Ֆրանսիացի ռեժիսոր, կինովավերագրող Մաիտե Ժարդենն անցյալ տարի առաջին անգամ եկել է Հայաստանՙ ֆիլմ նկարահանելու այստեղ պեղումներ կատարող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի մասին («Հիշողության անցքեր»)։ Եկել է, պատմաբան-հնագետների օգնությամբ իր համար հայտնաբերել Հայաստանն ու զգացվել մեր երկրի բանաստեղծների եւ հայ հոգու գեղեցկությունից։ Այդպես է ծնվել Հայաստանի մասին առանձին ֆիլմ նկարելու գաղափարը, որի իրականացմանը հենց անցյալ տարի էլ ձեռնամուխ է եղել։ «Մայր Հայաստան» կոչվող լիամետրաժ վավերագրական ժապավենի Շիրակում եւ Երեւանում կատարված նկարահանումներն այժմ ավարտին են մոտենում։ Այս առիթով վերջին շաբաթներին Հայաստանում գտնվող ստեղծագործական խումբն օրերս հանդիպեց Գյումրու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
«Ֆրանսիայում իմ հայրենակիցների մեծ մասը չեն ճանաչում, չգիտեն Հայաստանը, հայերին, չնայած մեզ մոտ հայ համայնքի առկայությանը, հանդիպման ժամանակ ասաց Մաիտե Ժարդենը։ Մեզ մոտ լրատվամիջոցներն էլ սովորաբար ներկայացնում են օրվա իրադարձությունները, ապա դրանց մասին մոռանում։ Այսպեսՙ Հայաստանի 88-ի երկրաշարժի մասին մոտ մեկ շաբաթ խոսեցին, գրեցին եւ հետո դրան այլեւս չանդրադարձան։ Ես ուզեցի ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում երկրաշարժից այսքան տարի հետո, այս ընդամենը 10 տարվա անկախության ընթացքում այստեղ ինչի են կարողացել հասնել եւ ինչի դեռ չեն կարողացել։ Սակայն ամենակարեւորը, ինչն իմ մեջ հատկապես տպավորվեց եւ ինչը ցանկացա ներկայացնել, ձեզ մոտ պահպանված մարդկային այնպիսի արժեքներն են, որոնք մեզ մոտՙ Արեւմուտքում արդեն բացակայում են կամ գրեթե բացակայում են։ Դա ընտանեկան արժեքներն են եւ կապվածությունը մայր հողին, ընկերության, բարեկամության, հյուրընկալության ջերմությունը մարդկանց միջեւ»։ Տկն Ժարդենն այս արժեքներն ավելի շատ տեսել է մարզերում։ Ըստ նրա, Երեւանը, որպես մեծ քաղաք, ավելի արագ է գնում դեպի Արեւմուտք։ Ֆիլմի հեղինակը չի հավակնում մի ժապավենում պատմելու ամեն ինչ Հայաստանի մասին, այլ մեր երկիրը ներկայացնելու է ֆրանսիացիներին ուղեգրության ձեւով, որպես զբոսաշրջիկ, իր ստացած տպավորությունների եւ իրեն հանդիպած մարդկանց միջոցով։
Ինչպես տեղեկացրեց կինոնկարի պրոդյուսեր Ժան-Լյուկ Գրեսիեն, իրենք հույս ունեն ժապավենը լրիվ պատրաստ լինելուց հետո (այս տարվա վերջին մոտ) ցուցադրել ֆրանսիական ազգային հեռուստաալիքներով, որը կհետաքրքրի ֆրանսիացիներին եւ ընդհանրապես եվրոպացիներին։ Իսկ եկող տարվա սկզբին այն ուզում են բերել Հայաստան։ «Համագործակցելով Մաիտեի հետ, ես համոզված եմ, որ սա հարուստ ֆիլմ կլինի։ Հարուստՙ ոչ թե ֆինանսական տեսակետից, այլՙ զգացմունքներով, խոհերով, իմաստավորումներով», ավելացրեց պրն Գրեսիեն։
Ինչ վերաբերում է ֆիլմի «Մայր Հայաստան» վերնագրին, այս մասին մեր հարցին ֆրանսիացի ռեժիսորը պատասխանեց. «Ես տեսա, որ հայերը միահամուռ ազգ են, սիրում են իրենց երկիրը։ Հայաստանը մոր նման ձգում ու միավորում է նրանց։ «Մայր Հայաստանը» խորհրդանշում է հայերի այդ միասնությունը»։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ