«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՋՐԱՎԱՐՁԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Սակայն կազմել է ընդամենը 26,5 տոկոս

Երեկ 2001 թ.-ի տարեկան հաշվետվությունը ներկայացրին ՀՀ կառավարությանն առընթեր 2 մարմիններիՙ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ գնումների պետական գործակալության պետերը: Առաջինը լրագրողների հետ հանդիպեց եւ երկրի ջրային տնտեսության կացության մասին պատմեց Գագիկ Մարտիրոսյանը: Ըստ այդմ, 2001 թ.-ին, նախորդ տարվա համեմատ «Հայջրմուղկոյուղի» եւ «Ոռոգում» ընկերությունները մատակարարված ջրի դիմաց ավելի են գանձել 712 մլն դրամ եւ խնայել մոտ 30 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա: Կրեդիտորական պարտքերը նվազել են 511 մլն դրամով, աշխատավարձի պարտքերըՙ 36 մլն-ով: Հաշվետվությունն արձանագրում է նաեւ, որ անցյալ տարի խմելու ջրի մատակարարման ավելացում տեղի չի ունեցել:

Երեւանում մատակարարվել է 115,5 մլն խմ ջուր, որի դիմաց պետք է վճարվեր 6132 մլն դրամ: Փաստացի գանձվել է 1624 մլն դրամ կամ ընդհանուրի 26,5 տոկոսը: Բնակչությունից գանձված գումարը կազմում է ընդամենը 10 տոկոս: Այնուամենայնիվ, գանձումների մակարդակն ավելացել է ընդհանուր առմամբ 35 տոկոսով, իսկ բնակչությունիցՙ 38 տոկոսով:

Ջրային տնտեսության կոմիտեն աշխատանքներ է տարել նաեւ համակարգի օրենսդրական դաշտի զարգացման ուղղությամբ: Մշակվել են «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերություններին հարկային եւ սոցապ վճարումների գծով արտոնություններ տալու մասին, «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին», «Համատիրության մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» օրենքների նախագծերը, ջրային օրենսգիրքը: Իրականացման փուլում են միջազգային մասնակցությամբ մի շարքՙ այդ թվում պատվարների անվտանգության, համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ու այլ ծրագրերը:

Համակարգի կարեւորագույն հարցերից մեկը Գագիկ Մարտիրոսյանը համարեց ջրի հաշվառման իրականացումը: 2001 թ.-ին տեղադրվել է 1145 հոսքաչափ, վերականգնվելՙ 306-ը: Ինչ մնում է բնակիչների ջրաչափերին, ապա մինչ այժմ տեղադրվել է ընդամենը 10 հազար ջրաչափ: Այնինչ ամբողջ հանրապետությունում հարկ է տեղադրել 1 մլն ջրաչափ, որից 800 հազարըՙ բնակիչների տներում: Դրանք նախատեսվում է տեղադրել մինչեւ 2005 թ.-ըՙ բաժանորդների հաշվին: Ջրային տնտեսության կոմիտեի պետը ընդգծեց, որ գոյություն ունի մեկ այլ տարբերակ եւս: Ջրաչափերը շենքերի բնակարաններում կարող են տեղադրվել պետության տված կանխավճարով, սակայն բաժանորդների կողմից հետագայում այդ գումարը փոխհատուցելու պայմանով:

Տեղեկացվեց նաեւ, որ 1 խմ ջրի սակագինը հանրապետությունում 52 դրամ է, իսկ Երեւանումՙ 56: Այդ գինը սակայն ժամանակի ընթացքում բարձրանալու է: Տարբեր երկրներում դրա սակագինը տարբեր է եւ դրամային արտահայտությամբ տատանվում է 150-1200 դրամի սահմաններում: Գագիկ Մարտիրոսյանը շեշտեց, թե որքան կբարձրանա այդ գինը Հայաստանում, քանի որ նախ հարկ է ապահովել 90-100 տոկոս գանձում, ապա նոր խոսել սակագնի վերանայման հնարավորությունների մասին:

Գնումների պետական գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը, ամփոփելով գործակալության 2001 թ. կատարած աշխատանքը, հայտնեց, որ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու նպատակով պետական հիմնարկների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 6684 մլն դրամի հայտ: Մրցույթների նախահաշվային գինը կազմել է 5681 մլն դրամ: Խնայված պետական միջոցները կազմել են 506 մլն դրամ, որը շուրջ 5 անգամ գերազանցում է գործակալության պահպանման ծախսերը: Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սկզբնական շրջանում գլխավոր ցուցանիշը լինելու է հենց այս մեծ խնայողությունը: Նրա կարծիքով, հնարավորություններ կան ավելի մեծ ծավալներով գնումներ կատարել:

«Եղե՞լ են չհաջողված մրցույթներ» հարցին գնումների գործակալության պետը պատասխանեց, որ 155 մրցույթներից 26-ը չեն կայացել: Որպես օրինակ բերեց դպրոցների համար դիզելային վառելիքի գնման մրցույթը: Այն չկայացավ, եղած միջոցները փոխանցվեցին գիտության եւ կրթության նախարարությանը, որի գնած վառելիքը քիչ ստացվեց նախատեսվածից:

Մեկ այլՙ բենզինի մենաշնորհին վերաբերող հարցի կապակցությամբ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ մենաշնորհ գոյություն չունի: Որպես հավելյալ «ապացույց» նա վկայակոչեց այն փաստը, որ բենզինի գնման մրցույթին մասնակցել էին 3-4 կազմակերպություններ, սակայն դժվարացավ հիշել նրանց անվանումները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4