«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հայտնի նախագծի վերաբերյալ մայրաքաղաքի լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների փետրվարի 21-ի մերժողական հայտարարությանը Գյումրիում միացել են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, քաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու լրագրողները։ Փետրվարի 25-ին խնդրին անդրադարձավ 14 կուսակցությունների Շիրակի մարզային եւ Գյումրու տարածքային կազմակերպությունների համագործակցության մարմինըՙ «Շիրակի մարզային կուսակցական համաձայնությունը»։ Քննարկումից հետո ընդունված հայտարարության մեջ փաստվում է. «Օրինագիծը ոչ միայն լեցուն է բազմաթիվ սկզբունքային հակասություններով եւ թերություններով, այլեւ հետապնդում է Հայաստանը ժողովրդավար ուղուց շեղելու... նպատակ»։ «Համաձայնությունն» իր համերաշխությունն է հայտնում հիշյալ փաստաթուղթը մերժելուն միտված ձեռնարկումներին։
«ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ միայն Ազգային ժողովի քննարկմանը չներկայացնել այդ խայտառակ նախագիծը, այլեւ պահանջում ենք զերծ մնալ ժողովրդավարության եւ խոսքի ազատության ուղղակի կամ անուղղակի սահմանափակման պայթյունավտանգ ցանկացած գործողությունից», ասվում է «Համաձայնության» հայտարարության մեջ։
Գ. Մ.