«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2002-02-19 | #32, 2002-02-20 | #33, 2002-02-21


«ՄԻՆՉԵՎ ՉՍՏԱՆԱՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿԻ»

Երեկ լրագրողներին փորձեց հանգստացնել Ռոբերտ Քոչարյանը

Թեթեւ արդյունաբերության ապրանքների ցուցահանդեսից հետո (տես էջ 3) նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենքին։ Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս օրինագիծը, նա պատասխանեց.

¬ Երբ քննարկվում էր, ես էի նախագահում կառավարության այդ նիստը։ Իմ առաջին հարցը հետեւյալն էրՙ այս տարբերակն ունի՞ Եվրախորհրդի փորձագիտական եզրակացությունը։ Պատասխանն այն էր, որ եղել է 2 նախագիծ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է փորձագիտական եզրակացություն, եւ այս տարբերակը դրանց միաձուլումն է։ Իհարկե, հասկանալի է, որ կարելի է միացնել երկու տարբերակ, բայց դա կարող է մի քիչ այլ տարբերակ դառնալ, որովհետեւ հավասարակշռող որոշ խնդիրներ կարող են տարբեր կարգի, տարբեր ծավալներով տարբեր նախագծերից ներկայացվել այս նախագծում։ Իմ հանձնարարականը սա էրՙ մինչեւ չստանանք Եվրախորհրդի մասնագետների եզրակացությունը, մենք այս հարցը չենք քննարկի։ Այս մասին ասվեց։ Դուք անհանգստանալու առիթ չունեք։ Սակայն կարծում եմ նաեւ, որ մեր լրատվամիջոցները կցանկանային ընդհանրապես դուրս լինել օրենսդրական կարգավորումից։ Երեւի դա էլ ճիշտ չէ։ Եթե ստանանք դրական եզրակացություն, նշանակում է, որ օրինագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, եթե ոչ, ուրեմն ամեն ինչ անելու ենք համապատասխանեցնելու համար։ Ազատ մամուլ բոլորիս է պետք, բայց պետք է նաեւ պատասխանատու մամուլ։

«Ազգի» հարցը Ռոբերտ Քոչարյանին հետեւյալն էր. «Ի՞նչ կարծիքի եք լրատվամիջոցների բացասական կարծիքի մասին, որն իրոք փաստարկված է»։

¬ Անկեղծ ասած, ես չեմ խորացել այդ նախագծի մեջ մեկ պատճառով։ Կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարդու ազատություններին, ժողովրդավարական գործընթացներին, դատական համակարգին, ինչպես նաեւ խոսքի ազատությանը։ Մենք մտել ենք եվրոպական ընտանիք եւ պետք է ընդունենք նրա կանոնները։ Կրկնում եմ, որեւէ անհանգստություն այս հարցում չպետք է ունենաք։ Սակայն մյուս ծայրահեղության մեջ էլ չպետք է ընկնենք։ Այս դաշտն օրենքով պետք է կարգավորենք։

Այնուհետեւ, մեկ այլ հարցի պատասխանելով, նախագահն անդրադարձավ նաեւ նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ Նա կարծիք հայտնեց, որ խորհրդարանական համակարգի կողմնակիցները պատկերավոր ձեւով ցույց տվեցին, որ այդ համակարգը Հայաստանում չի գործելու։ Դա Ռոբերտ Քոչարյանը նաեւ համարեց «լավ քարոզչություն նախագահական համակարգի համար»։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4