Հայկական, թուրքական, քրդական, ասորական ու հունական (Պոնտոս) սփյուռքի առաջադեմ ներկայացուցիչներ, դեմոկրատական շարժումների ղեկավարներ, գերմանացի հայասեր գործիչներ ու Երեւանի Ցեղասպանության թանգարանի տնօրենը մասնակցեցին 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությանն ու բռնագաղթին նվիրված խորհրդաժողով-ցուցահանդեսին։ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, Սուրբ Կատարինե ավետարանական եկեղեցում, փետրվարի 8-10-ը ելույթներին զուգընթաց տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, գլխավորաբար ավստրիացի մարդասեր սպա Արմին Վեգների պահածՙ կոտորածների ու տեղահանման պատկերներով։
Դժբախտաբար Գերմանիան մինչեւ այսօր չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակառակ որ իր հողում ապրող հազարավոր թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ պահանջում են այդ պատմական քայլի նախաձեռնությունը։ 2000 թ.-ի ամռանը Փարիզի հայկական համայնքի հետազոտությունների պատվիրակությունը Բունդեսթագում հանդիպեց ղեկավարության հետ, որն ի վերջո համաձայնեց այն կազմակերպել Հումբոլտի համալսարանում։ Նախաձեռնությունը ստանձնեցին Թեսա Հոֆմանը, Ժիրայր Քոչարյանն ու Րաֆֆի Քանդյանը, իսկ Ֆրանկֆուրտի խորհրդաժողովը կազմակերպել էին թուրքական «Ցեղասպանության ընդդիմադիրների միությունը» (SDK) եւ «Քուրդիստանի ուսանողների միությունը» (YXK)։
Նշանակալից ելույթներ ունեցան Դոնե Գյունդուզը (SDK), դոկտ. Հանս Քրիսթոֆ Շտուդը, դոկտ. Թեսա Հոֆմանը (Բեռլինի Հայաստանի տեղեկատվության եւ փաստագրական կենտրոն)։ Դոկտ. Լավրենտի Բարսեղյանը կոչ արեց Թուրքիայինՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պաշտոնապես ներողություն խնդրել պատահած ահավոր դեպքերի համար, որը նոր էջ կարող է բացել հայ-թուրքական հարաբերություններում։ Նույնանման կոչերով հանդես եկան նաեւ քուրդ Յրջան Այբոկան (YXK), Հեսենի հայկական մշակութային միության տնօրեն Մասիս Նահապետյանը եւ մարդասեր թուրք գործիչ Ալի Էրթեմը։ Վերջինս իր նորածին դստերը կոչել էր Անիՙ հույս հայտնելով, որ ցեղասպանության ճանաչումից եւ հատուցումից հետո հայերը նույնպես իրենց նորածիններին կկոչեն թուրքական անուններով...
Փետրվարի 10-ի հետմիջօրեին, հակառակ թուրքական ֆաշիստական կազմակերպությունների խառնակչությանը, խորհրդաժողովը շարունակվեց։ Դարձյալ ելույթ ունեցավ դոկտ. Լ. Բարսեղյանը, ապաՙ գերմանահայ (ծագումով իրանահայ) գործիչ Ժ. Քոչարյանը։ Խիզախ ելույթներ ունեցան նախկին քաղբանտարկյալներ, քուրդ գրող Մ. Սահինը եւ թուրք լրագրողուհի Ելդան։ Ելույթների շարքը ավարտեցին դոկտ. Թ. Հոֆմանը եւ պրոֆեսոր Ուվե Հիկշը։
Այսպիսով մի կարեւոր քայլ եւս արվեց Ցեղասպանության ճանաչման փշածածկ ճանապարհին։ Պայքարը դեռ շարունակվում է...
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ- Երեւան