«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ԷՋԵՎԻԹԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Սպառնալիքը չափազանց լուրջ է»

Վերջին շրջանում պաշտոնական Վաշինգտոնը մերթ Իրաքին է սպառնում, մերթՙ Իրանին: Նրա սպառնալիքները հետզհետե մտահոգիչ են դառնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի մյուս երկրների համար: Հարցը սակայն սոսկ այդ երկրները չեն, այլեւՙ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները: Փետրվարի 2-ի համարում «Ազգը», անդրադառնալով Իրաքի դեմ ռազմական գործողությունների դիմելու ամերիկյան նկրտումներին, կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանի երկրներն այդ հարցում դեմ են ԱՄՆ-ին, Ֆրանսիան եւ Գերմանիան հավանություն չեն տալիս նրան, իսկ Ռուսաստանը, Չինաստանը կտրականապես հակադրվում են:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակներում Իրանի վրա հարձակվելու Վաշինգտոնի պատրաստակամությանը, ապա դա էլ, բացի վերոհիշյալ երկրներից, բախվում է նաեւ Եվրամիության բոլոր անդամների, ինչպես նաեւ Հնդկաստանի հակազդեցությանը: Հարկ է սակայն նշել, որ ամերիկացիներին հետաքրքրում է ոչ այնքան միջազգային հանրության հակազդեցությունը, որքան աշխարհին միանձնյա ուղղություն տալու առաջադրանքը: Այդ իսկ պատճառով չեն դադարում Իրաքին եւ Իրանին հասցեագրված սպառնալիքները:

Սա ոչ այլ ինչ է, քան ռազմական գործողություններն Աֆղանստանով չսահմանափակելու վճռականության դրսեւորում: Վաշինգտոնի այդ վճռականությունը, սակայն, հարց է առաջացնումՙ ո՞րն է լինելու հաջորդ թիրախը: Թերեւս այդ հարցին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնին հղած նամակով պատասխանում է Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը:

Փետրվարի 4-ին պատրաստված այդ նամակը հասցեատիրոջն է փոխանցվել Բաղդադում թուրքական դեսպանատան միջոցով: Ըստ «Հյուրիեթի», Էջեւիթը նախազգուշացրել է նախագահ Հուսեյնին մասնավորապես գրելով. «Հավանաբար Դուք ինքներդ գիտեք, թե մենք ինչպիսի զգոնություն ենք ցուցաբերում հարեւան Իրաքի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Ձեր երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցերում, ընդ որում, մեծ զոհաբերությունների գնով»:

Այնուհետեւ Էջեւիթը շարունակում է. «Ներկայումս Իրաքը կանգնել է նոր սպառնալիքի առջեւ: Դրա չեզոքացման համար բուռն գործունեություն ենք ծավալում: Սակայն մեր գործունեության դրական արդյունքն անմիջականորեն պայմանավորված է այն գործնական քայլերով, որոնք անհապաղ կկատարի Իրաքը, հատկապես կվերացնի ՄԱԿ-ի տեսուչների դեմ հարուցվող բոլոր խոչընդոտները: Եթե իրավիճակի լրջությունը չգիտակցեի, այդ մասին Ձեզ զգուշացնելու պարտավորություն չէի զգա: Եթե Ձեր երկրի տարածքում թույլ չտաք ՄԱԿ-ի վերահսկողությունը, վտանգավոր իրադարձություններից մեծապես կտուժի նաեւ Թուրքիան: Թերեւս այդ պատճառով է, որ մենք այդ հարցում խիստ զգայուն ենք»:

Էջեւիթն իր նամակի վերջում ՄԱԿ-ի տեսուչների առնչությամբ Սադդամ Հուսեյնին մեկ անգամ եւս նախազգուշացնում եւ խնդրում է խոչընդոտ չհարուցել, հայտնելով իր հարգանքները: Թուրքիայի վարչապետի նամակը մեկնաբանության կարիք թերեւս չի զգում: Նա դրանով մատնանշում է ԱՄՆ-ի հաջորդ թիրախը: Հարկ է սակայն նշել, որ այս մատնանշումն ինքնին նոր հարցի տեղիք է տալիս: Եթե հաջորդ թիրախն Իրաքն է, ապա ինչո՞ւ է Վաշինգտոնը շարունակում Իրանին սպառնալ: Ըստ երեւույթին, սպառնալիքով Իրաքի դեմ ագրեսիային հակազդելու հնարավորությունից Իրանին զրկելու, ինչպես նաեւ այդ երկու երկրների մերձեցումը սպառնալով կանխելու նպատակով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4