«Ինդիփենդենտ» անգլիական թերթի Միջին Արեւելքի թղթակից Ռոբերտ Ֆիսքը թերթի հունվարի 24-ի համարում գրում է, որ Միացյալ Նահանգների խոշորագույն փիլիսոփաներից եւ լեզվաբաններից Նոամ Չոմսկին դարձել է «ահաբեկիչների» թուրքական հետապնդումների թիրախը:
Հազիվ երկու ամիս էր անցել այն օրվանից, երբ Եվրամիությունը ողջունել էր խոսքի ազատությանը նպաստող թուրքական նոր օրենքի ընդունումը, Անկարայի իշխանությունները, շահարկելով հակաահաբեկչական գործողությունների միջազգային արշավը, դատական հետապնդումների գործընթաց են սանձազերծել Չոմսկիի թուրք հրատարակչի դեմ, գրում է Ֆիսքը եւ ավելացնում. «Արամ» հրատարակչատան աշխատակից Ֆաթին Թասին սպառնում է մեկ տարվա ազատազրկում «Ամերիկյան ինտերվենցիոնիզմ» գրքի հրատարակման համար: Այդ գրքում, որը պարունակում է Չոմսկիի վերջին շրջանում գրած էսսեները, խստագույն քննադատության է ենթարկվում քուրդ փոքրամասնության հանդեպ Թուրքիայի ցուցաբերած վերաբերմունքը: Հարվարդի համալսարանի դասախոս պրոֆ. Չոմսկին պատրաստվում է Թուրքիա մեկնելՙ ներկա գտնվելու փետրվարի 13-ին կայանալիք Թասի դատավարության առաջին նիստին: Նա արդեն այդ հարցի վերաբերյալ գրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով բարձրագույն հանձնակատարին, ընդգծելով, որ թուրքական օրենքների բարեփոխումները պետք է խոսքի ավելի լայն ազատություններ տային քաղաքացիներին, եւ ոչ թե ավելի սահմանափակեին ազատությունները: Թուրքիա այցելության ընթացքում Չոմսկին ծրագրում է քուրդ ակտիվիստների հանդիպել Դիարբեքիր քաղաքում: Եթե նրան թույլատրվի գնալ այդ տարածքը, Թուրքիան «հանձնած» պիտի լինի ազատությունների քննությունը:
Իր էսսեներից մեկում, որը միաժամանակ համալսարանի դասախոսությունների շարքի թեմաներից է, Չոմսկին գրում է. «Քրդերը չափազանց ճնշված են եղել արդի թուրքական պետության ամբողջ պատմության ընթացքում: 1984-ին թուրքական կառավարությունը լայնածավալ պատերազմ սանձազերծեց երկրի հարավ-արեւելյան շրջաններում ծվարած քուրդ բնակչության դեմ: Տասնյակ հազարավոր քրդեր մահացան, մոտ 3,500 գյուղեր ավերվեցին, որի հետեւանքով առաջացան 2-3 միլիոնի հասնող փախստականներ»:
Այս էսսեն, ըստ թուրքերի, բռնարարքների խթան կարող է հանդիսանալ: Թուրքիայի գլխավոր դատախազ Բեքիր Ռայիֆ Ալդեմիրը այն որակել է «անջատողական կրքեր բորբոքող» գրություն: ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակներում մեծ համբավ վայելող, հրեական ծագումով Չոմսկին միշտ էլ անխնա քննադատության է ենթարկել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներինՙ Թուրքիային ցուցաբերած բարյացակամության եւ հատկապես զենքերի մատակարարման համար: Նա խիստ զայրացած է դատական գործի հարուցման առիթով: «Դա քաղաքացիական եւ ընդհանրապես մարդու ամենատարրական իրավունքների կոպիտ խախտում է», ասել է նա: Եվրամիությունն առայժմ լուռ է մնում այս հարցի վերաբերյալ:
Հ. Ծ.