88-ին եւ հաջորդած տարիներին ակնհայտ կորուստների ու շատ ձեռքբերումների շարքում ուրախալի փաստ էր հայերենի նկատմամբ նոր վերաբերմունքը: Խորհրդային տարիներին նվաստացած, ինչ-որ տեղ գավառային համարվող հայերենը ասես վերագտնում էր ոսկեղենիկ լեզվի իր նախկին շուքը: Համապատասխան գերատեսչությունը եւ մտավորականության մեծ մասը հետամուտ էին լեզվական անաղարտությանը: Ի վերջո, հայերենի իրավունքները պաշտպանված են ՀՀ սահմանադրությամբ: (Բայց դե, տերն ո՞վ է): Տարիների հետ անտարբերությունը մեծացավ, եւ այս ալիքը խլացրեց նաեւ լեզվական շարժումը: Իհարկե, այս ընթացքում էլ եղել են նման անդրադարձներ մամուլում, հեռուստատեսությամբ, անց են կացվել ստուգայցեր, բայց ավելի անհետեւողական եւ նկատելիորեն անկարեւորելի: Օտար լեզուների նկատմամբ մեր օրեցօր աճող հետաքրքրություններից հայերենը ցավալիորեն նահանջում է եւ թանկ կորուստների գնով:
Այսօրվա հայոց լեզվի վայրենի աղավաղումներինՙ համեմված ժարգոնային եւ օտարամուտ նորանոր բառամթերքով եւ մերժելի արտահայտություններով, ավաղ, հաղոդակից ենք ոչ միայն մեր առօրյայում, փողոցներում, հասարակական վայրերում, այլեւ տպագիր խոսքում, որ ավելի նկատելի էՙ հեռուստառադիոհաղորդումներում: Նրանցից շատերում («Բումերանգ», «Ռուբիկոն», «Սեկտոր-պրո», «Հիթ-շքերթ», «Բլից», «Բեռնարդ շոու») խոսքի անհասկանալի արագությամբ (ասես շուտասելուկ), հայերենին խորթ շեշտադրությամբ (խոսքերը մեկ արած շեշտադրում են բառի նախավերջին վանկի, իսկ հաճախ էլ առաջին վանկի ձայնավորները), երիտասարդ շատ հաղորդավար-հաղորդավարուհիներ (մոդեռն երեւալու նկատելի ճիգով) երբեմն օտար արտահայտություններից զերծ, իրենց անգիր սերտած տեքստերում հասնում են խոսքի անհեթեթության, ճիշտ է, արտաբերելով քերականորեն անսխալ նախադասություններ, բայց բառերի իմաստները խեղաթյուրելով կամ նրանց նշանակությունը չհասկանալով, երբեմն էլ անհարկի գործածություններով: Ինչպեսՙ «Չեմ ուզում շաղակրատել ձեր համբերությունը», «Մեր հեռախոսի համարն ապաքինվել է», «-Ինչպիսի՞ն է ձեր երեւակայությունը գեղեցիկի եւ հավերժի հետ»: «-Ընդմիշտ» («Բումերանգ»): Հեռուստաեթերը ողողված է լեզվական բազմաթիվ անճշտություններով. «Սրտից բխվելովՙ ձեզ ասում ենք», «Իսկ հիմա կատարեք խորը շունչ», «Նյութապես ապահովվածն է կանգնում մեկի վրա», «Հարցը հնչեցվում է այս տաղավարում», «Դա կյանքում արդեն պարզած է», «Հաչելու են կրքոտ ֆուտբոլասերների աչքերի առջեւ» («Բեռնարդ շոու», «Բլից», «Կեսգիշերային շշուկներ»): Այս հաղորդումների բովանդակությանը չենք անդրադառնումՙ սին ու անճաշակ հումոր, որով հագեցած էին հատկապես ամանորյա մի քանի հաղորդումներ, ուր զարմանալիորեն գռեհկացված էին անգամ Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկըՙ կիսամերկ, վուլգար գրիմով ու շարժուձեւով:
Գովազդների հայերենին դեռեւս առիթ կունենանք անդրադառնալու, առայժմ հիշենք մի քանի օրինակներ (ուշադրություն դարձրեք մակդիրների ընտրությանը)ՙ «Մազերի կայուն ներկ», «Կահույքի ընդլայնված տեսականի», «Վարսահարդարների հատընտիր խումբ», «Սրանք օղիներ են մեծատառով» եւ այլն:
Չչարաշահենք ընթերցողի համբերությունն այս նմուշներով եւ առայժմ սահմանափակվենք այսքանովՙ հաղորդավարներին խորհուրդ տալով բծախնդրորեն հետեւել ոչ միայն իրենց արտաքինին (համապատասխան հագուստ, չափավոր գրիմ, անկաշկանդ ու բնական պահվածք), այլեւՙ խոսքին, իսկ մենք բոլորս աշխատենք պահպանել հայերենի արժանապատվությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ