Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվական համակարգ, 5 փետրվար: Փետրվարի 5-ին, Սրբոց Ղեւոնդյանց քահանայից տոնին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ քահանայական ժողովՙ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ատենապետությամբ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի, Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մասնակցությամբ Հայաստանի եւ Արցախի թեմակալ առաջնորդների եւ քահանայից դասի:
Մեկօրյա նիստերում լսվեցին բանախոսություններ եկեղեցական համայնքների, ծխերի վերակազմավորման եւ հեռանկարների մասին:
Առանձնահատուկ կարեւորությամբ շեշտվեց, որ հավատացյալ հայ ժողովուրդը կարիք ունի կրոնական հիմնարար դաստիարակությանՙ անաստվածության անպտուղ տարիներից հետո վերականգնելու համար ոչ միայն մոռացվածը, այլեւ լավ ճանաչելու եւ պահպանելու մեր պատմության մեծագույն նվաճումը եւ մեր հավատքի ջահակիրը հանդիսացող Քրիստոսահիմն Հայաստանյայց եկեղեցին:
Ազատ եւ անկախ հայրենիքի այսօրվա իրականության պայմաններում Հայ եկեղեցու գահանիստ Մայր աթոռ Սբ. Էջմիածինը առավել ջանասիրությամբ ու նվիրումով պիտի աշխատի ժողովրդին հեռու պահել կրոնական պառակտող շարժումներից, նպաստի ազգային միասնականության եւ հզոր պետականության կայացմանը:
Վեհափառ հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց ժողովականներին, հորդորելով Սրբոց Ղեւոնդյանց քահանայից օրինակով առաջնորդել ժողովրդի բոլոր խավերինՙ քրիստոսահիմն հավատքի եւ ազգային միակամության գիտակցումով եւ անմնացորդ նվիրումով ծառայել 2000-ամյա մեր եկեղեցու պայծառացմանը: