«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2002-02-19 | #32, 2002-02-20 | #33, 2002-02-21


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնդրյու Թաքերը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման խաղաղարար հնարավոր գործողություններին իր երկրի մասնակցությունը։ Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման հեռանկարներինՙ դեսպանը նշել է, որ ժամանակին հնարավորություն չեղավ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, իսկ իր երկրի ԱԳՆ դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման առումով հետեւյալն է. հակամարտության կողմերն իրենք պետք է գտնեն կարգավորման ուղիները։ Բաքվի «525 գազեթ» օրաթերթը նշում է, որ Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ-ի հիմնական հովանավորներ պետություններից է եւ տրամադրում է կազմակերպության ծախսերի 10 տոկոսը։ Մեր կողմից հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված են ինը պետություններՙ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Թուրքիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Չեխիա, Բելառուս։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխելուն, որի մասին ակնարկում է բրիտանացի դեսպանը, ապա այդ հարցը օրակարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւավորումիցՙ 1992 թ. մարտի 24-ից ի վեր։

«Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունները Հարավային Կովկասում կապված են Եվրոպայի տարածաշրջանում նրա դիրքի եւ Թուրքիայիՙ ՆԱՏՕ-ի կազմում Միացյալ Թագավորության դաշնակցի հարեւանության հետ», ասել է Էնդրյու Թաքերը։ Թե ինչու Լոնդոնը անցած ամառ չարձագանքեց Կասպիցի միջադեպին, երբ իրանցի զինվորականների սպառնալիքի տակ «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունից վարձակալված ադրբեջանական նավը ստիպված հեռացավ «Արազ-Ալով-Շարղ» հանքավայրերի շրջանից, դեսպան Թաքերը պատասխանել է. «Երրորդ երկրների միջամտությունը միայն կբարդացներ ադրբեջանա-իրանական հարաբերությունների կարգավորումը»։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4