«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2002-02-13 | #28, 2002-02-14 | #29, 2002-02-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԸ ՎԵՐԱԳՏՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂՆ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Շնորհիվ մարկետինգի աջակցության ծրագրի

ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (որը Հայաստանում գործում է 1996 թ.-ից) անցյալ տարվա կատարած աշխատանքը երեկ ամփոփեց ծրագրի ղեկավար-համակարգող Քրեյգ Ինֆանգերը։ Մինչ այդ նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում մարկետինգի աջակցության ծրագրից (ՄԱԾ) աջակցություն են ստացել ավելի քան 50 միջին ու փոքր հայաստանյան ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությամբ, պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ։ Այս ձեռնարկություններում աշխատում է 2800 մարդ։

ՄԱԾ-ի օժանդակությունը կատարվում է երեք հիմնական ուղղություններովՙ մասնագիտական, ֆինանսական եւ մարկետինգի աջակցության։

Մասնագիտական աջակցությունը տրվում է ամերիկյան համալսարանների մասնագետների, ագրոբիզնեսի կազմակերպությունների խորհրդականների, ՄԱԾ-ի աշխատակիցների, ACDI/VOCA-ի կամավորների կողմից։ Նրանցից շատերը երկրորդ անգամ են եկել Հայաստան աշխատելու։ Ագրոբիզնեսի ձեռնարկություններում այս մասնագետներն աշխատում են նոր արտադրատեսակներ ստեղծելու, արտադրանքի որակը եւ արտադրության սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ։

Ֆինանսական աջակցությունը ձեռնարկություններին եւ ֆերմերներին տրամադրվում է վարկային ծրագրի միջոցով։ Անցյալ տարի, ըստ Քրեյգ Ինֆանգերի, ընդհանուր առմամբ տրամադրվել է 2,5 մլն դոլարի վարկ։ Վարկավորումն իրականացվում է հայկական բանկերի միջոցով, Հայաստանի համար նվազագույնՙ 15 տոկոսով։ Ամենաերկարաժամկետ վարկը կարող է տրամադրվել 4 տարով, ամենակարճաժամկետըՙ 6 ամսով։ Ամենամեծ վարկը կազմում է 50 հազար դոլար, առանձին դեպքերում կարող է հասնել 100 հազար դոլարի։ ՄԱԾ-ի վարկային ծրագրի պատասխանատուի կարծիքով, այս ոլորտն ինքնին ռիսկային է, եւ տեղական բանկերն այստեղ ներդրումներ չեն կատարում։ Ծրագիրը տրամադրում է նաեւ ապրանքային վարկՙ ապակյա տարաների, գինու շշերի կամ ասեպտիկ փաթեթների տեսքով։

Մարկետինգային աջակցությունն իր հերթին իրականացվում է մի քանի ուղղություններով. նոր արտադրատեսակների ստեղծում, փաթեթավորման բարելավում, արտահանման խթանում, ցուցահանդես-տոնավաճառներ, նոր արտաքին շուկաների բացահայտում, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեության շարունակում եւ այլն։ Մարկետինգի աջակցության ծրագիրն օգնել է հայկական ձեռնարկություններին մասնակցելու 11 ցուցահանդես-տոնավաճառների ԱՄՆ-ում, Լիբանանում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում։ Կնքվել են նոր պայմանագրեր տոմատի, գինիների, մուրաբաների արտահանման վերաբերյալ։ Կազմվել է «Հայկական մթերքների կատալոգը», որը ներառում է 29 ձեռնարկությունների արտադրած 69 սննդամթերքի նմուշ։ Կատալոգը մեծ հաջողություն է ունեցել, քանի որ նրա շնորհիվ բազմաթիվ գործարարներ տեղեկացել են Հայաստանում արտադրվող բարձրորակ գյուղմթերքների մասին։ Այս ամենի արդյունքում 2001 թ.-ին արձանագրվել են մի շարք կոնկրետ հաջողություններ։

Այսպեսՙ տեւական ընդմիջումից հետո հայկական գինիները վերագտնում են իրենց տեղը միջազգային շուկայում։ Անցյալ տարի, չնայած վրացական եւ մոլդովական գինիների մրցակցությանը, արտերկրում վաճառվել է 200 հազար շիշ հայկական գինի։ Այդ մասին տեղեկացնելով ՄԱԾ-ի ղեկավարը նշեց, որ ոչ ոք չէր կարող 2¬3 տարի առաջ մտածել նման արդյունքի մասին։ Այս տարի ակնկալվում է արտահանման ծավալների 25 տոկոս աճ։ Հայաստանի անկախացումից ի վեր սկսվել է հայկական պանրի զանգվածային արտահանումը։ Դրա մեծ պահանջարկի մասին է վկայում Քրեյգ Ինֆանգերի հիշատակած այն փաստը, որ Մոսկվայում 300 գրամանոց տուփերով այծի պանիրը վաճառվում է 6,85 դոլարով, եւ դեռեւս չի հաջողվում անընդհատ մատակարարում ապահովել։ 2001 թ.-ին արտահանվել է 4 հազար տոննա տոմատ եւ 1000 տոննա մրգի խտանյութ։ Հայկական ձեռնարկությունները հուսով են այս ծավալները մեծացնել 30 տոկոսով։

Ֆերմերային տնտեսությունների համար կանխիկ գումարի աղբյուր է ձեռնարկությունների հետ համագործակցությունը։ Վերջիններս անցյալ տարի հումք են գնել ավելի քան 17 հազար ֆերմերներից։ 2500 ընտանիքների համար ստեղծվել են կաթի վաճառքի նոր շուկաներ։ Անցյալ տարի աճել են նաեւ բուսական թեյերի, ջեմերի, մուրաբաների, չորացրած լոլիկի, շշալցված հայկական ջրի, վերամշակված մսի արտադրությունն ու արտահանումը։

Ոռոգման արդյունավետ կազմակերպման ծրագրի շրջանակներում կառուցվել եւ վերակառուցվել են 49 խորքային հորեր, որի շնորհիվ էապես բարելավվել է գյուղական շուրջ 5 հազար ընտանիքների խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը։

Թե ինչպիսի՞ն է լինելու այս տարի ՄԱԾ-ի աջակցությունը եւ որքա՞ն է կազմելու գումարային առումովՙ Քրեյգ Ինֆանգերը չցանկացավ թվեր հրապարակել եւ միայն նշեց, որ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ծրագիրը շարունակվելու է այդ երկրիՙ Հայաստանին հատկացված ֆինանսական օժանդակության շրջանակներում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4