Մինչ Լուիզ Մանուկյան Սիմոնը կշարունակի պաշտոնավարել որպես ատենապետ
«Ազգը» երեկ տեղեկացրել էր, որ փետրվարի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի նիստում կազմակերպության նախագահի պաշտոնից հրաժարական է տվել հայտնի բարերար տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը, որի փոխարեն ժողովն այդ պաշտոնում ընտրել է միության փոխնախագահ եւ քարտուղար պրն Պերճ Սեդրակյանին։ Տեղեկացրել էինք նաեւ, որ ընդառաջելով ժողովի փափագին, տկն Լուիզը հոժարել է աշխատանքը շարունակել որպես Կենտրոնական վարչական ժողովի ատենապետ, իսկ մյուս կողմից, տեղի է ունեցել դիվանի կազմի փոփոխություն։
Երեկ ստացանք ՀԲԸՄիության Նյու Յորքի Կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունը, որը մանրամասնություններ է հաղորդում դիվանի փոփոխությունների մասին։ Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ժողովի փոխատենապետ եւ գանձապահ է ընտրվել բարերար, նախապես փոխնախագահ եւ գանձապահ Նազար Նազարյանը, որը հայտնի արդյունաբերող է, նախագահն է «Ջանաթեքս» տեքստիլ ընկերության։ Պրն Նազարյանը ՀԲԸՄ-ի հայտնի բարերարներիՙ Նազարյան տոհմի արժանավոր անդամներից է, հայտնի է Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, Երեւանի բժշկական համալսարանին, հայրենիքում թե սփյուռքում կատարած մեծագումար բարերարություններով։
Հաղորդագրությունից պարզվում է, որ ՀԲԸ Միությունն այսուհետեւ ունենալու է երկու փոխնախագահներՙ դոկտ. Արշավիր Գյոնջյանը եւ պրն Սարգիս Դեմիրճյանը։
Դոկտ. Գյոնջյանը ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ է արդեն 26 տարի։ Ծնվել է Եգիպտոսում, ապրում է Կանադայում, մասնագիտությամբ էլեկտրական ճարտարագետ է, երկար տարիներ դասախոսել է Մոնրեալի Մակ Գիլ համալսարանում, հայտնի գյուտարար է եւ ներկայումս նախագահն է Precision Electrooptic Technologies միջազգային ընկերության։ 1988 թ.-ից մինչեւ 1995 թ. դոկտ. Գյոնջյանը եղել է Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ։
Ինչ վերաբերում է պրն Ս. Դեմիրճյանին, որը նույնպես բարերարների հայտնի ընտանիքից է, 14 տարի անդամ է եղել ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի։ Ծնվել է Բեյրութում (Լիբանան), գործադիր տնօրենն է «Demco» պողպատի արդյունաբերական ընկերության։
Ժողովի ատենադպիր է ընտրվել Ժոզեֆ Բարսալյանը, որը Կենտրոնական վարչական ժողովի անդամ է եղել վերջին 5 տարիներին։ Պրն Բարսալյանը իրավաբան է եւ գործընկերն է Նյու Ջերսիի «Ուինե, Բանտա, Ռիցցի, Հետերինգտեն եւ Բարսալյան» իրավաբանական ընկերության։
Ինչ վերաբերում է ՀԲԸ Միության նորընտիր նախագահ Պերճ Սեդրակյանին, ծնվել է 1949 թ. Բեյրութում։ Լիբանանի ֆրանսիական համալսարանում ավարտել է ֆրանսերեն լեզվի եւ համեմատական իրավագիտության ֆակուլտետներըՙ մագիստրոսի աստիճանով։ 1976 թ.-ին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ իբրեւ գործընկեր միացել է Նյու Յորքի «Ուիթմեն եւ Ռանսըմ» իրավաբանական գրասենյակին, որը հետագայում համաձուլվեց «Ուինտսոն եւ Սթրոուն» ընկերության։
Դեռեւս 1977 թ.-ին պրն Պ. Սեդրակյանը ընտրվել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, իսկ 1992 թ.-ից ի վեր վարում էր միության փոխնախագահի եւ ատենադպիրի (քարտուղար) պաշտոնները։ Հայտնի է կորովի, աշխույժ գործունեությամբ, բազմիցս տարբեր առաքելություններով եղել է Հայաստանում, սփյուռքի գրեթե բոլոր գաղութներում։ Նրա հանգուցյալ հորեղբայրըՙ մեթր Հրաչյա Սեդրակյանը, երկար տարիներ եղել է ՌԱԿ ղեկավար, Բեյրութում հիմնադրել է ՀԲԸ Միության Հայ երիտասարդաց ընկերակցությունը։ Պ. Սեդրակյանն ամուսնացած է Վերա Նազարյանի հետ, ունեն երկու դուստր։
***
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը երեկ շնորհավորական ուղերձներ հղեց տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին եւ պրն Պերճ Սեդրակյանին։