ԱՆԿԱՐԱ, 26 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական մամուլը շարունակում է ուշադրությամբ հետեւել հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումներին, կապված Հայաստանում Իսրայելի դեսպանի վերջին հայտարարությունների հետ։ Թուրքական թերթերից շատերը լուրջ «ճգնաժամ» էին կանխատեսում Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում այս կապակցությամբ։
Թուրքական «Ռադիկալ» թերթը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության բողոքի նոտան եւ Իսրայել արտգործնախարարի այցի հետաձգումը, գտնում է, որ Հայաստանի դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման հարցում խիստ կարծրացել է, քանի որ Հայաստանի արձագանքն անցած տարի Անկարայում բրիտանական դեսպանատան նմանատիպ հայտարարությունների հանդեպ նույնը չէր։ «Ռադիկալը» գտնում է, որ Իսրայելի պահվածքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հայերի համար մեծ բարոյական նշանակություն ունի։ Թերթը նշում է, որ Իսրայելի հասարակական շրջանները հիմնականում զերծ են մնում «հայերի հետ կապված իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելուց»։ Թերթը հերթականությամբ թվարկում է Հայոց ցեղասպանության իրողությունը մերժելուն ուղղված թուրքական բոլոր «փաստերը», քննադատության ենթարկելով Հայոց ցեղասպանությանը նվիրված Վ. Տատրյանի գիտական աշխատությունները։ «Ռադիկալը» ուշադրություն է դարձնում հատկապես այն հանգամանքին, որ հայերը «չեն կոտորվել առանց դիմադրության, այլ 1860 թ.-ից ի վեր քաղաքական պայքարի ամենատարբեր միջոցներով փորձել են իրականացնել անկախության իրենց ձգտումներն ու դավաճանել Օսմանյան կայսրության շահերին»։
«Ռադիկալը» պատմում է նաեւ Լոնդոնում կայացած մի կոնֆերանսի մասին, որտեղ զեկուցող Մարկ Լեւենին նշել է, թե 1950-2000 թ.թ. տեղի է ունեցել մոտ 50 ցեղասպանություն, դրանց մեջ ընդգրկված են նաեւ միանգամից մեծ թվով քաղաքացիական անձանց սպանության փաստերը։ Նույն մոտեցման դեպքում, ըստ «Ռադիկալի», կարելի է բերել եւս 50 ցեղասպանության օրինակ, որոնք կատարվել են 1900-1950 թ.թ.։ Լեւենին գտնում է, որ մեկ դարի ընթացքում տեղի ունեցած 100 ցեղասպանություններից առաջինը տեղի է ունեցել դեռ բալկանյան պատերազմների օրոք թուրքերի դեմ։
Վերջում «Ռադիկալը» գրում է Հարավսլավիայի նախկին նախագահ Միլոշեւիչի դեմ դատավարության մասին եւ նշում, որ ցեղասպանության մեջ մեղադրանքը վերաբերում է ոչ թե հարավսլավական պետությանը, այլ նրա նախկին ղեկավարներին։ «Իրավունքը վաղուց է ցեղասպանության մեջ պետության պատասխանատվությունը մերժում, այնպես որ Հայ դատն այդ առումով զուրկ է որեւէ հիմքից», եզրահանգում է «Ռադիկալը»։