Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեռեւս հայտնի չեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության հնարավոր ժամկետները։ Ներկայումս ԱՀԿ անդամ ավելի քան 140 երկրների հետ տարվում են բանակցություններ առկա մի շարք վիճահարույց հարցերի լուծման շուրջ։ Ինչպես հայտնեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը, մասնավորապես քննարկվում են գյուղատնտեսության ոլորտում ԱՀԿ անդամ-երկրների, հիմնականում ԱՄՆ-ի, հետ առկա տարաձայնությունները։ Նշենք, որ Հայաստանում թողարկված գյուղատնտեսական արտադրանքի առաջնային իրացումը ազատված է հարկերից, այնինչ ներմուծվող գյուղարտադրանքը հարկվում է։ ԱՄՆ ներկայացուցիչների պնդմամբ, օտարերկրյա ծագում ունեցող գյուղարտադրանքի հարկումը, ինչով անհավասար պայմաններ են ստեղծվում տեղական եւ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների համար, այդ կազմակերպության հիմնարար սկզբունքների խախտում է։
Տ. Դավթյանի խոսքերով, ներկայումս ՀՀ իշխանությունների կողմից այս հարցի լուծման ամենաընդունելի տարբերակը խոշոր ֆերմերային տնտեսություններից որոշ հարկեր գանձելը եւ այդ գումարները սուբսիդիաների տեսքով նրանց վերադարձնելն է, ինչը ԱՀԿ համապատասխան համաձայնագրով թույլատրվում է։