«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Վերջերս մեր բարձրագահ օրենսդիրներից մեկն արտասահմանյան հերթական «հյուրախաղերից» վերադառնալով հայրենիք, օդակայանում իրեն անհամբերությամբ սպասող լրատվամիջոցներին նախ եւ առաջ շտապեց ի լուր ազգի հայտարարել այս անգամ իր միակ ու գլխավոր հայտնագործությունն իբրեւ ազգային-հայրենասիրական էվրիկաՙ սիրելի ազգ, ասաց, աշխարհում վաղուց գլոբալիզացիա կա, իսկ մենք էշի ականջում անկախաբար քնած ենք, պետք է, վերջապես, արթնանանք եւ ընդառաջ վազենք այդ մեծն գլոբալիզացիային, մեր պես հինավուրց ու տաղանդավոր ազգին ամոթ է համաշխարհային զարգացումներից հետ մնալ:

Իսկապես, ամոթ է: Բայց այստեղ մի պահ կանգ առնենք եւ փորձենք շատ ընդհանուր գծերով տեսնել ու զգալ գլոբալիզացիա կոչվածի բուն էությունը: Այս «մոդեռն» բառի հիմքում ընկած է անգլերեն (գուցե եւ անտիկ մի լեզվի) գլոբ բառաձեւը, նշանակում էՙ գունդ, երկրագունդ, գլոբուս, նույնիսկՙ միապետական-տիրակալ իշխանություն, որ տիրում է գրեթե ողջ ու ամբողջ աշխարհըՙ նրան պահելով, ինչպես ասում են, բռան մեջ: Գլոբալիզացիաՙ աշխարհամասերի, երկրների, ժողովուրդների մերձեցում, միավորում քաղաքական, փողային, տնտեսական մեկ կամ մի քանի գերհզոր ուժերի ներքո, որտեղ նախ ոսկե ձկնիկ ժողովուրդները, հետո շատ ուրիշներ կուլ են գնում շնաձկներին: Գլոբալիզացիայի մեխանիզմը ինտեգրացիան է, դարձյալ «մոդեռն» բառ, որ նորագույն մաթեմատիկայի ու երկրաչափության բանաձեւերից է մուտք գործել հասարակական կյանք: Ինտեգրացիաՙ մոտենալ, ձուլվել, միջազգայնանալՙ հանուն հնարավորինս ընդհանուր-հավաքական ապրելակարգի, որ ղեկավարվում է նույն գերհզորների կոմպյուտերային կոճակներով: Ինչ խոսք, սա զարգացում է, որ ի հայտ եկավ հատկապես անցած դարի երկրորդ կեսին եւ այս հարյուրամյակում, անտարակույս, առավել պիտի առաջադիմիՙ կլլելով նոր երկրներ ու աշխարհամասեր: Ուրեմն, մեր առջեւ կանգնած է մի խնդիր, որ այսուհետեւ ոչ թե հնանալու է, այլ, առնվազն մեկ դար եւ գուցե շատ ավելի, առավել նորանալու է, հեռավոր ապագայում հասնելով իր գագաթնակետ պայթյունին: Սակայն, չսեւեռվենք ոչ անցյալի եւ ոչ իսկ ապագայի վրա, այլ փորձենք ըմբռնել մեր այսօրվա կացությունը, որովհետեւ ապագայի սերունդներն իրենք կգտնեն խնդրի պատասխանը, հուսանքՙ մեզանից ավելի իմաստնորեն ու ճշմարիտ, թեեւ ամեն հույս չէ, որ իրականանում է քո սիրտ ու հոգու տրամաբանությամբ:

Ես զարգացման կողմնակից եմ կյանքի բոլոր ասպարեզներումՙ թե հորիզոնական երեւույթների եւ թե ուղղահայաց, որոնց հատուկ է հոգեւոր թռիչքի շարժումը: Իհարկե, տնտեսություն, կենսոլորտ, սոցիալական ու իրավապաշտպան արժեքներ, տեխնիկա, դպրոց, գիտություն (հատկապես բնական գիտությունները), պետական կառուցվածք ու կառավարման եղանակներ, քաղաքականություն, հորիզոնականի բոլոր, գրեթե բոլոր դրսեւորումները պետք է ինտեգրանալով գլոբալիզացվենՙ հիմնվելով մարդկության մարդասեր, առաքինի, գեղեցիկ նվաճումների վրա, նրանց երկխոսությունն ու բազմախոսությունը կարեւոր է դժվար աշխարհը մի որոշ չափով հեշտացնելու, մարդու համար կյանքի բավարար պայմաններ ստեղծելու գործում: Ընդունենք, որ սա գլոբալիզացիայի դրական միտումն է: Բայց ամեն քաղցր ու դրական երեւույթ ունի նաեւ, հավատացեքՙ ունի, դառն ու բացասական ենթաշերտ: Այդպես եւՙ գլոբալիզացիան: Վերջերս լույս տեսած «Գլոբալիզացիան եւ Հայաստանը» հոդվածի հեղինակները («Հայացք Երեւանից», 2001, թիվ 9) նշել են երեւույթի մի քանի երկբեւեռ հատկանիշներըՙ պարզորոշ հասկացնելով, որ չի կարելի միանշանակորեն ընդունելի դարձնել աջ կամ ձախ մոտեցմամբ, գլոբալիզացիան, իսկապես, համաշխարհային բարդ գործողություն է եւ յուրաքանչյուր երկրում պահանջում է այդ երկրի համակ նկարագրով պայմանավորված առանձնահատուկ մոտեցումներ: Նման շրջահայացությունն ինձ հոգեհարազատ է, հայկական միամտությա՞մբ ասեմ, թե՞ հորթային հրճվանքով ամեն ինչ չընդունել հալած յուղի տեղ, բղավելովՙ էվրիկա. Մտածիր, գուցե դա ինչ-որ տեղ, թեկուզ եւ մասնակիորեն հայոց ու քո դեմ է, եթե դու քո մարդու չափով հարաբերում ես ազգին, հոպ ասելուց առաջ մի պահ միտք արա եւ նոր ցատկիրՙ ողնաշարդ չկոտրելու համար, իսկ գլոբալիզացիան որոշ էական ասպարեզներում գործ ունի հենց ազգի ողնաշարի հետ: Վերոհիշյալ հոդվածում նշված վտանգներից, միջազգային գիտական հանրության կարծիքով, ուշագրավ է ազգային պետությունների գլխին դամոկլյան սրի նման կախված սպառնալիքը, պարզվում է, «աշխարհի 3 ամենահարուստ մարդկանց ունեցվածքն ավելին է, քան 48 երկրների բյուջեների գումարը, այսինքնՙ աշխարհի պետությունների 1/4-ից ավելի մեծ ֆինանսական հզորությունների են տիրապետում ընդամենը 3 մարդ», որոնք պետություն չեն, սակայն պետություններ են ղեկավարումՙ թուլացնելով նրանց, ի վերջո ի չիք դարձնելով նրանց ազգային դերն ու պարտականությունները: Ռուսաստանի նախագահ Պուտինի պայքարն ընդդեմ իր օլիգարխներիՙ ռուսական պետությունն ուժեղացնելու ազգային միտում ունի, դա ռուս ազգի շահերից ելնող թափանցիկ ընդդիմական քաղաքականություն է գլոբալիզացիայի բացասական զարգացումներին:

Գլոբալիզացիա - պետություն զուգահեռները, որոնք հակաերկրաչափորեն, ուրեմն եւ հակաբնական շարժումով հատում են իրար, ինձ թվում է, մեզ համար ամենամտահոգիչներից են: Նաՙ այդ գազանը, եթե ոչ չորս, ապա մեկ-երկու ոտքով արդեն մտել է մեր երկիր եւ նրա շոշափուկների դեղին շնչառությունը զգալի է ամբողջ ազգի վրա: Գուցե լավագույն եւ ամենաբնորոշ օրինակները չենՙ իմ իմացածն եմ ասում: Պետությունների անարդարացիորեն ձեւավորված տարածքների ամբողջականության միջազգային քաղաքական սահմանադրությունը, որն ամենաբարձր խուլ պատն է Արցախի ինքնորոշման համատարած ճանաչման գործընթացում, գլոբալիզացիայի մի շոշափուկն է: Այդ շոշափուկներից է նաեւ մարդասպանին «մարդասիրաբար» չմահապարտելու գլոբալ թելադրանքը, ահա թե ինչու հոկտեմբերի 27-ի դատավարության վանդակներում նաիրիները ծլվլում են, ասես ոչ թե իրենք են մեղավոր, որ սպանել են, այլ նրանք, ովքեր սպանվել են, քիչ է մնում ասեն, այդ օրն էլ կգա, ինքնասպան են եղել դիտավորյալ: Մի երրորդ շոշափուկ էլ ակնհայտորեն շոշափում է մեր կյանքն ու ճակատագիրը, ասված էՙ ով վճարում է, նա էլ պատվիրում է երգն ու երաժշտությունը: Վերջին տարիներս միջազգային կազմակերպությունները մեզ ահագին փող են տալիս, եւ մենք երգում ենք նրանց համար եւ նրանց նոտաներով ու գործիքներով, հետզհետե ավելի ու առավել դառնալով ռեստորանային նվագախումբ: Եվ նման ու շարունակելի. Մեր պետությունը գրկաբաց է գլոբալիզացիայի թե առաջադեմ եւ թե բռնաբարիչ-ստրկացնող շոշափուկների առաջՙ որեւէ խտրություն չդնելով նրանց միջեւ: Իսկ հայրենի օլիգարխների եւ նրանց բացարձակապես ստվերային հարստության դեմ ոչ մի պայքար, այդպիսով պետությունն ինքը չի՞ դառնում բազիսավերնաշենքային օլիգարխ.

Ձիգ դարեր չունենալով պետություն, հայ ժողովուրդը ներքուստ ունեցել է պետականության գիտակցություն ու զգացողություններՙ իր պատմագրությունը, կրոնը, գիտությունը, մշակույթն ու գրականությունը, եւ գոյատեւել դժվարին քառուղիներում իբրեւ կազմավորված ու կազմակերպված ազգ, հակառակ, նույնիսկ, պետություն ունեցող որոշ ժողովուրդների: Սակայն, ինչ խոսք, պետությունը կարեւոր համալսարան է ազգի ճակատագրում, եւ այսօր, երբ այդ պետությունը կա, մանավանդ անկախ կարգավիճակով, նրա ամրապնդումն ամեն քաղաքացու սրբազան ձգտումը պետք է լինի, որովհետեւ նա քո անձնագիրն է: Դիտելով գլոբալիզացիայի աջ ու ահյակ արշավանքը, ես մտահոգ եմ ազգային հայոց պետության ապագայի համար: Նաեւՙ ժողովրդի, որի ազգային ինքնագիտակցությունը մթագնվում է գլոբալիզացիայի խրախճանքներում եւ աստիճանաբար հեռանում իր կենարար արմատներից: Դա հատկապես նկատելի է մշակութային հեղհեղուկ քաղաքականության դաշտում, որը նույնպես քաղաքականություն էՙ իմ երրորդ, բայց ոչ երրորդական, այլ դարձյալ առաջնային մտահոգությունը:

Քիչ է պետական կառուցվածքում ունենալ մշակույթի նախարարությունՙ տալով նրան գրեթե աղքատի բախտ, եւ նրանից պահանջել ամբողջ ժողովրդի մշակութային «սպասարկումը», քիչ է նաեւ ստեղծագործական միությունների համալիրը, որ շնչահեղձ է լինում սոցիալական անապահովությունից, նրանք անում են հնարավորինս: Այն դժգոհությունն ու քննադատությունը, որ երբեմն ուղղվում է նրանց, որոշ դեպքերում մակերեսի վրա է ճշմարիտ, խորքումՙ անհիմն, ի՞նչ ենք տալիս այս ասպարեզներին պետականորեն եւ ազգովին, որպեսզի հատուցումը բավարար լինի, նույնիսկ չենք ստեղծում գործունեության նպաստավոր բարոյական դաշտ, մշակույթը դարձել է մի հետին «սորտի» հաց, առանց որի էլ, ըստ արդեն տարածված մտայնության, կարելի է ապրել, մենք ենք նրան դարձրել այդպիսին, ես շեշտում եմ մենք-ըՙ նկատի ունենալով ե՚ւ պետություն, ե՚ւ ընդարձակ հասարակական խավեր: Այս րոպեին էլ ականջիս մեջ զնգում են հանրապետության առաջին նախագահի գրող ու արվեստագետ մարդկանց ուղղված բառերըՙ դուք հիմա ազատ եք (ախր, մենք երբեք ստրուկ չենք եղել), ինքներդ արեք ձեր գլխի ճարը: Այսպես սկսվեց եւ շարունակվում է մշակույթի անտերացման տխուր գործողությունը, որը վաղը կարող է ավելի ցավալի ու տխուր լինելՙ մեզ վերջնականապես դարձնելով անհոգի եւ անհոգեւոր երկիր ու ժողովուրդ: Ուրեմն, բանաստեղծի սրտով մաղթանք անենք մեզՙ Աստված գոնե եղածը պահի, մեր տակավին ողջ ստեղծագործական եւ մտավոր ներուժը, որին, սոցիալական հիվանդություններից բացի, արդեն հալածում է նաեւ նույն գլոբալիզացիան:

Գլոբալիզացիայի ձգտումըՙ ստեղծել կյանքի ղեկավարման համատարած կաղապարներ, ներկա է եւ մշակույթի համաշխարհային դաշտում, նաեւՙ մեզ մոտ: Միջազգային նորօրյա երգ-երաժշտության, պարերի, բազում ու զարմանազան շոուների, թատերականացված ներկայացումների հայկական կապկումները (արդեն մարտական-քրեածին ֆիլմ էլ ունենք, որը ոգեւորությամբ պրոպագանդվում է) դրա մի վառ արտահայտությունն է, մշակույթի պատրանք եւ բնավ ոչ մշակույթ, սակայն ներկայացվում է, արժանանում ծափողջույնների ու բարձր գնահատության իբրեւ զտարյուն արվեստՙ հրապարակից դուրս հրելով իսկական մշակույթը: Այդ գաղջ-պղտոր հեղեղն իր հետ բերում է հասարակության բթացում կյանքի կենսական խնդիրների հանդեպ (արդարացումն ավելի քան ծիծաղելիՙ սով ու տառապանքներ ապրող ժողովրդին անհրաժեշտ է «մարդասիրական» ուրախություն ու զվարճանք), ճաշակի եւ գիտակցության անկումներ, ժողովրդի հազարամյա մշակութային նկարագրի, նրա հոգու եւ միտք-զգացմունքների թունավորում, ազգային ինքնագիտակցության նահանջ, այս եւ նման երեւույթների արդյունքում մենք օտարվում ենք մեզանից, հայրենի լեռների ծաղկաստաններում տիրականորեն գլուխ են բարձրացնում մեզ ոչ բնորոշ փուշն ու տատասկը:

Ես մեր յուղով տապակվելու կոչ չեմ անում, հայոց գիտակցականությունն ու գեղագիտական միտքը միշտ բաց են եղել աշխարհին, նրան տալով, բայց ավելի վերցնելով գեղեցիկի եւ սիրո հավերժական հունդեր, արեւելքում գտնվելով, հաճախ, մեր ոսկե թե արծաթ դարերում, շփվել ենք արեւմտյան կուլտուրայի հետ, յուրացրել նրա դպրոցի շատ դասերը, եւ եթե այս երկու աշխարհամասերի սահմանագծում ազգային էութականությամբ եվրոպացի ենք, դա, կարծում եմ, ավելի մշակույթի շնորհիվ է, քան աշխարհագրական դիրք ու դրվածքի: Այստեղ գլոբալիզացիան կուլտուրաների փոխշփում չէ մտավոր-ստեղծագործական մակարդակում, այլ, իսկորեն, նրանց դիմազրկելու քաղաքական-մասոնական գործընթաց, հատկապես ազգային-պատմական կուլտուրաների դեպքում, ինչպեսՙ ազգային խնդիրներ լուծող պետության, եւ պատահական չէ, որ ավանդական շատ կուլտուրաներ ու պետություններ այսօր իսկ ինքնապաշտպանվում են մարտնչող գլոբալիզացիայիցՙ հանդես բերելով անտարակույս առաջադիմական պահպանողականությունՙ ի սեր ազգի լիարժեք գոյատեւման:

Թեեւ, ինչպես ասացի, գրականությունն ու արվեստները կարող են ապրել նաեւ առանց պետության, մանավանդ իմաստասեր ժողովուրդների ծոցում, սակայն պետության ներկայությունը նրանց զարգացման կարեւոր խթանիչներից է, երեք «նոմինացիաներ» են մշակույթի սեւահողըՙ հայրենիք, մայր ժողովուրդ եւ պետություն:

Պետության ոչ թե ենթագիտակցության, այլ հենց սրտի ու գիտակցության դաշտում է գտնվելու մշակույթի հոգածությունըՙ որպես հանապազօրյա աշխատանք: Մեր դեպքում, ցավոք սրտի, այդպես չէ: Իսկ այսօր ժողովուրդն ապրո՞ւմ է մշակութաբանությամբ, ունի՞ հոգեւոր հացի պահանջ, գնո՞ւմ է իր գրականության ու արվեստների հետեւից, ոգեւորվո՞ւմ է մշակույթի բառն ու բանը հանդիսացող գեղեցիկի, սիրո, առաքինության, աստվածայինի իդեալներով, դարձյալ ոչ եմ ասում, որքան էլ դա ցավալի լինի ինձՙ ժողովրդի մի հյուլեիս: Ժողովուրդն ու պետությունը ձեռք-ձեռքի տված պիտի փայփայեն իրենց մշակույթը, բայց նրանց ձեռքերը նույնիսկ միմյանց չեն սեղմում, եւ մշակույթը, հիրավի, մնում է անտերունչՙ նպաստավոր պայմաններ ստեղծելով գլոբալիզացիայի ներթափանցման համար:

Հայրենիքի արմատական հիմունքներն են մայր ժողովուրդը, պետությունը, գիտական ու հոգեւոր տիրույթները, այս շարքումՙ գեղարվեստական մշակույթ, առանց որոնց հայրենիքն աշխարհամաս է: Արժե մտածել այս, ոմանց աչք ու ականջին գուցե եւ արտառոց, բանաձեւի շուրջ, նրանց շնորհիվ է հայրենիքը շնչում, մինչեւ իսկ մեկի բացակայությունն առաջացնում է զգալի շնչարգելություն եւ առիթմիա:

Նշված գլոբալ շարժումներին հակադրվելու կենսական ուժն ազգային գաղափարախոսությունն է, որը մեզանում եթե գոյություն ունի, ապաՙ սառույցների տակ, ինչպես սառցակալած գետի քաղցրահամ ջուրը: Այդ սառույցները մեր հրաշեկ արեւն էլ չի կարող հալեցնել, այլՙ միայն ժողովուրդ-պետություն հավաքական գիտակցությունը:

Սպասենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4