«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2002-02-16 | #31, 2002-02-19 | #32, 2002-02-20


ԱՍԿԱՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԸ ՀԱՐՎԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» անգլիատառ շաբաթաթերթը տեղեկացնում է, որ հունվարի 21¬23-ը Հարվարդ համալսարանի ֆիլմային արխիվը տեսողական արվեստների Կարպենտր կենտրոնում «Հայաստանի հիերոգլիֆները» ընդհանուր խորագրի ներքո ցուցադրել է հայտնի ռեժիսոր Դոն Ասկարյանի երեքՙ «Կոմիտաս», «Ավետիք» եւ «Հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմերը, յուրաքանչյուրը երկու անգամ, տարբեր օրերի։

Ասկարյանը, որին հաճախ անվանում են կախարդիչ ոգու տեր ռեալիստ, ծնվել է 1949 թ. Լեռնային Ղարաբաղում։ Արվեստի պատմություն է ուսումնասիրել Մոսկվայում, որտեղ մինչեւ բանտարկվելըՙ 1975-ին, աշխատել է որպես ռեժիսորի օգնական եւ կինոքննադատ։ 1978-ին գաղթել է Արեւմտյան Բեռլին, որտեղ սկսել է ստեղծագործել արդիական, յուրահատուկ ոճով։ 1984-ին հանդիսատեսի դատին է ներկայացրել Չեխովի «Արջը» պատմվածքի հիման վրա նկարահանած ֆիլմը, որին հաջորդել են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագներին նվիրված գեղարվեստական, վավերագրական եւ կենսագրական ֆիլմերը, որոնք միջազգային կինոփառատոներում ցուցադրվել են եւ արժանացել քննադատների բարեհաճ գնահատանքին։ Նրա վերջին գործը նվիրված է վտարանդի արվեստագետի կյանքին եւ պատմում է Ռոտերդամում ապրող Լեւոն անունով մի գրողի մասին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4