ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության առնչությամբ մտքերի փոխանակության նպատակով մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը: Այս մասին «Նոյյան տապան»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին: Ըստ նրա, Մեղրու հիդրոէլեկտրակայանի շինարարության հարցում իրանական կողմը սպասում է Հայաստանի էներգետիկայի նախարարության քայլին, որպեսզի երկու կողմերի տեխնիկական մասնագետները կապ հաստատեն միմյանց հետ: Դեսպանը նաեւ հայտնեց, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացումը կսկսվի հայ-թուրքմենական բանակցությունների ավարտից հետո: Նշենք, որ այդ բանակցությունների եւ գազատարի շինարարության հաջող ավարտից հետո Հայաստանը կսկսի Իրանի տարածքով ներմուծել թուրքմենական գազ:
Վարդան Օսկանյանը կայցելի Վրաստան
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 11-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այս մասին հաղորդելով, Փրայմ նյուսը նշում է, որ Վարդան Օսկանյանը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, ինչպես նաեւ խորհրդարանում եւ արտգործնախարարությունում ունենալիք հանդիպումների ընթացքում կքննարկի տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: