Երեկ տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որ վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Ա. Հովսեփյանը, Ա. Խաչատրյանը, Գ. Ջհանգիրյանը եւ Ժ. Խառատյանի փոխարենՙ վարչության պետ Ս. Մանուկյանը։
Ըստ դատախազության, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին տարիներին հանրապետությունում հանցագործությունների նվազման միտումը պահպանվել է նաեւ 2001 թ.։ Անցյալ տարի գրանցվել է 4,7 տոկոսով պակաս հանցագործություն, քան 2000 թ.։ Նվազումը հիմնականում տեղի է ունեցել անձնական գույքի գողությունների հաշվին։
Բարելավվել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը։ Բացահայտման դեպքերը նախորդ տարվա 83,8 տոկոսի դիմաց կազմել են 84,6 տոկոս։ Չբացահայտված է մնացել 18 սպանություն։
Զինվորական դատախազությունում քննվել է 1259 քրեական գործ։ Վերսկսվել է նախկինում տարբեր հիմքերով վարույթը կարճված եւ կասեցված 191 քրեական գործի նախաքննությունը։ 2000 թ. համեմատությամբ 391 դեպքով նվազել է զինված ուժերում գրանցված հանցագործությունների քանակը։ Զինվորական հանցագործություններում դիտավորյալ սպանության վերաբերյալ քննված գործերով դատապարտվել են 11 զինծառայողներ։ Ի դեպ, 2 անգամ աճել են զինված ուժերում ինքնասպանության դեպքերը, իսկ զինծառայողների առողջական խնդիրների առումով անպատշաճ է իրականացվում հոսպիտալացումը։
2001 թ. դատախազության մարմիններում ստացվել են 7696 դիմում եւ բողոք, որոնցից 5362-ըՙ ՀՀ գլխավոր դատախազությունում։ Դատախազության աշխատակիցների կողմից լուծվել է 3815 դիմում եւ բողոք։ Բավարարվել է ընդամենը 569-ը։
Ըստ գլխավոր դատախազի դիտողության, ցածր է ընդհանուր առմամբ դեպքերի քննության որակը։ Այն հարցին, թե ինչ է անում զինդատախազությունն այդ ուղղությամբ, պրն Ջհանգիրյանը պատասխանեց, որ քննիչներն անցնում են վերապատրաստման դասընթացներ, անցկացվում են թեմատիկ քննարկումներ, «կենդանի» օրինակի վրա ցույց է տրվում, թե ինչպես պետք է իրականացնել կոնկրետ քննչական գործողություններ։
Պրն Թամազյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե պետությանը պատճառված վնասի վերականգնման ցածր ցուցանիշների արձանագրումն արդյոք ունի՞ օբյեկտիվ պատճառներ։ Այս հարցին պրն Հովսեփյանը պատասխանեց, որ այս ցուցանիշի վրա էականորեն ազդել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման 2 մլրդ դրամից ավելի հափշտակության գործը. հանցագործներից մեկը դատապարտվել է, սակայն գույք չունենալու պատճառով վնասի վերականգնում չի եղել։ Մյուս հանցագործն էլ հետախուզման մեջ է։
Գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության հսկողություն իրականացնող վարչության պետ Ս. Մանուկյանին ուղղված գլխավոր դատախազի հարցը վերաբերում էր հանցագործություն կատարող անչափահաս անձանց թվի մեծացմանըՙ խմբակային հանցագործությունների շատացման պատճառով։ Պատասխանն այն էր, որ այս բնագավառում դեռ չեն հասել ցանկալի արդյունքի։ Ողջ այս դրականի ու բացասականի հետ մեկտեղ ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ դրականն այնքան էլ քիչ չէ. անչափահասի կատարած սպանության միակ մեկ դեպք է գրանցվել այս տարի, ինչպես նաեւ փոքրացել է կրկնահանցագործությունների թիվը։
Ի դեպ, վերջերս անընդհատ հիշատակվող հակակոռուպցիոն պայքարին առնչվող միակ տեղեկատվությունն այն էր, որ հայտնաբերվել է կաշառակերության 37 դեպքՙ 2000 թ. 36-ի փոխարեն։ Մեծ բան։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ