Եվրախորհրդարանը փետրվարի 27-ին պետք է քննարկեր որոշման մի նախագիծ, որը պահանջելու էր Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցի շուրջ «փոխզիջումների հիմքեր ստեղծել», հաղորդում է թուրքական կիսապաշտոնական «Անատոլու» լրատու գործակալությունը։ Եվրամիության օրենսդիր մարմինըՙ Եվրախորհրդարանը, նույնպես քննարկելու է անդամակցության թեկնածու Թուրքիայի հարցը, լսվելու են Եվրամիության նախագահության եւ հանձնաժողովների զեկուցումներն այդ երկրի ներքին քաղաքականության վերաբերյալ։ Սպասվում է նաեւ շվեդ խորհրդարանական Պեր Գարտոնի «Կովկասյան զեկույցի» քննարկումը։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի պատրաստված զեկույցը հունվարի 23-ին ընդունեց Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ Նրանում Թուրքիային կոչ էր արվում համապատասխան քայլեր ձեռնարկել նախքան Եվրամիությանն անդամակցելը։ Այդ քայլերի թվում են Հայաստանի շրջափակման վերացումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Շվեդ կանաչների խմբակցության անդամ Գարտոնի այս զեկույցը լրատու գործակալությունը նմանեցրել է 1987 թ.-ին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը, որով հայերի սպանությունները որակվում էին «Ցեղասպանություն»։ Եթե այժմ գլխավոր ասամբլեան հավանություն տա ներկայացված նախագծին, ապա «փոխզիջումների հիմքեր ստեղծելու» պահանջը խիստ բարկացնելու է Անկարային եւ նոր հարված հասցնելու Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, որոնք վերջին շրջանում արդեն սրվել են Անկարայում Եվրամիության բարձրաստիճան մի դիվանագետի էլեկտրոնային փոստի տվյալներիՙ թուրք հակերների կողմից աղավաղման հետեւանքով։