ԲԱՔՈՒ, 20 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն մարտին, իսկ ստույգ ամսաթիվը դեռ պետք է համաձայնեցվի», Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը։ «Այցը պետք է կայանա միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դրա արդյունքները նոր խթան կհանդիսանան բանակցային գործընթացի համար», նշել է Գրիբկովը։ Նա շեշտել է նաեւ, որ Մինսկի խումբը շատ առաջարկներ է ներկայացրել կողմերի քննարկմանը, եւ համանախագահների բոլոր գաղափարներն առաջվա պես մնում են սեղանին։ «Իմ կարծիքով ղարաբաղյան հակամարտությունը եզակի կոնֆլիկտ է, որը նախադեպը չունի աշխարհում։ Հետեւաբար դրա կարգավորման համար պահանջվող լուծումներն էլ պետք է աննախադեպ լինեն», ասել է Գրիբկովը։
Ըստ նույն աղբյուրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան ասել է. «Հուսով եմ, որ մեր հաջորդ այցը կկայանա շատ շուտով։ Մենք հին առաջարկներով չենք գալիս։ Մենք ունենք բոլորովին նոր գաղափարներ, որոնք վերաբերում են տարբեր բնագավառներին, եւ որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել կողմերին։ Ցավոք, չեմ կարող հրապարակել նոր գաղափարներին առնչվող մանրամասները, բայց մենք մտածում ենք նաեւ նախկին առաջարկների մասին»։