Հանքարդյունաբերության ոլորտի վիճակը եւ առաջիկա սպասելիքները երեկ ներկայացրեց արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: 2001 թ. նա համարեց դժվար, բայց հաջողված տարի: Թողարկվել է 41 մլրդ դրամի արտադրանք, որը 10 մլրդ դրամով ավելի է նախորդՙ 2000 թ.-ի ցուցանիշից: Մետաղական հանքավայրերի շահագործմամբ եւ խտանյութի ստացմամբ զբաղվող բոլոր խոշոր ձեռնարկություններըՙ Զանգեզուրի, Ագարակի, Ղափանի կոմբինատները, «Արմենալը», Ախթալայի լեռնա-հարստացուցիչ ֆաբրիկան, «Մանես եւ Վալեքսը» հաջողությամբ գործել են: Դրանցից, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտենում է իր հնարավորություններն ամբողջությամբ աշխատեցնելու սահմանին: Անցյալ տարի այստեղ փաստորեն կառուցվել է նոր մոլիբդենի եռօքսիդի ստացման գործարան: Ճիշտ է, բնագավառը չունեցավ այնպիսի սրընթաց աճ, ինչպիսին եղել էր 2000 թ.: Եվ նման աճ հնարավոր էլ չէր սպասել, քանի որ այն ժամանակ ձեռնարկությունների մեծ մասը նոր էր սկսել աշխատել տարիների պարապուրդից հետո: Այդուհանդերձ, վարչության պետի տեղեկատվությամբ, հանքարդյունաբերությունն այս տարի 30 տոկոսանոց աճ է ունեցել: Դրան նպաստել է նաեւ պղնձի եւ մոլիբդենի եռօքսիդի միջազգային գների բարձրացումը. պղնձինըՙ 1200 դոլարից մինչեւ 1500 դոլար, մոլիբդենի եռօքսիդինըՙ 2100-2200 դոլարից մինչեւ 2600-2700 դոլար:
Անցյալ տարվա նշանակալի իրադարձություններից էին նաեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերագործարկումը, որի համար «Մեթալ փրինսը» ներդրեց 1 մլն դոլար, «Մանես եւ Վալեքսի» կողմից նոր հանքավայրերի շահագործումը: Ախթալայի ֆաբրիկան այս տարի արդեն կսեփականաշնորհվի հավանաբար ուղիղ վաճառքի ձեւով, նկատի ունենալով, որ «Մեթալ փրինսը» այն վերականգնել է ավերակներից: Ընկերությունը ներկայացրել է «Լոռու մետաղներ» կոչվող բիզնես-ծրագիրը, որն ընդգրկում է նաեւ 4 նոր հանքավայրերի շահագործում, նոր գործարանի կառուցում:
Արթուր Աշուղյանն անդրադարձավ նաեւ անցյալ տարվա վերջին հայտարարված պղնձի խտանյութի եւ մոլիբդենի վաճառքի մրցույթին: Մոլիբդեն են գնել Մաքուր երկաթի գործարանը, «Սամսունգը», «Կոմսատը», «Կրինսանը», պղինձՙ «Գլինկորը» եւ «Մանես եւ Վալեքսը»: Հանքարդյունաբերության վարչության պետը հատկապես կարեւորեց այն փաստը, որ որպես գործընկեր ունեցանք «Սամսունգի» նման ընկերություն: Անդրադառնալով Մաքուր երկաթի գործարանի տնօրենի արտահայտած դժգոհությանը, որ այս ընկերությանը նախորդ տարվանից ավելի քիչ մոլիբդեն է վաճառվել, նա նշեց, որ գործարանի առաջարկը լավագույնը չէր: Այնուամենայնիվ, ներքին արտադրողն ազատված է եղել կանխավճարների մուծումից: Ինչպես Մաքուր երկաթի գործարանը, այնպես էլ «Մանես եւ Վալեքսը» լուրջ խնդիրներ ունեն նաեւ բնապահպանության ոլորտում: Արթուր Աշուղյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վաճառող ընկերությունները եւս տեղական արտադրողներ են (Քաջարանի եւ Ագարակի կոմբինատները), հետեւաբար հարկ է հաշվի առնել նաեւ նրանց շահերը: Դրանք առայժմ պետական են, իսկ եթե մասնավոր լինեն, ապա գնելու առաջարկ ներկայացրած ներքին արտադրողը ստիպված կլինի ավելի լավ առաջարկ ներկայացնել:
«Հայոսկու» մնացած բաժնեմասը ռազմավարական ներդնող FDM ընկերությանը վաճառելու վերաբերյալ, ըստ վարչության պետի, սկզբունքային համաձայնություն ձեռք է բերվել: Փոխադարձ պարտավորությունները ճշտվում են, որից հետո կստորագրվի պայմանագիրը: Հայկական կողմի համար հիմնական խնդիրը Սոթքի ոսկու հանքերի շահագործումը վերսկսելն է, որը 2000 թ. մայիսից դադարեցվել է: Սակայն ե՚ւ Հայաստանի կառավարությունը, եւ FDM-ն այժմ ցանկանում են վերաշահագործել հանքավայրը: Հիշեցնենք, որ FDM-ն մինչ այժմ շուրջ 30 մլն դոլար է ներդրել ոսկու արդյունահանման բնագավառում, որից միայն շուրջ 5 մլն դոլարըՙ Սոթքում:
Հանքարդյունաբերության մեջ մեծ ներդրումներ ներգրավելու հարցի մասին խոսելով, Արթուր Աշուղյանը կարեւորեց «Կոնցեսիաների մասին» օրենքի ընդունումը, որը կկարգավորի պետության իրավունքները ընդերքի նկատմամբ եւ հարաբերությունները հանքավայրերը շահագործողի հետ: Այս օրենքը կառավարությունն արդեն հաստատել է եւ ակնկալվում է, որ մինչեւ մարտ-ապրիլ ամիսները կընդունվի խորհրդարանում: Դրանից հետո 1-2 ամսվա ընթացքում պետք է հաստատվի նաեւ կոնցեսիոն օրինակելի պայմանագիրը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ