչ այժմ իր վերահսկողությունից դուրս առողջապահության նախարարության գործունեությունը եւ նույն համակարգում վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ ընդերքի պաշարների օգտագործման արդյունավետության ուսումնասիրությունները: «Մենք նոր օրենքում առաջարկում ենք մտցնել նաեւ միջնորդագրի ինստիտուտը: ԱԺ իրավաբանական վարչությունն առաջարկել է մտցնել նաեւ կարգադրագրի մեխանիզմը: Այսինքնՙ վերահսկվող օղակը կամ պետք է մեր միջնորդագիրը, կարգադրագիրը կատարի, կամ պետք է չեղյալ հայտարարի միայն դատական կարգով»: