ՀՀ նախագահի հանդիպումները Վիեննայում
Ավստրիա աշխատանքային-պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 27-ին առանձնազրույց է ունեցել Ավստրիայի դաշնային նախագահ Թովմաս Քլեսթիլի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության ակտիվացման հեռանկարին։ Երկու երկրների նախագահները խոսել են նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ։
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի եւ Ավստրիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։
Այցի ընթացքում ստորագրվել է երկու միջկառավարական համաձայնագիր. Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ եւ երկու երկրների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին։
Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի դաշնային վարչապետ Վոլֆգանգ Շյուսսելի, Ազգային խորհրդի նախագահ Հայնց Ֆիշերի, Տնտեսական պալատի նախագահ Ք. Լայթլիի հետ։
Ավստրիայի տնտեսական պալատում տեղի է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը այդ երկրի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի գործարար հնարավորությունները։
Վիեննայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է նաեւ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, Շիլլերպլաց հրապարակում ծաղկեպսակ է դրել Ֆրանց Վերֆելի հուշարձանին։