Բոլորս ծանոթ էինք մեր հանրապետության տնտեսական վիճակին։ Ո՞վ չգիտեր, որ մինչեւ 1990 թ. մենք ունեինք զարգացած, բազմապրոֆիլ արդյունաբերություն, որի արտադրանքն արագությամբ սպառվում էր միութենական հանրապետություններում եւ դրսում։
Իշխանափոխության հետեւանքով իշխանության եկածները, չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, աշխատանքի փորձ, կազմակերպական ունակություններ, զբաղեցրին իրենց հնարավորություններից մեծ պաշտոններ, ոչ միայն չկարողացան ավելի բարձր մակարդակի հասցնել եղածը, այլեւ քանդեցին, քայքայեցին, թալանեցին... Փակվեցին արդյունաբերական ձեռնարկությունները, քայքայվեց տնտեսությունը, մարդիկ զրկվեցին աշխատանքից, վատացավ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, որը ոչ մի անգամ անհանգստություն չպատճառեց իշխանության եկածներին։ Օգտվելով ստեղծված անպատժելիության մթնոլորտիցՙ յուրաքանչյուրն իր հերթին քանդեց, թալանեց, տարավ, որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Անկեղծ ասած, ես համոզված էի, որ 1998 թ. ՀՀ նախագահը ամենայն խստությամբ հաշիվ կպահանջեր նախկին ղեկավարության յուրաքանչյուր անդամից, եւ նրանք կենթարկվեին պատասխանատվության։ Սակայն սպասածն ի չիք եղավ։ Ժողովրդի վիճակն ավելի վատացավ։ Մարդիկ շարունակեցին հեռանալ հանրապետությունից։
Ես ապրել եւ տեսել եմ 1941¬45 թթ. Հայրենական մեծ պատերազմը։ Այն ժամանակ մարդիկ շատ ավելի տնտեսական ծանր պայմաններում էին։ Ծանր էր նաեւ տնտեսության վիճակը։ Բայց այդ բոլորով հանդերձ, ոչ ոք հանրապետությունից չհեռացավ, նույնիսկ որեւէ մեկի մտքով չանցավ թողնել հայրենիքը։ Չանցավ, որովհետեւ մարդիկ այդ ծանր պայմաններում հավատով էին լցված պետության եւ ղեկավարության նկատմամբ։ 1992¬94 թթ. ցրտի, մթի մեջ նստած, կտրոնով հաց վերցնելովՙ դարձյալ Հայաստանից մեկնողներն այսքան մեծաթիվ չէին։ Հետո սկսվեց այդ արտահոսքը, որ ահավոր չափերի հասավ։ Համոզված եմ, որ գնում են ոչ այնքան ծանր ապրելակերպի պատճառով, այլ որ կորցրել են հույսը, հավատը։
Այս պայմաններում խիստ անհրաժեշտ եմ համարում, որ խելոք, բանիմաց, հասարակության ու ժողովրդի կողմից ճանաչված եւ հարգանք վայելող առանձին ղեկավարներ, նույնիսկ հանրապետության ղեկավարները հաճախ մամուլի միջոցով կամ հեռուստատեսությամբ ոգեշնչող, հուսադրող ելույթներով հանդես գան, կոնկրետ օրինակներով խոսեն, բացատրեն ամեն ինչ ամենայն ճշտությամբ։ Մեր ժողովուրդն էլ, փառք Աստծո, քիչ խոսքով ոգեւորվող, քչով բավարարվող եւ ընդհանրապես ամեն ինչին իսկապես ըմբռնումով մոտեցող ժողովուրդ է։
Այսօր շատ-շատերը թերթ գնելու հնարավորություն չունեն, ուստի հույսերը կապում են հեռուստատեսության հետ, որպեսզի նրա միջոցով ճիշտ ինֆորմացիա իմանան ամեն ինչի, ժողովրդին հետաքրքրող ընդհանուր իրավիճակի մասին։ Հեռուսատեսային հաղորդումների ժամանակ էլ այնպիսի հարցազրույցներ կազմակերպեն եւ անցկացնեն, որ դրանք ժողովրդի համար լինեն ե՛ւ տրամադրող, ե՛ւ հուսադրող։
Այդ ուղղությամբ հեռուստատեսության կատարած աշխատանքը, իմ կարծիքով, դեռ բավարար չէ։
Հեռուստատեսությունն ամբողջ օրվա ընթացքում ցուցադրում է լոտո եւ գովազդներ։ Այնքան շատ են գովազդները, որ չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մարդիկ զայրույթ են ապրում իրենց առանց այն էլ քայքայված նյարդերով։ Ինչքա՞ն կարելի է (գիտեմ նաեւ, որ գովազդն էլ անհրաժեշտություն է)։ Եթե փորձեն խրոնոմետրաժ անել, կտեսնեն, թե ինչքան է տեւում ցուցադրվող ֆիլմը եւ ինչքանՙ ցուցադրվող գովազդները, այն էլ նույն գովազդները։ Փորձեք նաեւ մանրամասն ստուգել հեռուստատեսությամբ ցուցադրվող ծրագրերը։ Կհամոզվեք, որ նույն ծրագիրը միշտ կրկնվում է։ Բացակայում են մարդկանց հետաքրքրող միջոցառումները, հաղորդումները։ Հեռուստաէկրանից, մեր բեմերից դուրս են մղվել հայ երգը, հայկական ժողովրդական երաժշտությունը։ Մեզանից որեւէ մեկը կհիշի՞, թե երբ է հայկական երգ ու երաժշտություն, երգեր ու պարեր դիտել հեռուստատեսությամբ լրիվ ծրագրով։ Ի՞նչ եղան այդ խմբերն ու անհատ կատարողները։ Ինչո՞ւ չեն հաղորդում Արաքսի Գյուլզադյանի, Նորայր Մնացականյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Շողիկ Մկրտչյանի, դուդուկի վարպետներ Լեւոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի, թառիստ Սողոմոն Սեյրանյանի, Գուրգեն Միրզոյանի եւ մյուս լավագույն կատարողների տեսաժապավենները։ Մի՞թե հաճելի պահեր չեն պարգեւել ասմունքողներ Սուրեն Քոչարյանի, Թամարա Դեմուրյանի, Սուսաննա Գաբրիելյանի եւ մյուսների ելույթները։
Ո՞ւր են մեր լավագույն պետական ու ինքնագործ խմբերը, համույթներն իրենց լավագույն կատարումներով։
Հայ ժողովուրդը երգ, երաժշտություն, պար, ասմունք սիրող ժողովուրդ է։ Դրանք մարդկանց շատ են օգնել նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Արվեստն ազգային հարստություն է, ուստի պետք է ե՛ւ ցուցադրվի, ե՛ւ պահպանվի։ Ժողովրդի ոգին, տրամադրությունը բարձրացնելու անհրաժեշտությունը պահանջում է վերանայել հեռուստատեսության գործելակերպը, ավելի ազդու ու հոգեհարազատ դարձնել հաղորդումները, հույս ու հավատ ներշնչել ժողովրդին, որը համբերությամբ սպասում է ե՛ւ տնտեսության վերականգնմանը, ե՛ւ իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ե՛ւ մեր պետության շենացմանը։
Վերականգնենք ժողովրդի կորցրած հավատը, որ ապահովենք նաեւ մեր միասնությունը, ապահովենք նաեւ հայրենիքից հեռացածների վերադարձը։
ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխատանքի վետերան, թոշակառու