«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2002-02-23 | #36, 2002-02-26 | #37, 2002-02-27


ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՅՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸՙ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐ

Լոռու մարզում չեն դադարում ավելանալ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության համակիրները, եւ պատահական չէ, որ նրանց թիվն ավելանում է գրեթե ամենուր, միայն վերջին կես տարվա ընթացքում 13 ակումբ է բացվել։ Իսկ Վանաձոր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված է ՀՌԱԿ գրասենյակը, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերինՙ Ֆիլադելֆիայում բնակվող ռամկավարներ Անահիտ եւ Բաբկեն Մկրյանների աջացության շնորհիվ եւ մեծ թվով սփյուռքահայ ռամկավարների մասնակցությամբ։ Գրասենյակն այսօր հավաքատեղի է լոռեցի ռամկավարների համարՙ քննարկելու իրենց մտահոգող տեղական եւ հանրապետական նշանակության խնդիրները, եւ բաց է բոլոր համակիրների առաջ։ Լոռու մարզում ռամկավարները լուրջ գործունեություն են ծավալել եւ վստահաբար անելիքներ ունեն նաեւ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Երկուշաբթի օրը կուսակցության ակումբների թիվն այս մարզում 13-ից 16-ի հասավ։ Երկու ակումբ ստեղծվեց Վանաձոր քաղաքում, մեկըՙ Ջրաշեն գյուղում։ Սկզբնական կառույցները հիմնելու, ինչպես նաեւ արդեն կուսակցական դարձածներին անդամատոմսերը հանձնելու էին մեկնել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, գործիչ Կարեն Կակոյանը։

«ՀՌԱԿ գաղափարախոսությունն ու սկզբունքներն ինձ հարազատ են, դա է իմ ռամկավար դառնալու պատճառը, նշում էր նորագիր Սուրեն Սահակյանը, սակայն մի հանգամանք էլ կա. կուսակցության ողջ պատմության ընթացքում եւ հիմա էլ ռամկավարներն իրենց գործելակերպով հավատարիմ են կուսակցության գաղափարախոսությանը»։ Եվ իրոք, կուսակցության եւ մեր ժողովրդի պատմությունը միահյուսված է, ռամկավարները միշտ էլ ապացուցել են նվիրվածությունը հայրենիքին եւ ժողովրդին։

Հարություն Առաքելյանի խոսքերովՙ կուսակցության անբիծ պատմությունը ՀՌԱԿ ներկայիս ղեկավարության համար պարտավորեցնող է, ինչը եւս պայմանավորում է նորաստեղծ քաղաքական կուսակցությունների վարած քաղաքականությունից տարբերվող գործելակերպը։ Կռվով, դավով իշխանություն ձեռք բերելը ՀՌԱԿ-ին հարիր չէ։

Մյուս ակումբը, որ ստեղծվեց, Վանաձոր քաղաքի մտավորականներից էր բաղկացած։ Նրա անդամներ դարձան թիվ 29 դպրոցի 26 ուսուցիչներ եւ տնօրենը։ Դպրոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի խոսքերով, վերջին տասնամյակում իրենք շատ անարդարություններ եւ զրկանքներ են տեսել։ 800 տեղանոց դպրոցում 400 աշակերտ է սովորում։ Միայն վերջին երեք տարվա ընթացքում դպրոցի 150 աշակերտ է թողել հանրապետությունը։ Սա փաստ է, որ առավել վառ բնութագրում է երկրի ներկայիս իրավիճակը։ Գրիգոր Գրիգորյանն ասում էր, որ իրենց ակումբը նպատակ ունի տեղական նշանակության խնդիրներ արծարծել եւ դրանց հնչեղությունն ապահովել կուսակցության միջոցով։

Մեկ հանգամանք էլ. այս ակումբը հիմնականում կանանցից է կազմված։ «Տղամարդիկ երկրից բացակայում են», ցավով նշեց ուսուցիչներից մեկըՙ ավելացնելով, որ հսկայական արտագաղթը տնտեսության վերականգնմամբ, աշխատատեղեր ստեղծելով է պետք կանխել, ինչի ճանապարհն էլ նույն տնտեսության ազատականացումն է։

Ընտրվեց նաեւ այս ակումբի վարչությունըՙ Գրիգոր Գրիգորյան (ատենապետ), Վերժինե Կարագաշյան (փոխատենապետ), Ալինա Մարտիրոսյան (ատենադպիր), Լարիսա Բարսեղյան (գանձապահ), Նելլի Պետրոսյան (խորհրդական)։

Նույն օրը ձեւավորվեց նաեւ Ջրաշեն գյուղի ՀՌԱԿ ակումբը։ Ատենապետ դարձավ Վարդան Ասատրյանը։

«Ջրաշեն» ակումբը երիտասարդներից է կազմված, ովքեր իրենց ապագան Ջրաշենում են պատկերացնում, ուստի հայրենի գյուղը շենացնելու նպատակ ունեն, եւ քաղաքական ակտիվությունն ու ազնիվ նպատակներ ունեցող, հայրենասեր կուսակցությանը սատարելն այդ գաղափարի անբաժանելի մասն են համարում։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4