Հայտարարում է Բաքվի ամերիկյան դեսպանատունը
ԲԱՔՈՒ, 27 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից ԼՂՀ-ում այս տարի սպասվող նախագահական ընտրությունների առնչությամբ արված հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը, ինչպես նախկինում նշվել է, սատարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Ընդունելով, որ չճշտված կարգավիճակ ունեցող կազմավորման կարգավիճակի հստակեցումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեության արդյունքումՙ ԱՄՆ-ը միաժամանակ հայտարարում է, որ նախագահական ընտրությունները Ղարաբաղում չեն ազդի ԼՂ կարգավորման բանակցությունների վրա։ Մյուս միջնորդների նման, մենք նույնպես ձգտում ենք գտնել խաղաղ կարգավորման ուղին, եւ բանակցությունները կողմերի հետ շարունակվում են», հայտարարել է ԱՄՆ դեսպանատան աշխատակից Ջեյմս Սթյուարթը ANS գործակալությանը տված հարցազրույցում։