Արվեստաբանը գրքեր է ներկայացնում եւ ծրագրեր
«Ազգ» թերթի խմբագրության նախաձեռնությամբ երեկ Ազգային գեղագիտության կենտրոնում կայացավ գեղագիտության կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի մամլո ասուլիսը։ Առիթը բավականին ծանրակշիռ էր. ներկայացվեցին ճանաչված ու հեղինակավոր արվեստաբանի հեղինակած եւ նրա կազմած 25 նոր գրքերը։ «Աստվածաշունչ մանուկների համար», «Հայկական հեքիաթներ», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» (հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Հովնաթանյանից Մինաս», «Եղիցի լույս», «Երվանդ Քոչար»... Տպավորիչ հրատարակչական այս գործունեությունն սկսվել է երեք տարի առաջ, երբ հրատարակվեց «Ժամանակակից արվեստի թանգարան» անչափ կարեւոր ալբոմը։
«Երբ ի մի եմ բերում մեր մշակույթի անցած ողջ ճանապարհը, գոնե վերջինՙ 20-րդ դարը, ապա կարծում եմ, որ համաշխարհային համագործակցության մեջ առանց վարանելու կարող ենք մտնել լավագույն յոթնյակի մեջ գոնե գեղանկարչության առումով,¬ այսպես ասաց Հենրիկ Իգիթյանը։ ¬ Մենք որպես ազգ գուցե լավագույն հարյուրյակի մեջ չենք մտնում։ Բայց դա անցողիկ բան է։ Շատ բան կարող է փոխվել։ Միակ ճշմարիտ չափանիշը մշակույթն է։ Այսօր մեր պատմության անցած ժամանակներից նույնիսկ քաղաքական, հասարակական ոլորտում կատարված շատ ու շատ իրադարձություններ չենք հիշում, բայց, ահա, ոչ միայն մենք, այլեւ աշխարհը գիտե, որ Սբ. Գայանե, Հռիփսիմե վանք ենք կառուցել, Ախթամար, Նարեկացի ենք ունեցել... Իրոք, այս արժեքներով են մեզ գնահատում ու բնորոշում»։
Հենրիկ Իգիթյանիՙ մեր ժամանակների լավագույն արվեստաբաններից մեկի խորին համոզմամբ, հայն ու Հայաստանն աշխարհին ներկայացնելու առաջին հաղթաթուղթը մեր մշակույթը պետք է լինի։ Բացի սրանից, ամեն ինչ անցողիկ է. մոռացվելու են ոչ միայն մեր օրերի դժվարություններն ու դառնությունները, այլեւՙ անգամ շատ ու շատ քաղաքական հաղթանակներ։
Հենրիկ Իգիթյանի կատարած այս աշխատանքը եւս (հրատարակությունները) անչափ կարեւոր են։ Մեր կերպարվեստը կարող ենք հպարտությամբ ցուցադրել աշխարհին։ Արվեստաբանը շատ է կարեւորում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով արված տպագրությունը։ Բոլոր ալբոմներն ու գրքերը տպագրվել են Երեւանի «Տիգրան ՄԵծ» հրատարակչատանը (տնօրենՙ Վրեժ Մարկոսյան)։ Այսպիսի հրատարակությունները, Հենրիկ Իգիթյանի կարծիքով, առանց ամաչելու կարելի է ներկայացնել համաշխարհային ընդհանրությանը։ Շատ ու շատ հեղինակավոր հրատարակություններ կուզենային պրոֆեսիոնալ այն մակարդակն ունենալ, որպիսին այսօր Երեւանում ստեղծվածներն են։
Հենրիկ Իգիթյանի հեղինակած գրքերն ու ալբոմները մեծ ծախսեր են պահանջում, որոնք առանց հովանավորների իրականացնել հնարավոր չէր։
¬ Իհարկե, հովանավորներ եղել են, հատկապես պետք է անպայման նշել Հայ օգնության ֆոնդի օժանդակությունը, որի շնորհիվ հնարավոր դարձավ հրատարակել «Եղիցի լույս» գիրքը։ Ժամանակին մեզ շատ է օգնել Համաշխարհային բանկ կազմակերպությունըՙ Ջեյմս Վուլֆենսոնի ղեկավարությամբ (տպագրվեց «Հայկական հեքիաթներ» գիրքը)։
Հրատարակությունների մեծ մասն իրականացել է Հենրիկ Իգիթյանի ծանոթությունների, նաեւ անձնական միջոցների շնորհիվ։ Իսկ, ահա, այժմ տպագրության է պատրաստվում Ալեքսանդր Բաժբեուկ¬Մելիքյանի ստեղծագործությունը լուսաբանող գիրք-ալբոմը։ Այս դեպքում շահագրգիռ կողմը մեր ժամանակների մեծագույն նկարչի դուստր, նույնպես նկարչուհի Լավինիա Բաժբեուկ¬Մելիքյանն է, որը վաճառված նկարներից ստացված գումարն է տրամադրելու։
Այժմ Ազգային գեղագիտության կենտրոնն իր ողջ անձնակազմով աշխատում է «Սասունցի Դավիթ» էպոսի հրատարակումն իրականացնելու համար։ Հատկապես մանուկների համար նախատեսված Նաիրի Զարյանի մշակումն արդեն թարգմանվել է ռուսերեն, մտադրություն կա թարգմանել նաեւ անգլերեն։ Աշխատանքների իրականացումը սկսելու համար որոշակի գումար է հավաքվել Նյու Յորքում եւ Չիկագոյում հայ երեխաների աշխատանքների վաճառքից։
Այս ամենը կատարվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյա հոբելյանի շրջանակներում։ Այս ամենն արդեն թույլ է տալիս Հենրիկ Իգիթյանին նոր մտահղացումների իրականացման համար։ Առաջինը կրոնի թանգարանի ստեղծման գաղափարն է, որին ջերմ հավանություն են տվել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը եւ ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը, որոնք խոստացել են ըստ ամենայնի աջակցել այս ծրագրի իրականացմանը։
¬ Այս թանգարանում ցուցադրվելու են աշխարհի բոլոր ժողովուրդների երեխաների ստեղծագործություններըՙ անկախ ազգությունից, ռասայից ու հավատքից,¬ ասում է արվեստաբանը։ ¬ «Աստված մեկ է, բոլոր ժողովուրդները եղբայրներ են» նշանաբանով ստեղծվելիք թանգարանը, կարծում եմ, օգտակար կլինի ոչ միայն այդ երեխաների, այլեւ մեզ համար։
Հենրիկ Իգիթյանն իրատեսորեն է գնահատում մեր տեղն ու դիրքն աշխարհում։ «Թող մեզ չթվա, թե ողջ աշխարհը մեզ ճանաչում է։ Ոչ, այդպես չէ։ Իհարկե, գիտնականները, մշակույթի պատմությամբ զբաղվողները լավ գիտեն հայերին ու Հայաստանը, սակայն մեզ աշխարհին ծանոթ դարձնելու ճանապարհներից մեկն էլ ես այս նախաձեռնությունն եմ համարումՙ կրոնի թանգարանի ստեղծումը»։ Ու որպես ապացույց, Հենրիկ Իգիթյանը ցույց է տալիս Իրանում տպագրված մի քարտեզՙ «Մետաքսի մեծ ճանապարհը»։ Քարտեզի վրա Թիֆլիսն ու Բաքուն նշված են, իսկ, ահա, Երեւանը չկա։ Իրենց մե՞ղքն էՙ հրատարակիչներինը։ Անշուշտ։ «Բայց նաեւ մեր մեղքն է, որովհետեւ ինքներս մեզ չենք կարողանում ըստ արժանվույն ներկայացնել։ Այսինքնՙ մենք պետք է մեր տերը լինենք»։
Հենրիկ Իգիթյանը հայտնեց, որ ցանկություն ուներ եբրայերենով տպագրել «Եղիցի լույս» ժողովածուն։ Բայց այս մտահղացումն առայժմ չի իրականացել, որովհետեւ արվեստաբանը գրքի առաջաբանում նշել է, որ ընտրյալ ազգ գոյություն չունի աշխարհում, Աստծո առաջ բոլոր ազգերը հավասար են։ Բացի այդ, կարեւոր խանգարող հանգամանքն այն է, որ հրեաները որպես մասսայական ազգային ցեղասպանություն ընդունում են միայն Հոլոքոսթը... Կան, իհարկե, դժվարություններ։ Սակայն Հենրիկ Իգիթյանն այն մարդը չէ, որ հուսալքվի։
Հիմա էլ պատրաստվում է ստեղծել Հովհաննես Այվազովսկու թանգարան... Սեւանի ափին («Մեր ծովն էլ Սեւանն է, չէ՞, այսօր»)։ Այս թանգարանում, ավելի ճիշտՙ նկարիչների կենտրոնում մեկ-երկու-երեք ամիս կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից հրավիրված նկարիչներ, որոնց սնունդը, օթեւանը եւ հանգիստն ապահովելովՙ պայմաններ կստեղծվեն ազատ ստեղծագործելու համար։ Տարօրինա՞կ է գաղափարը։ «Իհարկե, ոչ,¬ ասում է Հենրիկ Իգիթյանը։ ¬ Տեսեք, Մոսկվայում գործում է պուշկինյան պատկերասրահը։ Ի՞նչ է, սա տարօրինա՞կ է»։
¬ Ծրագրեր շատ կան, անչափ շատ,¬ ասաց արվեստաբանը։ ¬ Մենք ցանկանում ենք տպագրել Կոստան Զարյանի «Իսպանիան» ռուսերենով։ Հրաշալի գործ էՙ թեկուզ ռուսերենով աշխարհին ներկայանալու համար։ Կամՙ շատ հրաշալի նկարիչ երեխաներ կան, որոնցից մի քանիսի ալբոմներն անհրաժեշտ է հրատարակել։
Պատրաստվում են մի շարք վերակառուցողական աշխատանքներՙ Ազգային գեղագիտության կենտրոնում եւ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Գումարներ հատկացրել է Լինսի հիմնադրամը, որի համար եւ հիմնադիր ղեկավարներին, եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհակալությունն է հայտնում Հենրիկ Իգիթյանը։
«Խնդրում եմ հաշվի առնել,¬ ասում է նա, ¬ որ մենք չենք խնդրել։ Նախաձեռնությունը եղել է ՀՀ նախագահինը»։
... Ծրագրեր, ծրագրեր։ Դրանք շատ են։ Հավատում ես, որ Հենրիկ Իգիթյանը կիրականացնի իր բոլոր մտահղացումները, որովհետեւ մինչ օրս այդպես է եղել։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ