«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ՊԱՐՏՔԵՐԸ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՇՎԻՆ

Սպասվող արտահերթ նիստը րոպեավճարի «ընդդիմադիր» պատգամավորները չկարողացան իրականացնել: Ստորագրություններ ներկայացրել էին 44 անհրաժեշտ պատգամավորներից ընդամենը 25-30-ը: Փոխարենը «Արմենտելի» հարցերով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը պարզաբանումների համար հրավիրել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որի խոսքերը, սակայն, շատ ավելի նոր հարցեր առաջացրին, քան մտահոգությունները ցրեցին:

«Արմենտելի» հետ տարված բանակցությունները նյութական եւ բարոյական հաղթանակ հռչակած նախարարն ընդհանուր առմամբ նշեց, թե որպես ձեռքբերում կարելի է առանձնացնել այն խնդիրների կարգավորումը, որոնք առնչվում են սակագները կարգավորող անկախ հանձնաժողովի ստեղծմանը եւ նրան տրված լիազորություններին, քանի որ նախ առկա օրենքն այդ նպատակով փոխելը նոր հակասությունների տեղիք էր տալու եւ ապա լիցենզիայով նման կառույց նախատեսված չէր: Երկրորդՙ «Արմենտելի» տնօրենների խորհրդում մշտական գործող եւ այդ ընկերության կողմից վարձատրվող հայկական կողմը ներկայացուցիչ կունենաՙ ներկայիս նույն լիազորությունները կրող կապի եւ տրանսպորտի փոխնախարարի փոխարեն: Նախարարը ձեռքբերումներից հիմնականը համարեց «Արմենտելի»ՙ կառավարությանը մատուցած տարբեր ծառայությունների դիմաց գործադրի ունեցած 2 մլրդ 250 մլն դրամ պարտքի զիջումը:

Որ կառավարությունն իր այս հսկայական պարտքի մասին հայտարարում է թերեւս առաջին անգամ, դեռեւս զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ ըստ էության իր պարտքերը «ջրելու» դիմաց կառավարությունը համաձայնել է րոպեավճարի ներդրմանը եւ որպես դրա փոխզիջում Դավիթ Հարությունյանի շուրթերով համարում է 1 տարով OTE-ի ներդրումային պարտավորությունների երկրորդ 100 մլն դոլար մասնաբաժնի հետաձգումը: «Ներդրումը եւ րոպեավճարը տարբեր իրավական ակտերով կարգավորվող երեւույթներ են: Ներդրումները կարգավորվում են բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով, իսկ րոպեավճարըՙ լիցենզիայով», հայտարարում է նախարարըՙ հստակ ասելով, որ ներդրումային հարցերը կարգավորել կարող են միայն հունական OTE ընկերության հետ, քանի որ հիշյալ բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը կնքվել է հենց OTE-ի հետ: Մինչդեռ OTE-ն հրաժարվել է մասնակցել բանակցություններին, նախարարի խոսքովՙ «դրանց պատրաստ չլինելու» պատճառաբանությամբ: Եթե այդպես է, ապա կառավարությունը ներդրումների մասով «Արմենտելի» հետ որեւէ փոխհամաձայնության գալ չէր կարող, մինչդեռ համաձայնել է 1 տարով հիշյալ ներդրումային տրանշը հետաձգելուն: Սակայն մյուս կողմից, ըստ Դավիթ Հարությունյանի, նույն պայմանագրով OTE-ն պետք է դրդեր «Արմենտելին» կատարել ներդրումները: Այս դեպքում պարզ է դառնում, որ այսպես թե այնպես «Արմենտելը» պատասխանատու է ներդրումների համար, եւ կառավարությունը շատ հանգիստ կարող էր ընկերության առջեւ որպես բանակցությունների նախապայման դնել ներդրումների կատարման հարցը:

Ավելինՙ կառավարությունն անգամ հարկ չի համարել բանակցությունների սեղանին դնել միջգերատեսչական հանձնաժողովի ստուգումները, արդարադատության նախարարի խոսքով, «կասկածներ կան, որ թերացումներ եղել են»: Ըստ նախարարի, դրանք որեւէ իրավական հիմք չէին կարող ունենալ:

Գործադիրը նույն հաջողությամբ իր նյութական հաղթանակն է համարում նաեւ այն փոխհամաձայնությունը, համաձայն որի 90 օրվա ընթացքում կլուծվեն պայմանագրի անգլերեն եւ հայերեն տարբերակներում առկա հակասությունների եւ 800 գյուղերի հեռախոսների թվայնացման խնդիրները: Վերջինս, ի դեպ, «Արմենտելը» պարտավոր էր կատարել ըստ լիցենզիայի:

Ինչեւէ, այսօր էլ կառավարությունը պնդում է, որ ցանկացած նոր հակարոպեավճարային օրենսդրական նախաձեռնություն էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը: Խորհրդարանը եւ հասարակությունն արդեն կառավարությանը վստահել դժվարանում են, քանի որ այդպես էլ չեն կարողանում հասկանալՙ ինչպե՞ս կարող էր նախագահի եւ կապի, տրանսպորտի նախարարիՙ րոպեավճար չկիրառելու մասին հայտարարություններից հետո նման անակնկալ մատուցել իրենց: Ի դեպ, ինքըՙ բանակցություններում հայկական կողմի պաշտպան Դավիթ Հարությունյանը, երեկ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ընթացքում ամեն կերպ խուսափում էր պատասխանել Արամայիս Բարսեղյանի նույն հարցին: Նրան այդ անել հաջողվում էր հիանալի կերպով:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4