«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը, անդրադառնալով անցյալ շաբաթ Սպիտակ տանը կազմակերպված տասնմեկ ամերիկահայերի ընդունելությանը, նշում է, որ չնայած բազմաթիվ հարցերում մի կողմից Բուշի վարչակարգի եւ մյուս կողմից Ամերիկայի հայկական համայնքի ու նաեւ Հայաստանի դիրքորոշումները տարբեր են, այնուամենայնիվ, նման երկխոսությունները շարունակվելու դեպքում կարող են հնարավորություն տալ կողմերին ներկայացնելու իրենց տեսակետներն ու մատնանշելու դրանց առաջնահերթությունը։
Հանդիպման դրական արդյունքներից նա առանձնացնում է այն, որ Սպիտակ տուն գնալուց առաջ տասնմեկ ամերիկահայերը հավաքվել են համաձայնեցնելու իրենց դիրքորոշումները։ Նման փորձերը նախկինում սուր բանավեճի առիթ են տվել եւ ձախողվել, իսկ այս անգամ հանդիպումն անցել է հարթ եւ առանց անզուսպ արտահայտությունների։
Սպիտակ տունն առանց նման դիտավորություն ունենալու փաստորեն նպաստել է, ըստ Սասունյանի, միավորելու իրարից տարբեր կազմակերպությունների պատկանող այդ ամերիկահայերին։
«Չափազանց օգտակար կլիներ, եթե ժամանակ առ ժամանակ նման խմբեր իրար մոտ գային եւ միասին քննարկեին իրենց տարաձայնություններըՙ փորձելով հասնել իրենց գործադրած ջանքերի համաձայնեցմանը», գրում է Հարութ Սասունյանը եւ եզրակացնում, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու քողի ներքո առավել ակտիվացած թուրքամետ տարրերի առկայության պայմաններում ամերիկահայերին չափազանց անհրաժեշտ է ձեռք-ձեռքի տալ եւ միավորել ռեսուրսներըՙ պաշտպանելու համար Հայաստանի շահերը եւ հակազդելու հակառակորդի խեղաթյուրումներին։