«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2002-02-23 | #36, 2002-02-26 | #37, 2002-02-27


ՀԱՃԵԼԻ ՆՈՐՈՒՅԹ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Հիրավի ասպետական նվեր է մատուցում մեր կանանց Երեւանի «Շուշան» տեքստիլ կոմբինատը։ Մարտի 8-ի նախօրեին ձեռնարկությունը պատրաստվում է վաճառքի հանել բարձրորակ զուգագուլպաների լայն տեսականի, ընդ որումՙ համարյա ինքնարժեքով, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաճույք պատճառելու եւ իր արտադրանքին ուշադրություն հրավիրելու նպատակով։

Եվ այսպես, տեղական արտադրության կանացի բարձրորակ զուգագուլպաներն արդեն իրականություն են։ Վերջերս «Շուշանը» պայմանագիր է կնքել գուլպեղենի հումքի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկիՙ ամերիկյան «DUPONT» հանրահայտ ընկերության հետ։ Պայմանագրով կոմբինատին իրավունք է ընձեռվում իր արտադրանքի դրոշմավորման համար օգտագործել Lycra ֆիրմային ապրանքանշանը (ի դեպ, նման իրավունք չունի ԱՊՀ երկրների ոչ մի այլ ձեռնարկություն)։ Դա հնարավոր դարձավ, երբ «Շուշանում» թողարկվող զուգագուլպաներն անցյալ տարվա վերջին հաջողությամբ փորձաքննություն անցան Հոլանդիայումՙ «DUPONT»-ի լաբորատորիաներից մեկում։ Ինչպես տեղեկացանք «DUPONT»-ի Մոսկվայի գրասենյակի պատվիրատուների հետ աշխատանքի բաժնից, փորձաքննությունը ցույց է տվել, որ «Lily» զուգագուլպաները (այդ բառն անգլերեն եւս նշանակում է «շուշան») լիովին համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին։

Զուգագուլպաների արտադրությունը «Շուշանում» սկսվել է 2001 թ. սեպտեմբերից։ Մինչ այդ գործարանը, որ սեփականաշնորհվել է 1996 թ., թողարկում էր սրբիչներ, սավաններ ու տարբեր մանվածքներ։ Սակայն այդ արտադրանքի իրացումը ներքին շուկայում շատ դժվար էր, որովհետեւ շուկան արդեն լցված էր ավելի էժան (որակի հաշվին) նմանատիպ ապրանքներով։

«Մենք զուգագուլպաների արտադրությունը սկսեցինք մի քանի պատճառներով», նշում է «Շուշան» ԲԲԸ գործադիր տնօրեն Էդուարդ Հարությունյանը։ «Դրանցից առաջինն այն էր, որ տարածաշրջանում եւ ամբողջ ԱՊՀ տարածքում նման կարգի զուգագուլպաներ ընդհանրապես չեն արտադրվում։ Երկրորդՙ դրանք համարվում են առաջին անհրաժեշտության ապրանք։ Երրորդՙ փոքրածավալ են, շատ տեղ չեն զբաղեցնում, եւ այս առումով եւս արտահանումը հեշտանում է»։ Անհրաժեշտ հումքըՙ պոլիամիդն ու լայկրան, ձեռք է բերվում «DUPONT»-ի եվրոպական մասնաճյուղերից։ Արտադրությունը կազմակերպվում է իտալական Matec ընկերության սարքավորումներով։ Մեկ այլՙ իտալական Cortese ընկերությունից ձեռք է բերվել ստատիկ էլեկտրականությունը պատրաստի արտադրանքից չեզոքացնող սարք։ Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ այդ էլեկտրականության տհաճ հետեւանքներիցՙ զուգագուլպաները հանելիս ու հագնելիս։

Ներկայումս կոմբինատում աշխատում է արդեն մի քանի տասնյակ մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը հասել է 58 հազար դրամի։ Թողարկվում են 7 տեսակի զուգագուլպաներ։ Մասնավորապես gallant (ձգող էֆեկտով), comfort (ատլասյա կցվածքով), brazil effect (կազմվածքը գեղեցկացնող) տեսակները։ Ըստ պրն Հարությունյանի, որակով եւ դիզայնով չզիջելով արտասահմանյան զուգագուլպաներին, հայկականները շատ ավելի էժան են։ Օրինակՙ classic-ի մեծածախ գինն այսօր ընդամենը 850 դրամ է, իսկ bikini-ինը (ժանյակավոր կցվածքներով)ՙ 1250 դրամ։ Արտասահմանյան ապրանքատեսակներն առնվազն կրկնակի թանկ են։ Իսկական brazil effect-ը խանութներում վաճառվում է 35¬40 ԱՄՆ դոլարով, իսկ կոմբինատը վաճառում է 6 դոլարով։

Հունվարից «Շուշանը» նախաձեռնել է ձմեռային տաքՙ Winter տիպի զուգագուլպաների արտադրությունը։ Հատկանշական է, որ դրանց բաղադրության մեջ օգտագործվում է Եվրոպայում նորույթ համարվող airtex թելը։ Դրա հետ մեկտեղ լայկրայի առկայությունն ապրանքը դարձնում է ամուր, զերծ է պահում մեխանիկական վնասվածքներից եւ միաժամանակ պահպանում նրա նախնական տեսքը։ Վերջերս սկսվել է մեծ չափսերի (XXXL) զուգագուլպաների անհատական պատվերների ընդունումը։

Իսկ գարնանը նախատեսվում է սկսել ամառային զուգագուլպաների արտադրությունը, որոնց խտությունը չի գերազանցի 6 Den։ Նման զուգագուլպաներ Եվրոպայում հայտնվել են ընդամենն անցյալ տարվանից։ Կոմբինատն արտադրում է նաեւ տարբեր գույների մանկական զուգագուլպաներ։ Այսպիսովՙ տեսականին ընդլայնման միտում ունի։

Արտադրանքն իրացվում է «Lily» ֆիրմային խանութում, որը բացվել է մի քանի շաբաթ առաջ Թումանյան 10 հասցեում։ Մեծածախ եւ մանրածախ վաճառք է իրականացվում նաեւ անմիջապես կոմբինատում։

Հարկ է նշել, որ «DUPONT»-ի հետ արդյունավետ համագործակցությունը հնարավոր դարձավ աշխատանքի նկատմամբ լուրջ մոտեցման, իրատեսական ծրագրերի ու ինժեներատեխնիկական անձնակազմի բարձր պատրաստվածության շնորհիվ, ինչին ձեռնարկություն այցելելիս ականատես են եղել նաեւ ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։

Բացի Հայաստանի շուկայից, քայլեր են ձեռնարկվում արտադրանքի արտահանման ուղղությամբ։ Մասնավորապես հեռանկարներ են բացվում «Շուշանի» զուգագուլպաները Իսրայելում վաճառելու համար։ Այդ երկրի լաբորատորիաներում դրանք արդեն ստուգվել են, եւ շուտով Իսրայել արտահանելու պայմանագիր կկնքվի։ Հայկական զուգագուլպաներով հետաքրքրվում են նաեւ Մոսկվայի, Սարատովի, Դոնի Ռոստովի, Աստրախանի գործարարները։

Ձեռնարկության բնականոն գործունեության շնորհիվ սկսել են պատվերներ ստանալ եւս 16 հայրենական կազմակերպություններ։ Օրինակՙ գովազդային հոլովակները պատրաստել է «Shark» գովազդային գործակալությունը, տուփերն արտադրում է «Գրանդ տոբակոյի» գոֆրոտարայի արտադրամասը, իսկ տուփերը ձեւավորում ու փակում է «Յունիպրինտ» ընկերությունը։

Այսպիսով, տեղական արտադրությունը զարգացման եւս մեկ նոր, չափազանց հեռանկարային ուղղություն է ձեռք բերում։ Իսկ զուգագուլպա ներմուծողների համար, հանձին «Շուշանի», լուրջ մրցակից է հայտնվել։ Ձեռնարկությունն արդեն իրականում գործող հայրենական արտադրողների շարքում էՙ իր թողարկած բարձրորակ արտադրանքով եւ մոտ ապագայում ի վիճակի է ներքին շուկայում էապես փոխարինել ներմուծվող համանման ապրանքատեսակներին։ Ինչպես դա, օրինակ, տեղի ունեցավ մսամթերքի, կաթնամթերքի, պաղպաղակի եւ մի շարք այլ ոլորտներում։ Ուստի «Շուշանի» գործունեության արդյունավետ վերսկսումը, անշուշտ, արժանի է պետական կառույցների եւ մեր հասարակության աջակցմանը։

ՄԻՔԱՅԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4