«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


«ՄԵԶ ԾԱԽԵՑԻՆ»

Թուրք ազգայնականներըՙ Հ. Ալիեւի Մոսկվա այցելության մասին

«Ազգը» հունվարի 30-ի «Թուրքիան ամենեւին ոգեւորված չէ Ալիեւի Մոսկվա այցից» վերնագրով հոդվածում գրել էր, որ «Անդրկովկասում ռուսական ազդեցության աճի եւ ռազմական ներկայության պայմաններում թուրքերը կանգնած են ադրբեջանցիների «մեծ եղբոր» հավակնություններից հրաժարվելու փաստի առջեւ: Խիստ սահմանափակվում են Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու, այնտեղից էլ Միջին Ասիա ներթափանցելու Թուրքիայի հնարավորությունները, եւ նա հայտնվում է Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը հակակշռելու ամերիկյան առաջադրանքը ձախողողի դերում»: Թուրքական թերթերը եւ պետհեռուստատեսությունը ժլատ տեղեկություններ հաղորդեցին Հ. Ալիեւի այցի մասին, միեւնույն ժամանակ ընդգծելով. «Ադրբեջանի նախագահը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակեց ռազմավարական գործընկերություն»: «Ազգի» հոդվածագիրը նկատել էր. «Ռուսաստան-Ադրբեջան մերձեցմանը թուրքերը խանդով են վերաբերվում»:

«Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Օրթադողու» պարբերականը Հ. Ալիեւի մոսկովյան այցին անդրադարձել է «Մեզ ծախեցին» հոդվածով: «Ադրբեջանի համար ռազմավարական առումով կարեւոր Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Հ. Ալիեւը փոխանցեց ռուսներին 111 մլն դոլարով: Ալիեւը 10 տարում պետք է ստանա այդ գումարը: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված պայմանագրով ռուսները կարող են Գաբալայում տեղաբաշխել մինչեւ 1.500 զինվորական», գրում է թերթը, ընդգծելով, որ ռուսները Գաբալայից կարող են վերահսկել Թուրքիայի ռազմական ուղղաթիռների եւ զրահամեքենաների տեղաշարժը, եւ բացի դրանցից, թուրքական ռազմական գաղտնիքները տրվելու են Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: «Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը շեշտել է, որ այդ պայմանագիրը կվտանգի Ադրբեջանի եւ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունները», գրում է «Օրթադողուն»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4